Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցունակ մասնագետ լինելով՝ կարելի է հաջողություններ ունենալ Հայաստանում»

Հունվար 18,2018 15:00

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի
ուսանողները պրակտիկան կանցկացնեն արտասահմանում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ավելի քան 50 ուսանող իրենց մասնագիտական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում:
«Առավոտը» զրուցեց նրանից մի քանիսի հետ: Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Գասպարյանը պրակտիկան անցկացնելու է Մարսելում` Tempo One ընկերությունում: «Առավոտի» հետ զրույցում Արտյոմը նշեց. «Ֆրանսիա գնալով՝ ցանկանում եմ ներկայիս ունակություններս զարգացնել եւ բարելավել, վերցնել Ֆրանսիայի ձեռնարկություններից մեկի աշխատաոճը եւ աշխատանքային սկզբունքները, քանի որ Հայաստանը դեռ չի հասել զարգացման այդ մակարդակին եւ պարզ է, որ ապագայում նա կհանդիպի այնպիսի խնդիրների, որոնք արդեն ծագել են ֆրանսիական կազմակերպություններում եւ ստացել են իրենց լուծումները»:

Իսկ ապագան Հայաստանի՞, թե՞ արտասահմանի հետ է կապում: Այս հարցին ի պատասխան էլ երիտասարդն ասաց. «Ֆրանսիական համալսարանի շնորհիվ ես հասկացա, որ պետք չէ միայն կրթվել եւ ստանալ տեսական գիտելիքներ, այլ դուրս գալ իրականությանն ընդառաջ եւ կիրառել այդ գիտելիքները: Կարծում եմ՝ ձեռք բերած ունակություններս դեռ չեմ կարող կիրառել Հայաստանում, քանի որ Հայաստանում դեռեւս ներդրված չեն համապատասխան համակարգերը: Սակայն չեմ կարող ժխտել, որ Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ձգտում են հասնել այդ մակարդակին»:
Նարե Շահնազարյանը, որ մարքեթինգ է ուսումնասիրում Ֆրանսիական համալսարանում, պրակտիկան անցկացնելու է Փարիզում` CIMAP ընկերությունում: «Հայաստանյան տարբեր կազմակերպություններում պրակտիկա անցնելով՝ արդեն իսկ որոշակիորեն ծանոթ եմ աշխատանքային շուկային:

Այնուամենայնիվ, այլ աշխատանքային միջավայրում աշխատելը, նրանց գործնական մշակույթին ծանոթանալը հնարավորություն կտա հետագայում ավելի լայն մասնագիտական ընկալումներ ունենալու եւ առավել լավ կազմակերպությունների հետ աշխատելու համար: Ակնկալիքներս մեծ են, քանի որ հնարավորություն կունենամ գիտելիքների փոխանակում իրականացնել, շփվել ոլորտի մասնագետների հետ, ծանոթանալ առկա տենդենցներին, ինչը հատկապես կարեւոր է իմ մասնագիտության համար»,- ասում է նա: Ապա հավելում է. «Չնայած մարքեթինգը դեռեւս զարգացման փուլում է Հայաստանում, եւ բավականին բարդ է ցանկալի պայմաններ ապահովող աշխատատեղ գտնելը, այնուամենայնիվ, իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Ես նախընտրում եմ նպաստել տեղի շուկայի զարգացմանը, արտասահմանյան փորձը կիրառել այստեղ, քանզի պոտենցիալը եւ համալսարանի տված գիտելիքները մեծ են: Այդ պատճառով ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ներուժը Հայաստանում լավագույն փորձերի կիրառման եւ մարքեթինգի զարգացման համար»:

Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սերգո Խաչատրյանը եւս Փարիզում է պրակտիկան անցկացնելու` Groupe Rand-ում: Ասում է` դա հրաշալի հնարավորություն է գիտելիքները խորացնելու եւ հարստացնելու համար, ինչպես նաեւ ֆրանսիական կազմակերպությունների գործելաոճին եւ նրանց կողմից կիրառվող մեթոդներին ծանոթանալով, հնարավորություն` հայկական կազմակերպություններում դրանք կիրառելու: Նա էլ է իր ապագան Հայաստանում պատկերացնում:

Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուսի ուսանող Տաթեւիկ Հովակիմյանը Նիցցայի քաղաքապետարանում է պրակտիկա անցնելու: Նա ցանկություն ունի ավելի մոտիկից ծանոթանալ ֆրանսիական իրավական համակարգին, հայկական եւ ֆրանսիական իրավահամակարգերի համեմատական վերլուծություն կատարել, գտնել հարաբերությունների կարգավորման առավել նպատակահարմար ու արդյունավետ մեթոդ: Ի տարբերություն այլ ուսանողների, Տաթեւիկն իր ապագան դրսում է տեսնում:
Մերի Սարգսյանը Մարսելի Credit Mutuel կազմակերպությունում կաշխատի: Ակնկալիքները պրակտիկայից հետեւյալն են` hայկական աշխատանքային միջավայրից տարբերվող աշխատանքային միջավայրին ինտեգրում, փորձի ձեռքբերում, մասնագիտական ու անձնային աճ, առաջընթաց: Նա համոզված է, որ մրցունակ ու պահանջված մասնագետ լինելով՝ կարելի է մեծ հաջողություններ ունենալ Հայաստանում:
Ուսանողներից Սվետլանա Հովհաննիսյանն էլ Ժնեւում է պրակտիկա անցնելու` Chambre de leconomie sociale et solidaire կազմակերպությունում: «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ակնկալում է ձեռք բերել պրակտիկ գիտելիքների ահռելի պաշար, շփում ունենալ լիովին այլ մշակույթի հետ, հարստացնել գիտելիքները՝ ընդլայնելով մտահորիզոնը: Այս պահին Սվետլանան իր կարիերան եւ ապագան Հայաստանի հետ է կապում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները` ռեկտորի հետ:

«Առավոտ»

17.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031