Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ո՞վ ես, դու քեզ ինչի՞ տեղ ես դրել, царь и бог-ն ես, Աստված ես, ո՞վ ես» Փաշինյանի պատասխանը՝ իր լիդերի դերի ու իր թիմի մասին

Ապրիլ 19,2018 17:02

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ի իր ելույթներից մեկում խոսելով իշխանափոխության, սուպերլիդերության ու հանրահավաքներ անողների 20 տարվա փորձի ու իր նախընտրած ինստիտուցիոնալ ընդդիմության մասին՝ ասել էր. «Սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպերթիմերի»:

Նրա խոսքով՝ «Վերջին 20 տարիներին վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են, էդ լիդերը միշտ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնել ու ոչ մեկը հետո չի ասել՝ բայց դու ո՞վ ես, որ էդ որոշումը կայացնես, դու քեզ ինչի՞ տեղ ես դրել, ցար ի բոգ ես, Աստված ես, ո՞վ ես, որ ասես՝ էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում»: Ըստ նրա, այդ առաջնորդի ծնկները, ով էլ նա լինի, ինչքան էլ հզոր ու իմաստուն լինի, ծալվելու են, որովհետեւ դա նույնն է, որ 1000 կգ-անոց ծանրաձող բարձրացնի:

Aravot.am-ը այսօր հիշեցնելով Փաշինյանին իր այս խոսքերը՝ հարցրեց՝ հիմա դուք այդ նույն սուպերլիդերի լիազորությունները չե՞ք վերցրել ձեր վրա ու մտավախություն չունե՞ք, որ ձեր ծնկներն էլ կծալվեն: Փաշինյանը պատասխանեց. «Իրականում մենք շատ հզոր թիմ ունենք եւ իմ քայլարշավում ես մինիմալ ներդրում եմ ունեցել կազմակերպչական աշխատանքներում: Նրանք, ովքեր արշավի ընթացքում ուղեկցել են, տեսել են դա: Ես ուզում եմ մեր թիմին շնորհակալություն հայտնել այս հսկայածավալ աշխատանքի համար, որ անում են: Դուք տեսնում եք՝ ես առավոտից իրիկուն փողոցներում եմ, ո՞վ է անում մնացածը, ո՞վ»:

Մեր դիտարկմանը, որ լիդերը՝ առաջնորդողը դուք եք՝ Փաշինյանը պատասխանեց. «Այո, առաջնորդողը ես եմ, բայց առանց իմ թիմի ես ոչ մի բան եմ»:

Ըստ նրա, սա հենց այն սուպերթիմն է, որի մասին ինքը խոսում էր ժամանակին:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով՝ դուք սա՞ նկատի ունեիք եւ այս քայլերը տեղավորվո՞ւմ են դրա շրջանակում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ինստիտուցիոնալ ընդդիմության առումով մենք ինչ-որ քայլեր արել ենք, բայց մենք ավարտին չենք հասցրել այդ պրոցեսը եւ այս շարժման պատճառներից մեկը գիտակցումն է, որ հանրային տրամադրության բեկում է պետք՝ ինստիտուցիոնալ կառույցներ ունենալու, ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ունենալու համար եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Մեր հարցին՝ ԱԺ-ում Դուք ասում էիք՝ դու царь и бог-ն ես, ո՞վ ես, որ 100 հազար մարդու փոխարեն որոշես՝ էսօր հանրահավաք անում ես, էսօր՝ չես անում, հիմա դուք այդ նույն գործառույթը չե՞ք վերցրել ձեր վրա՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես, ճիշտ ասած, царь и бог-ի ֆունկցիայի հավակնություններ չունեմ: Ինչ վերաբերում է իմ ելույթին, ես այնքան շատ ելույթներ եմ ունեցել, պետք է տեսնեմ ինչ եմ ասել, որովհետեւ ձեր ասած կոնտեքստն ինձ համար անծանոթ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30