Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդակն ավելի բարդ կոմպոզիցիա է, հետեւաբար՝ դժվար հասկացվող, քան նկարը»

Մարտ 14,2018 12:30

Հարցազրույց անվանի քանդակագործ Գասոյի հետ

– Ե՞րբ, որտե՞ղ եք ծնվել եւ ովքե՞ր են Ձեր ծնողները:

– Ծնվել եմ Կիրովականում, այժմյան Վանաձորում, բանվորի ընտանիքում, 1945թ.-ին:

– Ե՞րբ եւ ո՞ր տարիքում եք զգացել Ձեր նախասիրություններն արվեստի՝ մասնավորապես քանդակագործության հանդեպ:

– Դեռ դպրոցական տարիքից: Շնորհալի երեխաներ գտնելու համար Երեւանից հանձնաժողով էր ժամանել Կիրովական: Նրանք պատրաստվում էին մեզ մոտ նկարչական դպրոց բացել:  Ինձ բախտ վիճակվեց ընտրվելու եւ այդ դպրոցի աշակերտը դառնալու:

– Ինչպիսի՞ կրթություն եք ստացել եւ այն առնչվո՞ւմ է, արդյոք, արվեստի հետ:

– Ավարտել եմ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետեւ՝ Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հպարտությամբ պետք է նշեմ, որ իմ ուսուցիչներն են եղել Ադիբեկ Գրիգորյանը, Արա Սարգսյանը եւ Սարգիս Բաղդասարյանը:

– Սովորաբար քանդակագործները նաեւ պետք է նկարել իմանան, մինչդեռ նկարիչները՝ միայն նկարել: Այդպե՞ս է:

– Այո՛, այդպես է: Հազվադեպ են հանդիպում նկարիչներ, որ նաեւ քանդակել գիտեն: Քանդակագործը սկզբում իր ապագա քանդակի մատիտանկարը՝ էսքիզն է անում, հետո փորձում է պատրաստել պլաստիլինե կամ կավե նմուշը, այնուհետեւ արդեն աշխատում է նույն բանն անել քարի, փայտի կամ բրոնզի հետ:

– Ինչո՞ւ ավելի ընդունված է նկարներով զարդարել բնակարանները, առանձնատները, գրասենյակները եւ այլուր, իսկ քանդակներով՝ ոչ այնքան: Մի՞թե եռաչափ արվեստի գործը, որպիսին քանդակն է, առավելություն չունի երկչափ նկարի հանդեպ: Չէ՞ որ նկարչի կողմից փորձ է արվում խորությունն ապահովել արհեստականորեն՝ լույսի, ստվերի, երբեմն գույների շնորհիվ, մինչդեռ քանդակագործների մոտ դա բնականոն է ստացվում: Բացի այդ, նկարիչները մրցակից ախոյան ունեն, հանձինս ժամանակակից, այն էլ՝ թվային լուսանկարչության, իսկ քանդակագործները, կարծում եմ, որ չունեն:

– Ցավալի է, բայց դա այդպես է: Շատ քիչ տներում ես հանդիպում քանդակագործության նմուշների, ասենք՝ արձանիկների տեսքով: Ավելի շատ ընդունված է քաղաքային հրապարակներն ու պուրակները զարդարել արձաններով ու հուշարձաններով, քան թե բնակարաններն ու տնամերձ բակերը: Երեւի ժամանակի ընթացքում մարդիկ կկրթվեն եւ ավելի գիտակից կդառնան այդ առումով:

– Չեմ կարծում: Օրինակ՝ Միքելանջելոն ապրել եւ ստեղծագործել է 15-րդ դարում եւ մոտ վեց դար անց ընդհանուր պատկերը չի փոխվել: Համաձա՞յն եք ինձ հետ:

– Այո՛, համաձայն եմ, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ քանդակն ավելի բարդ կոմպոզիցիա է, հետեւաբար՝ դժվար հասկացվող, քան նկարը, քանի որ այն մարմնավորում է ոչ թե մեկ, օրինակ՝ պատմական մի իրողություն, այլ՝ գաղափարների մի ամբողջ խումբ: Քանդակը, կարելի է ասել, հավաքական կերպար է: Հետո՝ քանդակներ են համարվում փոքրիկ արձանիկներից սկսած մինչեւ հսկայական արձանները, հուշարձաններն ու հուշահամալիրները: Չափերը կարեւոր չեն: Այսինքն՝ կան քանդակներ, որոնք հնարավոր չէ տեղադրել բնակարաններում՝ պարզապես չափերի պատճառով:

–  Ինչպիսի՞ նյութերի հետ եք Դուք աշխատում՝ կավի՞, մարմարի՞, գրանիտի՞, տուֆի՞, փայտի՞ կամ էլ մեկ ուրիշի, որ ես չթվարկեցի եւ ինչո՞ւ:

– Պլաստիլինն ու կավը հիմնականում օգտագործվում է քանդակի նմուշը կամ մոդելը պատրաստելիս: Ինչ վերաբերում է մնացած թվարկված նյութերին, պետք է ասեմ, որ բոլորն  էլ օգտագործվում են քանդակագործության մեջ:

– Ձեր կարծիքով ինչպիսի՞ ժամանակակից տեխնոլոգիաներ կան հիմա, օրինակ՝ 3D համակարգչայինը, որ կարող են հեշտացնել եւ բարելավել քանդակագործի աշխատանքը: Օրինակ, 3D համակարգչային տեխնոլոգիան կարելի է օգտագործել քանդակի ստեղծման՝ մոդելավորման փուլում:

– Ցավոք, ծանոթ չեմ այդ տեխնոլոգիային, բայց կուզենայի ծանոթանալ: Այն կարող է օգտակար լինել մեր գործում:

– Քանդակագործության մեջ օգտագործվո՞ւմ են, արդյոք, գունային, այսինքն՝ տարբեր գույնի նյութեր, ներկեր եւ լուսային էֆեկտներ:

– Այո՛, իհարկե: Ներկեր հազվադեպ են օգտագործվում, բայց տարբեր գույնի քարեր եւ լուսային  էֆեկտներ, հատկապես գիշերները, օգտագործվում են:

– Չե՞ք կարծում, որ այդ բոլորն ավելի գունեղ եւ արտահայտիչ կդարձնեն քանդակները: Ի՞նչ կասեք Ձեր մասին:

– Անշուշտ: Այն ամենը, ինչ օգնում է քանդակագործական գաղափարի իրագործմանն, ողջունելի է կիրառել:

– Ո՞ր հայ քանդակագործների գործերն եք Դուք ամենից շատ հավանում: Հավանո՞ւմ եք, արդյոք, հայտնի քանդակագործ Արա Սարգսյանի (ով եղել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիրը, հիմնել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը, ինչպես նաեւ հայտնի է որպես «Նեմեսիս» օպերացիայի, շուն Թալեաթի սպանության ծպտյալ մասնակիցը),  «Ալեքսանդր Թամանյան» արձանի հեղինակ  Արտաշես Հովսեփյանի, «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի, «Կարա-Բալա» արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանի, «Առնո Բաբաջանյան» արձանի հեղինակ Դավիթ Բեջանյանի, «Գեւորգ Էմին» բրոնզե արձանի հեղինակ Աշոտ Արամյանի  գործերը: Խնդրում եմ նշեք մի քանիսին, որոնք Ձեր վրա որոշակի ազդեցություն են թողել եւ որոնցից Դուք սովորել եք ավելի խորությամբ ընկալել քանդակագործությունն ընդհանրապես:

– Արա Սարգսյանի ուսանողն եմ եղել թե՛ ուսումնարանում եւ թե՛ ինստիտուտում: Սիրել եմ նրան որպես դասախոս, արվեստագետ եւ ինստիտուտի հիմնադիր: Ա. Սարգսյանը նաեւ իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել ուսումնարանում, իսկ ինստիտուտում սովորելիս կոմպոզիցիա է դասավանդել: Ինչ վերաբերում է Արտաշես Հովսեփյանին, նա  Հայաստանի լավագո՛ւյն քանդակագործներից մեկն է: Ես նրան շատ եմ հավանում: Ա. Հովսեփյանի ոչ միայն Ա. Թամանյանի արձանն է շատ լավ ստացվել, այլ նաեւ մեր Ազգային օպերայի հիմնադիր, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանինը: Հավանում եմ նաեւ Ղուկաս Չուբարի գործերը, որին չհիշատակեցիք: Ո՞նց կարելի է չհավանել Ղուկաս Չուբարի Մեսրոպ Մաշտոցի արձանը, որը հսկայական մի մոնումենտալ կառույց է: Ես այն, գաղափարական տեսանկյունից, ինչ-որ տեղ համեմատում  եմ Քեոփսի բուրգի հարեւանությամբ գտնվող ամենահայտնի եգիպտական մեծ սֆինքսի հետ: Ղ. Չուբարը եղել է նաեւ իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարն ինստիտուտում: Մի քանի խոսք ասեմ Ա. Բաբաջանյանի արձանի մասին: Չնայած հակասական կարծիքներին, ես այդ արձանն արտակարգ հաջողված եմ համարում: Գտնում եմ, որ լավ է, որ հակասական կարծիքներ կան: Նույնիսկ կային մարդիկ, որ  մեծն Միքելանջելոյի արձանները չէին հավանում: Ես դա բնական եմ համարում: Դ. Բեջանյանին լավ եմ ճանաչում: Մենք ընկերներ ենք եւ միասին սովորել ենք թե՛ ուսումնարանում,  թե՛ ինստիտուտում: Համոզված եմ, որ կգա ժամանակ եւ շատերին դուր կգա անվանի կոմպոզիտոր Ա. Բաբաջանյանի արձանը, որովհետեւ հեղինակը նոր «խոսքով» է հանդես եկել, իսկ դա մի քիչ դժվար է ընկալվում: Ընդհանրապես, ինձ վրա ամենամեծ ազդեցություն թողել են քանդակագործներ  Ա. Հովսեփյանը եւ Ղ. Չուբարը, իսկ օտարներից՝ Օգյուստ Ռոդենն ու Արսիտիդ Մայոլը:

– Ի՞նչ եք կարծում, կա՞ գոնե մեկ հայ կամ օտարազգի զբոսաշրջիկ, որ հավանած չլինի տաղանդավոր քանդակագործ Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը: Անձամբ ես չեմ կարող դրան հավատալ:

– Սասունցի Դավիթի արձանի մեջ քանդակագործը մարմնավորել է ժողովրդի ներքին ուժը, տագնապը: Տարիների ընթացքում իմ հիացմունքն ավելի է աճում այդ գործի հանդեպ:

– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հայ քանդակագործների հայտնի քանդակների ու արձանների կողքին ներդաշնակորեն են դիտվում վերջերս Երեւանում տեղադրված Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը», «Կատուն», «Հռոմեացի զինվորը» գործերը:

– Ինձ համար հարցն է օտարոտի: Ես կուզենայի, որ ամբողջ աշխարհի քանդակներից Հայաստանում լինեն, որ ժողովուրդը տեսնի, թե ինչպե՞ս են ներկայացնում իրենց գործերն օտարները: Ես, քանի գնում, ապազգային եմ դառնում եւ չեմ ուզում միայն ազգայինը երեւա: Չէ՞ որ մենք էլ  Ամերիկա ենք բերում մեր մշակույթը՝ հայկականը:

– Ուզում եմ ասել, որ օտարազգի նկարիչները նորմալ են ընկալվում շատերի կողմից, բայց քանդակագործները՝ ոչ: Համենայնդեպս, ես եմ այդպես ընկալում:

– Միգուցե մարդիկ ժամանակի ընթացքում կսովորեն դրան:

– Նկարիչները հաճախ դիմանկարների, խմբակային նկարների կամ բնապատկերների մասնավոր պատվերներ են ստանում: Արդյո՞ք քանդակագործներն էլ են համանման ձեւով մասնավոր քանդակների, խմբաքանդակների կամ կիսանդրիների պատվերներ ստանում, թե՞ միայն պետական պատվերներ:

– Լինում են եւ՛ մասնավոր, եւ՛ պետական պատվերներ:

– Ի՞նչ պարգեւներ, գովասանագրեր, պատվոգրեր, շքանշաններ կամ կոչումներ ունեք Դուք որպես քանդակագործ, եւ արդյո՞ք  այդ բոլորին որեւէ նշանակություն տալիս եք եւ, եթե՝ այո՛, ապա՝ ինչպիսի՞:

– Ինձ համար դա երբեք էական չի եղել: Միգուցե դա կարող է արվեստագետների երեխաների համար կարեւոր լինի, որ հպարտանան իրենց ծնողներով, բայց իմ երեխաները հպարտանում են, որ ես մեր քաղաքում՝ Վանաձորում մի քանի քանդակներ ունեմ տեղադրված: Իրականում պարգեւներս ու շքանշաններս իմ տեղադրված քանդակներն են: Չնայած չեմ ժխտում, որ հաճելի կլինի պետության կողմից պարգեւատրվել կամ գնահատվել:

– Դուք ԱՄՆ մշտակա՞ն բնակության համար եք եկել, թե՞ շրջագայության:

– Մշտական, որովհետեւ երեխաներս, թոռներս այստեղ են: Է՛հ, որտեղ ընտանիքս, այնտեղ էլ ես:

– Մի փոքր կպատմե՞ք մեր ընթեցողներին Ձեր ապագա ստեղծագործական ծրագրերի մասին: Կարծում եմ՝ դա հետաքրքիր կլինի իմանալ:

– Մտահղացումներ ունեմ, բայց առայժմ պայմաններ չկան ստեղծագործելու համար, ինչպիսին ունեի հայրենիքում: Բացի դրանից, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, որոնք պետք է լուծեմ եւ հետո նոր մտածեմ ստեղծագործելու մասին:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Գլենդել, Կալիֆոռնիա

6 մարտի 2018թ.

 

«Առավոտ»

13.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031