ՀՐԱԺԵՇՏ ՄԵԾԻՆ

ՀՐԱԺԵՇՏ ՄԵԾԻՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնյոթերորդ

ՀՐԱԺԵՇՏ ՄԵԾԻՆ

Թաղումից հետո հորս արհեստանոցում Հրաչյա Ներսիսյանի օղորմաթասը խմեցինք, ավելի ճիշտ՝ իրենք խմեցին, իսկ ես, ինչպես Ֆրունզիկին էի խոստացել, ոչ մի գրամ չխմեցի, ու էդ իրիկուն, երբ հայրս, Վոլոդյան ու Ֆելոն Ներսիսյանի օղորոմաթասն էին խմում, մի պահ Ֆրունզիկն էլ հայտնվեց, ու մերոնք մի բաժակ էլ Ֆրունզիկի հետ Հրաչյա Ներսիսյանի օղորմաթասը խմեցին, եւ, հիշում եմ, Հրաչյա Ներսիսյանի օղորմաթասի վրա Ֆրունզիկը կցկտուր մի քանի բառ ասաց, եւ չնայած ասածը չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ խոսելիս Ֆրունզիկի կոկորդը սեղմվում էր, եւ չնայած աչքերին արդեն արտասուք չկար, ձայնը լացակումած էր, ու նաեւ հիշում եմ, որ Ֆրունզիկը հետներս ընդամենը մի քանի րոպե նստեց ու գնաց, իսկ մենք էդ իրիկուն հորս արհեստանոցում շատ երկար նստեցինք, ու Ֆելոն երկրորդ շիշ օղին էլ բերեց, եւ երբ եւս մի անգամ Հրաչյա Ներսիսյանի կենացը խմեցին, հայրս թախծոտ ժպտալով Ֆելոյին ասաց՝  «Ֆրունզի հույսին մնացիր, Ֆելո ջան», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ հայրս թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ռեժիսորականիդ իմաստով», եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «ռեժիսորականիս գործն առանց Հրաչյա Ներսիսյանի դժվար թե գլուխ գա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզը խոստացել ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզը Հրաչյա Ներսիսյանի հույսով էր խոստանում», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «Ֆրունզի ասելով էլ կանեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մոռանում ես, որ էդ բնագավառում Ֆրունզն էլ ա հեղինակություն», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չունեմ ասելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ֆրունզը հեղինակություն ա, ճիշտ ա, բայց, ամեն դեպքում, Հրաչյա Ներսիսյան չի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանը մի հատ էր» ու էդ ասելով՝ հայրս իր կիսատ բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «մի հատ էլ իրա կենացը խմենք», ու էդ պահին Ֆելոն երկրորդ շիշն արդեն բերել էր, եւ երբ հայրս բաժակը բարձրացրեց, Ֆելոն հորս ասաց՝ «վարպետի կենացն ըսենց կիսատ բաժակով չպիտի խմենք», ու էդ ասելով՝ Ֆելոն բաժակները բերնեբերան լցրեց, եւ հայրս ոտքի կանգնեց ու իր լիքը բաժակը բարձրացնելով ասաց՝ «հոտնկայս խմենք», եւ բոլորս  ոտքի կանգնեցինք, եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյան մեծ մարդու ու մեծ դերասանի կենացը», ու մենք մեր բաժակները խփեցինք իրար ու խմեցինք՝ իրենք իրենց օղիներն, ու ես՝ իմ լիմոնադը, եւ երբ նստեցինք, Ֆելոն հորս ասաց՝ «շատ ճիշտ ասեցիր, Ուստա Հակոբ», եւ հայրս Ֆելոյին հարցրեց՝ «ի՞նչը ճիշտ ասեցի», եւ Ֆելոն ասաց՝ «էդ որ ասեցիր՝ Հրաչյա Ներսիսյանը մի հատ էր», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «նույնիսկ  Փափազը Հրաչյա Ներսիսյան չի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Փափազն իրա Օթելլոյով ա Փափազ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը հիմնականում իրա Օթելլոյով ա ճանաչված ու սիրված», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Համլետ էլ ա խաղացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Արբենին էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդ որում՝ շատ ուժեղ ա խաղացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց, մեկ ա, Հրաչյա Ներսիսյան չի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Փափազյանը փորձել ա կինոյում նկարահանվի, բայց շատ անհաջող ա ստացվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրաչյա Ներսիսյանի հետ ոչ մեկին չես կարա համեմատես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք