Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Սադոյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում Երևանն ու Թբիլիսին ունեն համատեղ նախագծեր իրականացնելու մեծ ներուժ

Հունվար 19,2018 17:29

Հունվարի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) նախագահ Գիորգի Տկեմալաձեի հետ։

Հանդիպման սկզբում Գիորգի Տկեմալաձեն, ընդգծելով հայ-վրացական բազմադարյա եղբայրական հարաբերությունները, նշեց, որ  խորհրդանշական է համարում, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում Վրաստանում հավատարմագրված դեսպաններից առաջինը հանդիպում է բարեկամ Հայաստանի դեսպանին:

Կողմերը քննարկեցին Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության խորացման և հարաբերությունների առավել ամրապնդման հնարավորություններն ու հեռանկարները։

Դեսպան Սադոյանն իր խոսքում նշեց, որ Վրաստանը և, մասնավորապես՝ Թբիլիսին, հայ զբոսաշրջիկների համար նախընտրելի ուղղություն է, որը տեսանելի էր նաև Նոր տարվա ժամանակահատվածում։ Այդ համատեքստում դեսպան Սադոյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում Երևանն ու Թբիլիսին ունեն համատեղ նախագծեր իրականացնելու մեծ ներուժ՝ ավելացնելով, որ  իր կողմից անհրաժեշտ ամեն ջանք կներդնի, որպեսզի և՛ այդ ներուժն օգտագործվի, և՛ Հայաստանը դառնա ցանկալի ուղղություն վրացի զբոսաշրջիկների համար։

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահն իր հերթին Հայաստանի դեսպանին ներկայացրեց այն ծրագրերն ու նախագծերը, որոնք իրականացվում են Թբիլիսիում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանի հետ սերտ կհամագործակցեն նոր նախաձեռնությունների և համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։

Դեսպան Սադոյանը Գիորգի Տկեմալաձեին տեղեկացրեց, որ այս տարի քաղաքամայր Երևանը տոնում է իր հիմնադրման 2800-ամյակը, և հայկական կողմը ուրախ կլինի, որ Երևանին նվիրված տոնակատարություններին իր մասնակցությունը բերի նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031