Գյումրիում «կախաղան հանեցին ու այրեցին» 58 ՀՀԿ-ականներին․ Զարուհի Փոստանջյանի բողոքի ակցիան (Ֆոտոշարք և տեսանյութ)

Գյումրիում «կախաղան հանեցին ու այրեցին» 58 ՀՀԿ-ականներին․ Զարուհի Փոստանջյանի բողոքի ակցիան (Ֆոտոշարք և տեսանյութ)

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Գյումրիում երթ անցկացրեցին՝  շարժվելով կենտրոնական փողոցներով ու գյումրեցիներին կոչ անելով միանալ իրենց ընդվզմանը։ Զարուհի Փոստանջյանին այսօր ուղեկցում էին նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ու Ռուբեն Հախվերդյանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ և մահապատժի ենթարկեցին. կախաղան հանեցին Ազգային ժողովի ՀՀԿ-ական 58 պատգամավորների` արյունոտ ճակատներով պատկերները։ Իսկ ակցիայի վերջում այրեցին դրանք։

Յուրաքանչյուր ՀՀԿ-ականի պատկեր սարքված էր յուրովի, ոմանց հասցեին  էլ ռեպլիկներ էին գրված։ Ազգային ժողովի պատգամավորներից բացի, կային նաև  Սերժ Սարգսյանի ու առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի պատկերները։ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նրանք բոլորը մեր թշնամիներն են, և իրենք բերման են ենթարկել այսօրվա «գործող բռնազավթիչներին»։

Նա, ցույց տալով Սերժ Սարգսյանի ու Ռիտա Սարգսյանի պատկերներն, ասաց․«Քանի որ այս երկու զույգը ցանկանում  է ցմահ պաշտոնավարել, կեղծեցին Սահմանադրությունը, դեռ  չեն ցանկանում հեռանալ, մենք այս զույգին բերման ենք ենթարկել»։ Ըստ նրա, ոստիկանները պետք է դիմեն պատժիչ գործողությունների և ձերբակալեն այս զույգին։

Նախագահ Արմեն Սարգսյանի մասին խոսելիս էլ՝  նշեց, որ նրա ախորժակն անսահմանափակ է, ընդերքում գտնվող շուրջ 100 միլիարդ դոլարի ոսկով ու արծաթով իր ախորժակն է ցանկանում բավարարել։  «Այդ մարդուն բերել են հատուկ դրա համար, որպեսզի թալանի ընդերքը ու տանի ոսկին»,- հայտարարեց  Զարուհի Փոստանջյանը։

Վերջինս նաև անդրադարձավ Ծաղկաձորում Ազգային ժողովի նիստ անցկացնելուն՝ ասելով․  «Չի բացառվում, որ Ազգային ժողովներն այսուհետ տեղափոխեն Դուբայ կամ մեկ այլ հանգստի գոտի։ Սա նշանակում է, որ մենք ենք ինչ-որ չափով հանդուրժել իրենց, ճիշտ է՝ մեզ ճնշել են, մեր արդար ցասումը բիրտ ուժով ճնշել են, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք իրենց, կարող ենք բացարձակ խաղաղ ճանապարհով ուղղակի իրենց մեկուսացնել»։

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսուհետ որոշումները կայացնելու են նման  հրապարակներում և հավաքված մարդկանց դատին է թողնում, թե ինչպես վարվել  նրանց հետ։

Նա հայտարարեց, որ կառավարումը պետք է լինի փողոցներում՝ փակելով բոլոր փողոցները, օրինակ՝ ըստ նրա, ի՞նչ կարող են անել, եթե փակեն Հյուսիս- Հարավ միջպետական ճանապարհը և փողոց  դուրս գան ժողովրդի հետ։ «Ի՞նչ պետք է իրենք անեն, փակում ենք այդպես իրենց բոլոր հնարավորությունները, իրենք են ընկնում ծուղակի մեջ, ոչ թե մեզ են գցում ծուղակի մեջ և գնում ենք իրենց մեկուսացնելու որոշմամբ։ Արդար դատարանի միջոցով կայացնում ենք այդ որոշումը և նրանց տեղափոխում ենք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ամեն ինչ մեր ձեռքում է,  և մենք ենք փոխողները, առաջին հերթին մենք պետք է պայքարենք մեր գետնի, մեր հողի վրա և նաև մեր Սփյուռքը մեզ սատարի ու թիկունք կանգնի։Եվ պայքարը պետք է լինի ցանցային, այլ ոչ թե մի վայրում և մի քանի օրվա համար։ Եթե անհրաժեշտ է, պայքարը պետք է լինի երկարատև, եթե շատ արագ ենք կազմակերպում, մենք կտեսնենք պայքարի պտուղները»։

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ Հայաստանում չեն գործում ո՛չ խորհրդարան, ո՛չ կառավարություն,, ոչ էլ նախագահություն,  չունենք ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն, կա ժողովուրդ, որին բռնազավթել են ՀՀԿ-ականները և որոնցից պետք է ազատվել։ «Բոլորս պետք է լինեն առաջնորդ, բոլորս պետք է լինենք զինվոր և լինենք փողոցներում», -ասաց նա։

Նա նաև ելույթ ունեցավ ու պատասխանեց լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք միանալ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք