Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի «ֆառը» խանգարում է մյուս դատավորներին

Փետրվար 22,2018 13:00

Քրեական գործով տասներկու տուժողներից մեկը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանն է

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանը Արթուր Հարությունյանի պաշտպանությունն իրականացնում է նրան կալանքի տակ վերցնելու պահից: 1 տարի 10 ամիս է, ինչ ազատազրկված է նրա պաշտպանյալը, որին սպառնում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի:

Արթուր Հարությունյանին առաջադրված մեղադրանքն այն է, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով երկրորդ ամբաստանյալի՝ Ժորա Սարգսյանի հետ եւ «գործով դեռեւս ինքնությունը չպարզված անձի» օժանդակությամբ, 2016թ. հունիսից մինչեւ սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի տարբեր վարչական շրջանների տարածքում կատարել են մի շարք հափշտակություններ, գողացել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներից հայելիներ, գազի բալոններ, անվադողեր, անվադողի պատյաններ:

Մինչ դատարան գործը կուղարկվեր, 45 դրվագով էր ընթանում նախաքննությունը, դատարան ուղարկվեց 12 դրվագով՝ մեքենաներից կատարված գողությունները:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը «Առավոտին» ասում է, որ չնայած դատավորները բաժանված են հների, վերաքննիչի նորեկների, բարեփոխիչների, սակայն «բոլորն իրար հետ մի կորիզ են եւ պաշտպանում են կորպորատիվ շահերը: Հիշենք Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար լինելու ժամանակահատվածը, երբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու համար նախարարը մերժումներ էր ստանում»:

Ըստ Արսեն Մկրտչյանի, երբ դատավորի գույքին են կպչում, դատավորները, խոսքերը մեկ արած, գտնում են, որ այո, պետք է պատժել, սակայն չեն ուզում հասկանալ, որ բռնվածը հնարավոր է՝ հանցագործը չէ:

Արթուր Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս գործով տուժող ճանաչված դատավորի «Պորշ կայեն» մակնիշի 96 SP 666 հաշվառման համարանիշի մեքենան թալանվում է երրորդ անգամ: Ըստ պաշտոնական տեղեկությունների, վերջին անգամ թալանվել է փետրվարի 17-18-ին, երբ Արթուրն անազատության մեջ էր:
Դատավորի մեքենայից գողացվել էր երեք հարյուր հազար դրամ արժողության լուսարձակը:

Երբ Արթուրը կալանավորված էր, երկրորդ ամբաստանյալը՝ Ժորա Սարգսյանն ազատության մեջ էր, հետախուզման մեջ գտնվելով՝ շարունակում էր կատարել գողություններ: Ժորա Սարգսյանն էլ հայտնել էր, թե ինչպես է Արթուրը հարմարեցրած գործիքով քանդելու միջոցով հափշտակել Ավագ Գաբրիելյանի մեքենայի աջակողմյան լուսարձակը, իսկ ինքն էլ հսկել է տարածքը, «ապահովելով Արթուրի գործողությունների գաղտնիությունը»:

Ի դեպ, կալանավորումից մինչ օրս Արթուրը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ցուցմունք չի տվել, եւ ըստ նրա պաշտպանի, իր պաշտպանյալը գողություն անելու կարիք չի ունեցել, ապահովված էր ամեն ինչով:
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչու առաջին երկու դեպքերի ժամանակ դատավորը միջոցներ ձեռք չի առել. «անառողջ կասկած կա, թե նա ինչ-որ մեկի հետ ունի խնդիր», կամ՝ ապահովագրված մեքենայի «ֆառը» բեռնախցիկում է պահում, որպեսզի դրա դիմաց ստանա ապահովագրական գումար, եւ կամ՝ ինչու ամենաիմիջային մեքենան չի կանգնեցվում պահպանվող տարածքում:

Իսկ առհասարակ, ըստ պաշտպանական կողմի՝ կարող է գործել է մի այլ տարբերակ էլ, «տուժողի» կարգավիճակում լինելու մոլուցքը, որը «հանրային» է դարձնում «խեղճ» պատգամավորներին, «խեղճ» մարզպետներին, «խեղճ» դատավորներին:
Այս գործով փորձաքննություն չի անցկացվել եւ չկա շուկայական արժեքի մասին տարրական պատկերացում:

Տուժողներից մեկի նույն մեքենայի լուսարձակը գնահատվել է 1 500 000 ՀՀ դրամ, «Mersedes» ավտոմեքենայի լուսարձակը՝ 260 000 ՀՀ դրամ, մեկ այլ «Մերսեդեսինը»՝ 300 000 դրամ:

Տուժողներից մեկի «ԲՄՎ»-ի պահպանիչ վահանն էլ արժեցել էր 200 000 դրամ:
Ի դեպ, նախկինում նախագահող դատավորն էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, որը «Ծռերի գործով» գործուղվեց այլ դատարան, իսկ նրա փոխարեն այս գործը հանգրվանեց Գագիկ Պողոսյանի վարույթում:

Մարտի 6-ին դատական հերթական նիստն է:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728