Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ իրադարձություն հայաստանյան երաժշտական կյանքում. MEDICI.TV-ով ուղիղ եթերում կհեռարձակվի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը

Դեկտեմբեր 05,2017 14:48

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը դեկտեմբերի 11-ին ուղիղ եթերում առցանց կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Սա բացառիկ իրադարձություն է ինչպես հայաստանյան երաժշտական կյանքում, այնպես էլ Խաչատրյանի միջազգային փառատոնի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։

MEDICI.TV-ն 2008 թվականից ի վեր երաժշտասերներին հնարավորություն է ընձեռում ունկնդիր լինել դասական արվեստի լավագույն կատարումներին։

Այս հարթակում հեռարձակվում են աշխարհի լավագույն կոլեկտիվների՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Royal Concertgebouw և այլ նվագախմբերի, ամենահեղինակավոր համերգասրահների, փառատոների ու մրցույթների համերգները։

MEDICI.TV-ն ունի դասական երաժշտության աշխարհում ամենամեծ գրադարանը։ Այստեղ պահվում է մոտ 18000 ծրագիր (3000 բնօրինակ աշխատանքներ), այդ թվում՝ համերգներ, բալետներ, օպերաներ և այլն։

Դեկտեմբերի 11-ին աշխարհի ամենախստապահանջ ունկնդիրը հնարավորություն կունենա շփվելու հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի հետ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»:

MEDICI.TV-ով համերգի ուղիղ հեռարձակումը մեծ նախապատրաստական աշխատանքներ է ենթադրում։ Հեռուստաընկերությունն ունի հստակ չափանիշներ, և խաչատրյանական փառատոնի կազմակերպչական խումբը կարողացել է բավարարել բոլոր այդ պահանջները։ Ընդ որում, տարածաշրջանում առաջինը հենց Հայաստանն ու Խաչատրյանի փառատոնն են, որ ներկայանալու են նման մեծ լսարանի առջև։ MEDICI.TV-ին մշտական հետևողները 500000-ից ավելին են:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031