Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՍՆ, այնպես որ, այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ. «Ժողովուրդ»

Մարտ 13,2018 11:36

«Աննախադեպ», «պատմական այց ԱՄՆ»։ Արդեն մի քանի օր է՝ ինչ այսպես են բնութագրում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վաշինգտոն։ Տարբեր խողովակներով այս օրերին ներկայացվում էր, թե հայ- ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման ձեւաչափով բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության այցն աննախադեպ է։ Անգամ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշել էր. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման պատվիրակություն ժամանում Վաշինգտոն՝ սկսելու խորհրդարանական դիվանագիտության մի նոր փուլ մեր երկրների պատմության մեջ»:

Բայց արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ է, եւ հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես են մի խումբ անձինք իշխանությունից եւ ոչ միայն իշխանական ճամբարից պարզապես խեղաթյուրում պատմությունը։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՍՆ, այնպես որ, այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ։

Դեռեւս 1993 թվականին ամերիկյան կողմի հրավերով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ է մեկնել Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում եղել են Հրանուշ Հակոբյանը, Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը, Ավետ Գրիգորյանը, իսկ պատվիրակության ղեկավարն էլ Բագրատ Ասատրյանն է եղել։ Ընդ որում, պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Պետական դեպարտամենտում, գործադիր այլ դեպարտամենտներում։

Նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը, որն այդ ժամանակ պատվիրակության կազմում է եղել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով իրենց այցի մասին՝ ընդգծեց, որ իրենց այցն էլ առաջինը չի եղել, դրանից առաջ եւ հետո եւս այցեր եղել են։ «Դա կեղծարարություն է։ Մեր նորագույն պատմությունը հերթական անգամ կեղծում են։ Մեզանից առաջ եղել է կրկին այց, հանդիպումներ։ Ոչ մի տարբերություն չկա մեր այցի եւ իրենց այցի միջեւ»,- նշեց նա։

Սակայն Գերագույն խորհրդի պատգամավորների այս այցն առաջինը չի եղել։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պատգամավորների բազմակուսակցական պատվիրակության այց է եղել եւ կրկին ամերիկյան կողմի հրավերով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են եղել Կիմ Բալայանը, Շավարշ Քոչարյանը, Վարդան Զուռնաչյանը եւ այլք։ Նրանք եւս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ կոնգրեսում, պետական եւ ոչ պետական այլ կազմակերպությունների, հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների հետ։

Մեկ այլ նման այց էլ եղել է 1996 թվականին՝ կրկին մեծ խմբով, այն էլ ընդդիմադիրների ներկայությամբ։ Այս անգամ էլ խմբի կազմում են եղել Արշակ Սադոյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանն ու Աղասի Արշակյանը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031