Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ, կամ քեզ…

Դեկտեմբեր 12,2017 23:07

Կեսգիշեր է…«մեսինջերը» հուշում է, որ արթուն ես, բայց, գրողը տանի, քեզ գրել չի կարելի: Եթե կամքս թուլանա, ու գրեմ, գրողն ինձ չի ների…

Կեսգիշերից կես ժամ է անցել: Հայրս սափրվելուց հետո, թե՝ «ինչո՞ւ քնած չես»…գրո՜ղը տանի, եթե միայն նա իմանար, թե որքան է քեզ գեղեցկացնում այդ մազակույտը…գրողը տանի-հետ չբերի ածելի կոչվածը…

01:00 է՝ դու դեռ արթուն ես…գրո՛ղը տանի՝ ինչո՞ւ չես քնում…Գրողը հուշում է, որ հերթական գրավիչ աղջկա հետ ես խոսում, հաճելի ակնարկներ հնչեցնում: Գրողը տանի նրանց, չնայած՝ գուցե չհասցնի. չէ՞ որ այդ աղջիկներն ամեն օր են հայտնվում…

02:30 է՝ դու էլ «օնլայն» չես, ես էլ պատշգամբում եմ: Պարում եմ ինքնամոռաց, բայց, գրողը տանի, ոչ թե քո, այլ…քամու ու քաղաքիս լույսերի հետ: Տեսնես՝ գրողը կարո՞ղ է քամուց արագ թռչել ու ինձ մեկ վայրկյանում հասցնել մոտդ…չէ՜, գրողը նման վատություն ինձ երբեք չի անի: Ի տարբերություն քեզ, նա  սիրում ու գնահատում է ինձ:

04:00՝ ես արդեն թերթել եմ գրքի 100 էջ եւ դեռ 200 էջ էլ թերթելու եմ: Գրքի հերոսներն են փոխվում, եւ, գրո՜ղը տանի, նրանցից մեկը քո անունն ունի…

05:00 է՝ ես ավարտում եմ հերթական դիմանկարը, բայց մատիտս, գրո՜ղը տանի, քեզ է նկարել…Իսկ գրողն իրավունք ունի ինձանից նեղանալու, քանզի մատիտս երբեւէ նրան չի հավերժացրել:

06:00 …դու անուշ քնած ես, իսկ ես օրորոցայիններ եմ երգում, միայն թե սենյակումս, գրո՜ղը տանի, օրորոց չկա…

06:45 է՝ ես վերջապես քնած եմ, բայց, գրո՛ղը տանի, երազիս անկոչ հյուրը դու ես…քնից վեր եմ թռնում…գրողը հուշում է, որ ի տարբերություն քեզ, արեւագածն ամեն օր ջերմացնում ու ջերմացնելու է ինձ:

Այնքան շատ ենք ասում՝ «գրողը տանի»…իսկ երբեւէ գրողին հարցրե՞լ եք՝ նա ուզո՞ւմ է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մեզանից հեռու տանել: Երբեմն լավ է մեզ տանի, քան մեր ուզածը կամ ուզածին…

Գրողը տանի ինձ, կամ քեզ…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Lուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031