Լրահոս
Օրվա լրահոսը

Անապահով ընտանիքը 20 խմ ավելի գազ է սպառել՝ օգնությունից զրկել են

Հունվար 17,2018 14:30

Հաճախ սոցիալապես անապահով ընտանիքների անդամները պետական որեւէ աջակցություն, նույնիսկ օրենքով սահմանված դեպքերում ընտանեկան նպաստ ստանալու համար այնքան պետական դռներ են թակում ու մերժվում, որ կարելի է ենթադրել՝ ««Փարոսի» փողերի վրա նստած» պաշտոնյաները կամայական որոշումներ են կայացնում՝ ում օգնել, ում՝ ոչ:

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Օնիկ Բաբայանը, երբ անցյալ տարվա հուլիսից գործազուրկ դարձավ, 5 երեխաներին կերակրելու համար ստիպված դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Փարոս» համակարգից օգտվելու համար: Օնիկ Բաբայանը 5 երեխա ունի, «Փարոսին» դիմելու ժամանակ երեխաներից 3-ն անչափահաս էին, ուստի նա վստահ էր, որ մինչ նոր աշխատանք գտնելը, գոնե ժամանակավոր, որպես օգնություն, նպաստ կարող է ստանալ:

«Առավոտի» հետ զրույցում Օնիկ Բաբայանը պատմեց, որ երբ դիմել է «Փարոսից» նպաստ ստանալու համար, նրան մերժել են. «Պատճառաբանեցին, թե եղբայրդ ձեր տան վրա է գրանցված, էդ պատճառով բալերը չեն հերիքում: «Փարոսի» աշխատողը՝ Հրաչիկը, ասաց՝ լավ, քեզ հրատապ օգնություն կգրենք, 18 հազար դրամ՝ 4-րդ եռամսյակի համար: Բայց հենց եկավ էդ հրատապ օգնությունը ստանալու պահը, Հրաչիկն ասաց, թե դա էլ չենք կարող տալ, դու գազի գերածախս ես ունեցել»:

Բաբայանն ընտանիքի ցուրտ տունը ջեռուցելու համար, ինչպես ինքն ասաց՝ գազի ընդամենը 20 խմ է ավելի սպառել: «720 խմ եմ ծախսել, ասում են՝ հրատապ օգնությունը 700 խմ-ի համար է: Բայց ձմեռը երկար տեւեց, գարնանն էլ ցուրտ էր, հո չէինք սառելու՝ հիվանդանալու, փոքր երեխեք ունեմ, մեկն էլ 4 տարեկան է, ու 20 խմ գերածախս եմ ունեցել»,- ասաց Բաբայանը: Նրա պատմելով՝ կինն էլ չի աշխատում, ինքն էլ աշխատանք չի գտնում. «Էն զբաղվածության կենտրոնում էի գրանցվել, ուղարկեցին Ոստան գյուղ, էդտեղ բանվորի գործ կար: Գնացի էդ գործի համար, էն էլ ասացին՝ արդեն տեղերը լրացել են, մեզ ինչքան մարդ պետք էր՝ հավաքել ենք:

Կենտրոնն էլ ասաց, ուրեմն պիտի սպասես մինչեւ նոր գործ լինի: Ինձ փաստորեն համ «Փարոս» չտվեցին, համ էլ էդ հրատապ օգնությունը: Շատ ժամանակ էրեխեքս օրերով դասի չեն գնացել, փող չի եղել»:

Բաբայանը հետո փորձել է անձամբ պարզել իրողությունը, թե ինչո՞ւ իր ընտանիքին նպաստ չեն տրամադրում, դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. այստեղ «Փարոսի», այսինքն՝ Արտաշատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի տված պատասխանի ճիշտ հակառակն են ասել: «Ինձ ասացին, որ եթե ես մայիսին ներկայացնեի համապատասխան փաստաթղթեր, ապա ամսական 36 հազար նպաստը կստանայի: Ասացի՝ բայց ինձ «Փարոսում» ասում էին, որ նպաստ չի հասնում, նախարարության աշխատողն ասաց, որ եթե թղթերը ներկայացնեմ՝ կհասնի: Հետո գնացի Հրաչիկի մոտ ու ասացի նախարարության պատասխանը: Սա տեսավ, որ ինձանից պրծում չունի, ասաց՝ դե լավ, հունվարին քեզ համար հրատապ օգնություն կգրեմ, մեկ էլ Ռուսաստանում ապրող եղբորիցդ թուղթ ուզի, որ ինքը ստեղ՝ ձեր տանը չի ապրում, նպաստը կգրեմ»,- պատմեց Բաբայանը: «Փարոսի» աշխատակցի եւ Բաբայանի այս հարցուպատասխանն անցյալ տարվա նոյեմբեր ամսին է եղել, եւ մինչեւ Բաբայանը ՌԴ-ում բնակվող եղբորից պահանջված փաստաթուղթը ստացել է ու անմիջապես ներկայացրել «Փարոսի» Հրաչիկին, պարզվել է՝ ուշ է, նպաստ չի հասնում: Դեկտեմբեր ամսին Օնիկ Բաբայանի 3 անչափահաս երեխաներից մեկը չափահաս է դարձել, ու Հրաչիկն ասել է՝ ուշ է արդեն, 3 անչափահասի դեպքում կարող են նպաստ տրամադրել:

«Եթե ինձ շուտ տեղեկացնեին, որ եղբորիցս փաստաթուղթ է պետք, ես շուտ կստանայի էդ թուղթը ու անցած ամիսների համար ամսական 36 հազար նպաստը կստանայի: Հիմա մենք ոչ մի ապրուստի միջոց չունենք: Էդ եռամսյակը մեկ 18 հազար դրամ հրատապ օգնությունն էլ, ճիշտ է, էլի բան է, բայց դա նույնիսկ մի շաբաթվա ապրուստի չի հերիքի»,- ասաց Օնիկ Բաբայանը:

Արտաշատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Խորեն Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում Օնիկ Բաբայանի ներկայացրած խնդրի վերաբերյալ պարզաբանեց. «Մենք 1-2 եռամսյակ միշտ Բաբայանին տրամադրում ենք հրատապ օգնությունը: Վերջին անգամ էլ հրատապ օգնություն չենք տվել, որովհետեւ չափից շատ գազի գերածախս էր եկել իր վրա: Ինչ վերաբերում է նպաստին, ասեմ՝ իրենց տան վրա քույրն ու եղբայրն են գրանցված եղել, որոնք արտասահմանում են ապրում, սա խանգարում է, որ ընտանեկան նպաստ ստանա: Մենք ասել էինք իրեն, որ երկուսն էլ տեղեկանք ուղարկեն, որ այսինչ ժամկետից բնակվում են դրսում, որպեսզի իրենց հարգելի բացակա դնեինք ու Բաբայանի նպաստը բավարարենք: Հիմա ինքը դեկտեմբերին բերել է այդ տեղեկանքը, 6 ամսվա մեջ մենք պիտի նայենք գործը»:

Մարտիրոսյանը նաեւ վստահեցրեց՝ Բաբայանին միշտ տեղեկացրել են, որ արտերկրում բնակվող քրոջ ու եղբոր տեղեկանքները ներկայացնի գործակալություն, որպեսզի նպաստի համակարգում ընդգրկեն. «2015 թվականից ես գործակալության պետ եմ, ու էդ ժամանակվանից ես ու տեսուչը անընդհատ իրեն ասել ենք այդ մասին: Անպայման ասել ենք, քույրը մի կերպ դուրս եկավ, հետո էլ եղբայրը չէր ուղարկում էդ թուղթը»: Ինչ վերաբերում է Բաբայանի 3 երեխաներից մեկի ՝ դեկտեմբերին չափահաս դառնալուն, ինչի պատճառով ընտանեկան նպաստից զրկվել է, Մարտիրոսյանն ասաց. «Էդ հանգամանքը խանգարում է իրեն, որ նպաստ տրամադրենք: 2 անչափահասի դեպքում միավորները բավարար չեն, միայն հրատապ օգնությունը կարող ենք տրամադրել»:
Օնիկ Բաբայանի պատմելով՝ ամռանը ընտանիքը գոնե յոլա է գնացել տնամերձ հողամասի որոշ բարիքներով. լոլիկ, վարունգ, լոբի, սմբուկ են աճեցրել, իսկ հիմա միայն կանաչեղեն կա հողամասում. «Լավ, հիմա ո՞նց ապրենք: Աշխատանք չեմ գտնում, առողջական խնդիրներ ունեմ, շատ ծանր գործ չեմ կարող անել, բայց եթե մի բան լինի՝ դա էլ կանեմ: Հիմա ոչ մի եկամուտ չունենք, քոլեջում սովորող էրեխեք ունեմ, անչափահասներ ունեմ, էս սեզոնին էլ բոստաններում էլ գործ չկա, որ գոնե ուրիշի բոստաններում օրավարձով աշխատեմ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում
Օնիկ Բաբայանն է

«Առավոտ»

16.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031