Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովի նախագահը լիազորված չէ քրեակատարողական հիմնարկի աշխատակցին լիազորելու ներկայացնել հանձնաժողովի շահերը

Փետրվար 15,2018 14:30

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը վերաքննիչ քրեական դատարանում հանդես գալով որպես ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պաշտպան, նախորդ օրվա նիստի ժամանակ դատարանին տեղեկացրեց, որ անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին հարցում են կատարել անկախ հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել Արսենին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ Հանձնաժողովի 12.07.2017թ. նիստի արձանագրությունը: Երկու ամիս հետո գրությամբ նրանց է տրամադրվել նիստի արձանագրությունը: Այնտեղ մասնավորապես նշված էր. «Հանձնաժողովը մասնակցությամբ… քննարկեց ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դատապարտյալների վերաբերյալ ներկայացված նյութերը եւ գաղտնի քվեարկության միջոցով…»: Ռոբերտ Ռեւազյանն ասաց. «Համադրելով Հանձնաժողովի եզրակացությունը եւ նիստի արձանագրությունը, ակնհայտ է, որ դրանց միջեւ առկա են հակասություններ, եզրակացության մեջ նշված է, որ Արսեն Արծրունին չի առարկել քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ, սակայն արձանագրության մեջ դրա վերաբերյալ առկա չէ որեւէ տեղեկատվություն: Այս հանգամանքը լրացուցիչ անգամ ապացուցում է Հանձնաժողովի կողմից կատարված խախտման մասին»:

Ի դեպ, լուրջ քննարկման առիթ դարձավ դատարան ներկայացած Հանձնաժողովի լիազորված ներկայացուցչին վարույթից հեռացնելու հարցը:

Պաշտպանական կողմը գտնում էր, որ չի ունեցել, ներկայացուցչի լիազորությունները չեն բխում օրենքի պահանջներից: 2017թ. հոկտեմբերի 25-ին նրանք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստում միջնորդել են դատարան հրավիրել Հանձնաժողովի նախագահին: Դատարանի կողմից այդ միջնորդությունը բավարարվել է, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է: Սակայն նոյեմբերի 13-ին Հանձնաժողովի նախագահը դատարան չի ներկայացել, այդ պատճառով դատարանը կրկին հետաձգել է դատական նիստը: Դատարանը չկարեւորելով Հանձնաժողովի նախագահի ներկայությունը, որոշել է դատական նիստը շարունակել նրա բացակայությամբ: Իսկ նախագահի կողմից լիազորված անձին հարցեր չեն տվել, քանի որ լիազորված անձը հնարավորություն չի ունեցել հարցերին պատասխանելու:
Ի դեպ, հոկտեմբերի 25-ի դատական նիստի ժամանակ, որպես Հանձնաժողովի ներկայացուցիչ, դատարանում հանդես է եկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը:

Ռոբերտ Ռեւազյանի պնդմամբ, կար շահերի բախում: Դատախազ Մարգար Սողոմոնյանի գնահատմամբ՝ չկար շահերի բախում: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով. «Որեւէ օրենքով Անկախ հանձնաժողովի նախագահը լիազորված չէ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին լիազորելու ներկայացնել Անկախ հանձնաժողովի շահերը դատարանում: Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը առավել եւս որեւէ օրենքով լիազորված չէ դատարանում ներկայացնել Անկախ հանձնաժողովի շահը: Քրեակատարողական հիմնարկի եւ Անկախ հանձնաժողովի տեսակետները կարող են տարբերվել, ուստի առկա են շահերի բախում եւ արդար դատաքննության շահերից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը չի կարող ներկայացնել Անկախ հանձնաժողովի շահը դատարանում»:

Վերաքննիչ քրեական դատարանը թողեց ներկայացուցչին ու ստացվեց ուշագրավ իրավիճակ. առաջին ատյանի դատարանը ընդունել էր ցմահ դատապարտյալի պաշտպանների հայտարարությամբ արտահայտած փաստարկները, եւ Անկախ հանձնաժողովի կողմից հիմնարկի ներկայացուցչին տրված լիազորագիրը համարել է ոչ պատշաճ եւ վերադարձրել է այն ներկայացրած քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչին:

Նշենք, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ պատիժները կատարող մարմինների եւ հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ: Արծրունու պաշտպաններից Նարինե Ռշտունին էլ այս կապակցությամբ նշեց, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին հարցում են արել, արդյոք որեւէ օրենքով նախատեսվա՞ծ է իրավունք, որ ինքը ներկայացնի Հանձնաժողովին դատարանում. «Որեւէ նման օրենք չի մատնանշվել»:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից գրությամբ պատասխանել էին՝ Արսեն Արծրունու կատարած աշխատանքները քրեակատարողական հիմնարկում, նրա վարքագիծը, սակայն առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ոչ Արսեն Արծրունու գործունեությանը, ոչ էլ այն հանգամանքին, որ քրեակատարողական հիմնարկի կողմից Արսենը բնութագրվել է դրական, այդ փաստաթղթերի վերաբերյալ դատական ակտում բացարձակ որեւէ հիշատակում չկա: «Դատարանը գոնե պետք է փորձեր պարզել, նման հսկայական աշխատանքներ կատարելով հանդերձ, այդ ինչպես է ստացվել, որ Արսեն Արծրունին երբեւէ չի խրախուսվել: Թեեւ ինչպես երեւում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կողմից տրված գրությունից, Արսեն Արծրունին բնութագրվում է դրական, ինչի հիման վրա նրա նկատմամբ դրսեւորվել է համապատասխան վերաբերմունք, մասնավորապես տրամադրվել է լրացուցիչ տեսակցություն»,- ասաց Ն. Ռշտունին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728