Չմոռանանք՝ ինչի համար էինք հավաքվել

Չմոռանանք՝ ինչի համար էինք հավաքվել

Ինչպես ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հաջողության
պատմություն դարձնել ՀՀ քաղաքացիների համար

Ազգային ժողովը ապրիլի 11-ին միաձայն ընդունեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: «Իր տեսակի մեջ այս կարեւոր փաստաթուղթը նոր էջ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Պետք է անել հնարավորը համաձայնագրի արդյունավետ իրագործման ու դրա ընձեռած բոլոր հնարավորությունները ճիշտ կիրառելու համար: Շարունակելու ենք աշխատել բոլոր ուղղություններով՝ ի շահ այն ընդհանուր հանձնառությունների, որոնք ստանձնել ենք Եվրոպական միության հետ այս համաձայնագրի ստորագրումով: Ի գործ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ադրբեջանի համար ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը լավ առիթ է դարձել Հայաստանին «դավաճան» ներկայացնելու համար: Ադրբեջանական մամուլում պարբերաբար մի քանի ամիս է, ինչ «ռազմավարական դաշնակցին դավաճանելու», «երկու աթոռների վրա նստելու» մասին «վերլուծություններ» են հայտնվում: Հայտնի է, որ ԵՄ-ն նաեւ Ադրբեջանի հետ է բանակցություններ վարում՝ փաստաթղթի ընդունման վերաբերյալ: ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում Արմեն Աշոտյանն օրերս ասել է. «Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ունենա միասնական ձայն Հարավային Կովկասում իր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում»: Ապա նա իր խոսքն ուղղել է քննարկմանը ներկա ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն. «Լավ գիտենք, որ բանակցվում է նաեւ Ադրբեջանի հետ շրջանակային նոր համաձայնագիր, եւ մենք իրոք ակնկալում ենք, որ իրավականորեն պարտադիր ձեւակերպումները տեղ կգտնեն միասնական ոճաբանության եւ բառամթերքի տեսքով երկու երկրների համաձայնագրերում: Սա կարեւոր է ոչ միայն ՀՀ-ի արտաքին քաղաքականության հուզականության տեսակետից, սա նախեւառաջ կարեւոր է ԵՄ-ի համար՝ ընդգծելու, որ այս փաստաթուղթն իրոք ունի ուժ եւ ոչ թե սեկտորալ համագործակցության համար փող տալու համաձայնագիր է, կներեք այս արտահայտության համար: Համաձայնագիրը ունի քաղաքական կարեւորություն, եւ այդ կարեւորությունը չի սահմանափակվում մեզ համար միայն ոլորտային ցուցանիշներով այս կամ այն ուղղություններով ԵՄ-ից ֆինանսներ ակնկալելու եւ փող ստանալու գերակայությունով»:

Բազմիցս նշվել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած Արցախի վերաբերյալ ձեւակերպումները հայկական կողմի համար ընդունելի են, քանի որ դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից աջակցություն ստացած ձեւակերպումներ են: Դա հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու պահանջն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Այն բանից հետո, երբ ԵՄ անդամ պետություններն էլ վավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ԵՄ անդամ բոլոր երկրների համար եւս այս սկզբունքները կդառնան օրենք: Նշանակում է՝ սա դա հիմք է Ադրբեջանի ռազմատենչ, սադրիչ գործողությունները կանխելու տեսանկյունից: ՀՀ իշխանությունների ակնկալիքները ԵՄ անդամ պետություններից, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթում ձեւակերպումների առումով՝ միանգամայն հասկանալի են ու կարեւոր:

Նույնքան կարեւոր է, սակայն, որ Հայաստանն Ադրբեջանից տարբերվելու հարցում ձեռքբերումների հասնի երկրի ներսում իրապես դրական քայլեր իրականացնելով: Հայաստանում իշխանությունները նախ պետք է մտորեն, թե ինչպես ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «հաջողության պատմություն» դարձնեն Հայաստանի քաղաքացիների համար: Դա մեր փոխարեն ԵՄ-ն չի կարող իրագործել: Հիմքը կա, գործի կեսը, ինչպես ասում են, արված է: Պետք է առաջ ընթանալ՝ կարճ ժամանակահատվածում մթնոլորտ փոխելով ու արդյունքներ ցույց տալով: Այդ դեպքում ՀՀ քաղաքացիները կզգան բարեփոխումների արդյունքը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի, այսպես ասած, աշխարհաքաղաքական համատեքստին, Հայաստանի կատարած քայլի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին՝ դրանց ուշադրություն չարժե դարձնել, մանավանդ՝ Ադրբեջանից հնչող «դատողություններին»: Հայաստանի համար իսկապես աշխարհաքաղաքական բախումների կիզակետում հայտնվելը ամենաբացասական սցենարը կարող է լինել:

ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացումն այսօր քննարկվում է ամենատարբեր մակարդակներում: Օրերս հրապարակվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, որում նա այս թեմային անդրադառնալով՝ փաստել է. «Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ընդհանրապես անիմաստ չէ հարաբերություններ զարգացնել բոլոր ուղղություններով: Ընդհակառակը՝ դա շահեկան քաղաքականություն է եւ շահավետ համապատասխան երկրի համար: Չի կարելի հետխորհրդային տարածության երկրներին դնել կեղծ ընտրության առաջ՝ կամ Արեւմուտք, կամ Ռուսաստան: Դա միանգամայն գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանը պնդում էր նման հարաբերություններ ԵՄ-ի հետ, որոնք, որպես ստորագրված փաստաթղթերի բաղադրիչ, իրենց մեջ ներառում են ընդունել Հայաստանի իրավունքներն ու պարտավորությունները մյուս ինտեգրացիոն նախագծերում, կարծում եմ, ճիշտ ուղղությամբ քայլ է»: Լավրովն արդեն արձանագրել է, թե Բրյուսելում առաջ են եկել սթափ դատող մարդիկ. «Արդեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը իրենց փորձագետների մակարդակով շփումներ են ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների հետ: Այժմ հետաքրքրություն է դրսեւորվում այդ փորձագիտական շփումները դարձնել մշտական: Կարծում եմ, որ դա առաջին քայլն է, քանի որ կյանքն ինքնին մեր եվրոպացի գործընկերներին կստիպի աշխատել Եվրասիական տնտեսական միության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի հետ, որը, ի դեպ, ինչպես եւ ՀԱՊԿ-ը, այս փուլում գլխավորում է Հայաստանի քաղաքացի: Ես բավականին լավատեսորեն եմ նայում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ հետագա հարաբերություններին»:

Այնպես չստացվի, որ ոգեւորված սթափ դատող եվրոպացիներով եւ կենտրոնանալով ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության անհրաժեշտությունը թմբկահարելու վրա՝ մոռանանք մեր անելիքը պետության ներսում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 12.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք