Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի բոլոր միջակություններ, ես ձեզ ներում եմ»

Ապրիլ 15,2018 11:08

Մահացել է Միլոշ Ֆորմանը: Աշխարհի միլիոնավոր մարդիկ ճանաչում են նրան նախեւառաջ որպես «Թռիչք կկվի բնի վրայով» հանճարեղ կինոդրամայի հեղինակի: Բայց հասկանալի պատճառներով ես ավելի լավ եմ հիշում չեխ ռեժիսորի մեկ այլ գլուխգործոցը՝ «Ամադեուսը»: «Մոցարտ եւ Սալյերի», «միջակություն եւ հանճար», «ապրել կանոններո՞վ, թե՞ կանոններից դուրս»՝ հավերժական թեմա, որի ամենավառ մեկնությունը 19-րդ դարում տվել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:  «Մոցարտի թունավորման» առասպելը Ֆորմանի մոտ այլ, կարելի է ասել՝ ավելի «ընդհանրացած» երանգ է ստանում:

Իրական Անտոնիո Սալյերին (1750-1825), բնականաբար, մարդասպան չէր, իր գործի բարձր պրոֆեսիոնալ էր, արքունիքի թիվ մեկ երաժիշտը, մեր լեզվով ասած՝ «Ավստրիական կայսրութան ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր»: Սալյերին մեծ աջակցություն էր ցուցաբերել իր երիտասարդ գործընկերներին, այդ թվում Բեթհովենին եւ Շուբերտին: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա հասկանում էր այդ երկու երաժիշտների՝ իրենից ավելի տաղանդավոր լինելը եւ, հետեւաբար, նախանձի թեման սրանով փակվում է: Մոցարտի հետ նա համարյա հասակակից էր՝ ընդամենը 6 տարի էր մեծ եւ որոշ հարցերում, այո, մրցակից էր, բայց որեւէ լուրջ պատմական փաստ գոյություն չունի, որ երկու կոմպոզիտորների հարաբերությունների մեջ անհաղթահարելի հակասություններ կային:

Ֆորմանի (եւ Պուշկինի) դրամաները ոչ թե իրական, այլ «առասպելական» Սալյերիի մասին են: Հայտնի է, որ իտալացին բազմաթիվ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է՝ այդ թվում 40 օպերաների: Եվ ահա ֆիլմն սկսվում է հոգեբուժարանի տեսարանից, որտեղ հայտնվել է Սալյերին, իսկ նրան այցելության է եկել քահանան: Վերջինս ցանկանում է իմանալ, թե ինչով է զբաղվել Սալյերին մինչեւ հիվանդանալը, եւ կոմպոզիտորը սկսում է նվագել դրվագներ իր օպերաներից, որոնք, սակայն, երիտասարդ քահանային ոչինչ չեն ասում: Բայց հենց որ Սալյերին նվագում է Մոցարտի «Փոքրիկ գիշերային սերենադի» սկիզբը, քահանան աշխուժանում է, ոգեւորվում է եւ սկսում է երգել շարունակությունը: Սալյերին եւս մեկ անգամ համոզվում է, որ հանճարի գաղտնիքն իր համար այդպես էլ գաղտնիք մնաց:

Մնացած ֆիլմը Սալյերիի պատմությունն է, որը հիմա ես, բնականաբար, չեմ վերապատմի: Եթե կարճ ձեւակերպենք, ապա կարելի է ասել՝ նա հոգեբուժարան է ընկնում այն պատճառով, որ նրա միտքը չի կարողանում հասնել հանճարի մտքի հետեւից: Մոցարտն իր մանկական ծիծաղով եւ «ցանցառություններով» հանդերձ սավառնում է այնպիսի տեղերում, որտեղ նրա գործընկերը չի կարողանում հասնել: Ֆիլմն ավարտվում է հետեւյալ տեսարանով. Սալյերիի առջեւով անցնում է թշվառ, հոգեկան հիվանդ մարդկանց մի շարք եւ կոմպոզիտորը նրանց «օրհնում է»՝  «աշխարհի բոլոր միջակություններ, ես ձեզ ներում եմ»:

Այս ամենը գրում եմ, որպեսզի նրանք, ովքեր ֆիլմը չեն նայել, ցանկանան այն դիտել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Չի խանգարի, որ դուք էլ մինչև վերջ դիտեք ֆիլմը: Ֆորմանի Սալյերին չի սպանում Մոցարտին: Ողորմի ֆորմանին, հուսով եմ նա էլ ներեց բոլոր միջակություններին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խնդրում եմ, ցույց տվեք այն նախադասությունը, որտեղ ես գրում եմ, թե «Ամադեուս» ֆիլմում Սալյերին սպանում է Մոցարտին:

      • gib.gibindus says:

        “…Իրական Անտոնիո Սալյերին (1750-1825), բնականաբար, մարդասպան չէր,
        Ֆորմանի (եւ Պուշկինի) դրամաները ոչ թե իրական, այլ «առասպելական» Սալյերիի մասին են:
        …” Պուշկին հետ զուգահեռը, ըստ իս, դա է նշանակում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30