Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԳՄ նիստում վարչապետի թեկնածության հարցը չեն քննարկել

Մարտ 22,2018 23:10

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում վարչապետի թեկնածության հարցը չի քննարկվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պարոն Շարմազանովը պատասխանելով հարցերին ասաց, որ նիստում քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքական հարցեր, հունիսին սպասվող համայնքներում տեղի ունենալիք ընտրությունների հարցը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության 7 ամյա ռազմավարության ծրագիրը:

Պարոն Շարմազանովը նաեւ ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուի հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է. «Մենք պետք է կայացնենք որոշում, որը բացառապես բխում է այսօրվա իրողություններից, մարտահրավերներից: ՀՀԿ-ն կընդունի այնպիսի որոշում, որը բացառապես կսպասարկի ՀՀ-ի պետական ու ազգային շահը: Այդ հարցի շուրջ ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, հետեւաբար պաշտոնապես ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդի նիստում դեռեւս այդ հարցին անդրադարձ չի արվել»:

Պարոն Շարմազանովի խոսքով. «Սակայն նշեմ, որ մամուլի միջոցով գործընկերներս եւ մենք մեր կարծիքն արտահայտել ենք: Իմ կարծիքը հետևյալ է. ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին եւ ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, չունի: Սա բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կիսում են ՀՀԿ-ական մի շարք գործընկերներ»:

Հարցին, թե կան ՀՀԿ գործիչներ, որոնք չեն կիսում այդ կարծիքը, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ պաշտոնապես քննարկում չի ծավալվել եւ այդ հարցի պատասխանը չունի:
Էդուարդ Շարմազանովը ասաց, որ որեւէ մեկն իրավունք չունի մեկնաբանել ՀՀ նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումները, երբ նրանից կարծիք հարցրին Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակելու նախագահի որոշման վերաբերյալ:

Հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար նրան նշանակել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունից հետո, երբ նշել էր, որ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատվել, քանի որ աշխատանքային պայմանավորվածությունները չի կատարել, ինչն անհամատեղելի է հետագա ծառայության համար, պարոն Շարմազանովը նույնպես չմեկնաբանեց՝ կրկին ասելով, որ ոչ ինքը, ոչ էլ մեկ այլ պետական պաշտոնյա, կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները. «Գործող սահմանադրությամբ` գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է՝ ում նշանակել համապատասխան պաշտոնին: Սա Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի լիազորությունների մեջ չի մտնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031