Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, եթե կկարողանա անել՝ փառք ու պատիվ իրեն». Լյուդմիլա Սարգսյան

Մարտ 12,2018 17:30

Այսօր «Բլից ինֆո» ակումբում ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ մարդիկ, որոնք 10 հազար դրամով ընտրել են ՀՀԿ-ին, հիմա չեն կարող դուրս գալ փողոց ու պայքարել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա: Բացի այդ, նա ասաց, որ միայն Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու համար մարդիկ ոտքի չեն կանգնի, միեւնույն է, ՀՀԿ-ական է լինելու վարչապետը:

Մեր հարցին՝ այսինքն, հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր ընտանիքն իրեն պատրաստ է գործուղել Ազատության հրապարակ, ըստ երեւույթին փողոցային պայքարի են ելնում, դա դատապարտված է ձախողմա՞ն՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Դա իմ կարծիքն է, բայց չէի ասի դատապարտված է: Միգուցե Նիկոլ Փաշինյանը, որն ունի քաղաքական դաշտում պայքարի մեծ փորձ, կկարողանա ինչ-որ քաղաքական ուժերի համախմբել, գտնել ճիշտ խոսքեր՝ մարդկանց փողոց դուրս բերելու համար: Բայց դա պետք է շատ մեծ քանակություն լինի, որ կարողանա ազդել ՀՀԿ-ի որոշման վրա: Ամեն դեպքում, ես ողջունում եմ, որ ինչ-որ բան արվում է, կուզեի, որ մտածված արվեր, հանրությունը հերթական անգամ հիասթափություն չկրեր»:

Փաշինյանը չէր բացառել, որ վարչապետի թեկնածուն կարող էր հենց ինքը լինել, հարցին՝ իր համար մարդիկ դուրս կգա՞ն փողոց՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Նախ, այլընտրանք ներկայացնել այս իրավիճակում անիմաստ է, որովհետեւ քաղաքական մեծամասնությունն իրավունք ունի ներկայացնել վարչապետի թեկնածու, արդեն իսկ Սահմանադրորեն հակասություն կա այդտեղ, եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի: Հետո ակնհայտ է, չէ՞, թե քվեարկության արդյունքում ով է շահելու, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ներկայացնելը: Ես հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, եթե կկարողանա անել՝ փառք ու պատիվ իրեն: Ինքս մի փոքր կասկածներ ունեմ»:

Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներից մեկ ուրիշին առաջադրի, թեեւ հիմա աժիոտաժ է ստեղծվել իր անձի շուրջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031