Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում փոփոխվել են մանկապարտեզների վարձավճարները. ծնողները դժգոհում են բանկերում տրվող միջնորդավճարներից

Հունվար 17,2018 16:00

Այս տարվա հունվարի 1-ից փոփոխվել են Վանաձորի մանկապարտեզների ծնողական վարձավճարները: Այսուհետ տնակային պայմաններում գործող մանկապարտեզների վարձավճարները կկազմեն 4000 դրամ, իսկ շենքային պայմաններում գործունեություն իրականացնող մանկապարտեզների համար սահմանվել է 5000 դրամ ամսական վարձավճար. «Կար մի քանի մանկապարտեզ, որոնց վարձավճարը գերազանցում էր 5000 դրամը, հիմա նրանք էլ հավասարեցվել են եւ հիմա ունեն 2 տարանջատում՝ տնակային եւ շենքային: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի տնակային մանկապարտեզ տերմինը հնարավորինս շուտ վերացվի»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:

Բաժնի պետի խոսքով գնային այս փոփոխությունը կանդրադառնա նաեւ մանկապարտեզներում տրվող սննդի որակի վրա. «Սակագնի բարձրացման հետ միասին կլինի նաեւ սննդի որակի փոփոխություն: Իսկ, այն մանկապարտեզները, որտեղ նվազել է՝ տարբերություն չի լինի, քանի որ շատ չի նվազել, որ դրա արդյունքում սննդի որակն ընկնի»:

Կարինեն, որի երեխան հաճախում է թիվ 3 մանկապարտեզ, վստահ չէ, որ գնային այս փոփոխությունը կանդրադառնա երեխաներին տրվող սննդի որակի վրա. «Ինձ չի թվում, որ գնային այս փոփոխությունը սննդի որակի վրա կազդի, եթե նայենք, թե ինչ թանկացումներ են՝ սկսած կարագից, վերջացրած մսից: Ճիշտ է, տնակային է, պայմաններն այնքան էլ բարվոք չեն, մանկապարտեզն ունի վերանորոգման կարիք, բայց ջեռուցման համակարգ է գործում, ջերմությունն ապահովված է: Նախկինում 3000 դրամ էինք վճարում, հիմա 4000 են դարձրել: Երեւանում ինչո՞ւ են մանկապարտեզներն անվճար, որ այնտեղ աշխատանքի պակաս չկա, իսկ մարզերում, վճարովի է»:

Իսկ Թամարան ասում է, որ այն մանկապարտեզը, որտեղ հաճախում է իր երեխան գնային փոփոխություն չի եղել. «Երեխաս 30 մանկապարտեզն է հաճախում, շենքային պայմաններում գործող տիպային մանկապարտեզ է: Մեզ մոտ փոփոխություն չի եղել՝ 5000 դրամ էլ մնացել է: Մի ժամանակ ուզում էին վարձավճարը 7500 դարձնեն, անգամ թղթեր ենք ստորագրել, որ համաձայն ենք թանկացման հետ, որ այդ դեպքում էլ երեխաներին կբերենք, բայց ավագանին ամեն ինչ արեց, որ մնա նույնը»:

Իսկ Սուսաննայի 2 երեխաները հաճախում են թիվ 35 մանկապարտեզ, որը կրկին գործում է շենքային պայմաններում: Սուսաննան վարձավճարի բարձրացումից չի դժգոհում, ավելի շատ վարձավճարի հետ բանկում տրվող միջնորդավճարից է բողոքում. «Առհասարակ վճարը, որ տալիս ենք, շատ քիչ է այն հսկա աշխատանքի համար, որ տանում են մանկապարտեզներում: Ամենքս մեր տանը հաստատ 4500 կամ 5000 դրամով մի ամիս երեխա չենք պահի, որ ուտեն, քնեն, խաղան, սովորեն: 2 երեխա ունենք մանկապարտեզ հաճախող, մեր վարձը 500-ով է թանկացել, դարձել 5000 դրամ, բայց շատ մեծ խնդիր կա՝ բոլոր վարձավճար մուծող ծնողներից բանկը պարտադիր 150 դրամ միջնորդավճար է պահում: Մեր մարզում վարձավճարը համեմատաբար էժան է, Աբովյանում օրինակ 8000-ից էժան պարտեզ չկա, մյուս մարզերում էլի 5000 դրամ է, ուղղակի չաշխատող ծնողների համար 500 դրամն էլ է դժվարություն, մանավանդ 2 երեխայի դեպքում, գումարած այդ միջնորդավճարները»:

Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանկերում գանձվող 150 դրամ միջնորդավճարին նշեց. «Հարցն արդեն կարգավորված է: Կոնկրետ Ամերիա բանկի հետ մենք պայմանավորվածություն ունենք, որ այլեւս միջնորդավճար չվերցնեն: Ընդամենը մեկ շաբաթ վերցրեցին ու վերջ: Քանի որ դա բյուջեի մուտքեր էր, իրենք իրենց կանոնադրության համաձայն պետք է վերցնեին: Եվ քանի որ մեր հաշիվներն այնտեղ են, Երեւան բանկի գլխավոր վարչության հետ հարցերը կարգավորվել է, եւ այլեւս չեն վերցնում: Իսկ, եթե ուզում են ուրիշ բանկում մուծեն, նախկինի պես պետք է միջնորդավճար մուծեն»:

Հիշեցնենք, որ մանկապարտեզներում ծնողական վարձավճարների սակագները փոփոխելու մասին հարցն ընդգրկված էր 2017 թվականի հոկտեմբերի 25-ին հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգում: Ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները ներկայացնող 14 անդամներ միաձայն կողմ քվեարկեցին հարցին:

Այժմ Վանաձորում գործում են 20 մանկապարտեզներ, դրանցից 4-ն իրենց գործունեությունը ծավալում են տնակային պայմաններում, 16-ը՝ շենքային: Նախկինում ծնողական վարձավճարները նշված մանկապարտեզներում տատանվում էին 3000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմաններում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031