Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եվրաբոնդերի եկամտաբերությունը նահանջեց

Ապրիլ 26,2018 17:36

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց, թե վերջին օրերին Հայաստանի իրադարձությունները՝ բողոքի ցույցերը, շարժումն ինչ ազդեցություն է ունենում մեր երկրի տնտեսությունում եւ ֆինանսական շուկայում: Արամյանի խոսքերով՝ եթե այս ցույցերը երկար շարունակվեն, ապա դրանք տնտեսության ակտիվության աճի վրա բացասական ազդեցություն կունենան:

Ներկայացնելով եվրապարտատոմսերի (եվրաբոնդերի) վերջին օրերին եկամտաբերության ցուցանիշը, Արամյանը հղում անելով Բլումբերգին, ասաց. «Ապրիլի 13-ին եվրապարտատոմսերի եկամտաբերության կորը համահունչ էր գլոբալ զարգացումներն: 13-ից հետո սկսեց կտրուկ բարձրանալ, սա նշանակում է ֆինանսական շուկայի մասնակիցներն արագ են արձագանքում շուկայի դրական կամ բացասական երեւույթներին: Այդ առումով մինչեւ ամսի 23-ը եկամտաբերության աճ եղավ: Հետո Սերժ Սարգսյանի՝ հրաժարականի հայտարարությունից հետո հետնահանջ եղավ: Այսօր գլխիկը շրջել է, կարծես թե, բարձրացել է վերեւ: Շուկայի մասնակիցները հետեւում են սրան: Հենց ամսի 25-ին, երբ մարդիկ նորից դուրս եկան փողոց՝ նվազել է, հետո նորից բարձրացել»: Արամյանն ասաց, որ այս օրերին փոխարժեքը կայուն է, եւ որեւիցե վատատեսական կանխատեսումներ չկան:

Այդուհանդերձ, ըստ Արամյանի, որքան իրավիճակի լարվածությունը սրվում է, դա այնքան վատ է ազդում տնտեսության վրա: Ստեղծված իրավիճակում քաղաքական ինչպիսի լուծում կարող է լինել, ըստ Արամյանի՝ «Խնդրի լուծումը երկխոսության մեջ է, այն, ինչ դրված է օրենքով: Կառուցողական լուծում պետք է լինի»:

Անդրադառնալով եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությանը, Արամյանը նկատեց, որ այն դրական կազդի մարդկանց եկամուտների վրա:

Բացի այս, կառավարությունը, ինչպես ասաց Արամյանը, նախատեսում է 2019-ին կենսաթոշակների բարձրացում, թե որքանով, Արամյանն ասաց, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով վերջանական պարզ կլինի:

Միջազգային Moody’s Fitch ընկերությունները 2017-ին մեր երկրի տնտեսությունում դրական զարգացումներ են արձանագրել, սակայն, ինչպես ասաց Արամյանը, ապագայում, եթե ՀՀ-ում այս լարված իրավիճակը շարունակական լինի, հնարավոր է բացասական ազդի տնտեսության ակտիվության վրա եւ միջազգային վարկանիշային կազմակերպությունները հաշվի առնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30