Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հանքի շահագործման հետեւանքները վերացնելու համար ավելի շատ գումար է հարկավոր, քան կորզվելիք հանածոն». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 19:33

«Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիան» այս տարիների ընթացքում 10 հազար էջանոց ծրագիր է գրել, որտեղ ներառել է իր հետազոտությունները, բայց այս 10 հազար էջն արվել է, որպեսզի գլխավորն ու կարեւորը կորի»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ այլընտրանքային փորձաքննության արդյունքների ներկայացման ժամանակ: Այս միջոցառմանը մասնակցում էին մի շարք մասնագետներ, որոնք իրենց կարծիքներն ու ուսումնասիրության արդյունքները ներկայացրեցին:

Գալստյանի ներկայացմամբ՝ գիտնականների հետազոտությունների հիման վրա եզրակացություն է տրվել, որ մետաղական հանք շահագործող միջազգային ընկերությունները, թեև նախապես նշել են, որ ջրի աղտոտման խնդիր չեն առաջացնի, սակայն, շահագործումից հետո ստորգետնյա եւ մակերեւութային ջրերը աղտոտվել են, ընդ որում մեծ ծավալի: Իսկ թե ի՞նչ կապ ունեն միջազգային ընկերությունները Ամուլսարի ծրագրի հետ, քննարկման կազմակերպիչների հիմնավորմամբ՝ նույն իրավիճակն է լինելու նաեւ Ամուլսարի դեպքում:

Ըստ հետազոտության, ինչպես ներկայացրեց բնապահպան Լեւոն Գալստյանը, հետազոտված հանքերի 64%-ում հնարավոր չի եղել կանխարգելել հարակից ջրային համակարգերի աղտոտումը՝ չնայած նրան, որ իրականացվել են մեղմացման տարբեր միջոցառումներ՝ պասիվ մաքրում, ապարների պատիճավորում եւ այլն.«Նմանատիպ եղանակներ է ցանկանում կիրառել Լիդիանը՝ Ամուլսարի դեպքում, եւ չգիտես՝ ինչու, համոզված է, որ իրեն դա հաջողվելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Գալստյանը ներկայացրեց փորձագետների հիմնական շեշտադրումներն ու առաջ քաշած խնդիրներն՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ. «Թթվային եւ հանքաբեր ապարների գոյացման եւ արտազատման զգալի ռիսկ կա, որը դեռ երկար կշարունակվի հանքարդյունաբերության դադարեցումից հետո: Չնայած առաջարկվող հանքի փակումից հետո ԹԱՀԴ-ի գոյացման կանխարգելման համար Լիդիանի առաջարկած միջոցներին՝ այս ռիսկն առկա է: Ամուլսարի նախագծի ընթացքում հանքահանվող նյութերի զանգվածը հուշում է, որ ավելի քան 2000 նմուշ պետք է ուսումնասիրվեն թթվահիմնային հաշվառման տեսանկյունից, մինչդեռ ուսումնասիրվել են մոտ 200 նմուշներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այլընտրանքային փորձաքննության արդյունքներով, ըստ Գալստյանի, ՀՀ կառավարության տված եզրակացությունը միայն բավարար է, որպեսզի հանքի շահագործման թույլտվությունը չեղարկվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Գալստյանը նաեւ ներկայացրեց ծանր մետաղներից ջրերի մաքրման փորձագետ Անդրե Սոբոլովսկու կարծիքը Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի մասին: Ըստ այդմ՝ «Ճիշտ լուծումն ընդհանրապես թթվային դրենաժներից խուսափելն է, եւ պետք է խուսափել հանքի նախագծման փուլում, այլ ոչ թե՝ բացել, հետո փորձել լուծել: Այլապես հարյուրամյակներ շարունակ ստիպված եք լինելու ահռելի գումարներ ծախսել հետեւանքները վերացնելու համար: Եվ դրանք մի քանի անգամ կգերազանցեն ձեր կողմից կորզվելիք հանածոների գինը: Ամուլսարի դեպքում խոսքը մի 300 տարվա թթվային դրենաժի մասին է: Իմ հաշվարկներով՝ տարեկան 1-2 միլիոն դոլար է հարկավոր այս ջրերի մաքրման համար: Արդյունքում ստանում ենք 600-700 միլիոն դոլարի ծախս՝ սկսած այն պահից, երբ հանքը բացվի»:

Հետազոտությունների ներկայացումից հետո գիտնականներն ու փորձագետները կարծիքներ հայտնեցին՝ «Այս վիճակով Ամուլսարի հանքը չի կարելի շահագործել», «Ոչ մի վիճակով էլ չի կարելի շահագործել», «Տարածաշրջանն ավելի թանկ է, քան եկամուտները, որոնք պիտի ստանանք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031