Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածում եմ, որ բոլոր հարցերում Երեւանը կցանկանա Կրեմլի «դուդուկի տակ պարել»

Հուլիս 06,2016 16:30

«Առավոտ»-ի հարցազրույցը ուկրաինացի քաղաքագետ, Կիեւի Հասարակական հարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Մագդայի հետ

– Պարոն Մագդա, ինչպիսի՞ն եք տեսնում Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններում հետագա զարգացումները կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքում, եւ այդ ամենն ինչպե՞ս կանդրադառնա մեզ, այսպես կոչված՝ «հետխորհրդային տարածքի» երկրների վրա:

– Ռուսաստանը հանգիստ չի թողնի Ուկրաինային, դա ակնհայտ է: Ժողովրդավար, ազատ Ուկրաինայի գոյությունը Կրեմլի համար լուրջ մարտահրավեր է: Դոնբասի հակամարտությունում Կրեմլի կողմից իր անմիջական մասնակցության հերքումն ուղեկցվում է Վլադիմիր Պուտինի կողմից «եղբայրական ուկրաինացի ժողովրդի» մասին հռետորաբանությամբ: Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհում արդեն հարց են տալիս, թե ինչպես է Ռուսաստանը վարվելու մյուս` «ոչ եղբայրական» ժողովուրդների հետ:

3-1

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիմակայությունն արդեն իսկ ազդել է աշխարհակարգի վրա, կասկածի տակ է դրել ոչ միայն Բուդապեշտյան գագաթնաժողովի կենսունակությունը, որը երաշխավորում էր մեր երկրի անվտանգությունը միջուկային զենքի հրաժարումից հետո, այլեւ միջազգային հարաբերություններում զսպումների եւ հակակշիռների ողջ մեխանիզմը: Կարծում եմ՝ ուկրաինականի պարագայում Կրեմլը մտադրվել էր կազմակերպել ցուցադրական ծեծ, որի արդյունքները կունենային բարոյալքող ազդեցություն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների վրա: Բայց Ուկրաինան շարունակում է դիմադրել` չնայած Ռուսաստանի ղեկավարության հաշվարկներին, ըստ որոնց՝ մեր երկիրը չի դիմանա Ղրիմի անեքսիային եւ Դոնբասում հակամարտության բռնկմանը:

– Սեւ ծովը, Սեւծովյան ավազանը Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի միջեւ կապող օղակ է: Սեւծովյան տարածաշրջանի այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռումինիան եւ Բուլղարիան, ինչպես նաեւ Թուրքիան, հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ, դաշինք, որին ինտեգրվելու առաջնահերթություն են հայտարարել Ուկրաինան եւ Վրաստանը: ՆԱՏՕ-ն հայտարարել է Սեւ ծովում ներկայության ավելացման մտադրության մասին` նպատակ ունենալով զսպել Ռուսաստանին, որը ուկրաինական Ղրիմը անեքսիայի ենթարկեց, որն իր հերթին ընդլայնում է իր ռազմական ազդեցությունը: Ռուսաստան-ՆԱՏՕ նման բարձր աստիճանի առճակատման, ձեր երկրի նկատմամբ հիբրիդային պատերազմի պայմաններում, ինչի մասին Դուք գիրք եք գրել, ի՞նչ ելքեր եք տեսնում այս կարեւոր տարածաշրջանում իրավիճակից դուրս գալու ուղղությամբ, եւ ինչպիսի՞ն են Ուկրաինայի հնարավորություններն ու մտադրությունները` որպես սեւծովյան խոշոր եւ կարեւոր երկրի:

– Ռուսաստանն անեքսիայի ենթարկած Ղրիմը վերածում է իր «չկործանվող ավիակիրի»` շեշտելով պատրաստակամությունը տեղակայելու թերակղզու տարածքում միջուկային զենք: Ռուս զինվորականները մտադիր են ապացուցել աշխարհին, որ նեղուցների գործոնը ժամանակակից աշխարհում նշանակություն չունի: Ուկրաինային պետք է ոչ միայն լուծել տարածքային ամբողջականության խնդիրը, այլեւ ամրապնդել իր դիրքերը սեւծովյան տարածաշրջանում: Պարադոքսալ կերպով Ռուսաստանը սկսելով իր ագրեսիան` չթողեց ընտրություն Ուկրաինայի համար. մեր երկիրը պետք է փոխվի եւ հաղթի: Ես չեմ բացարձակացնում այս հարցում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մերձեցման հեռանկարները՝ ենթադրելով, որ մեր երկիրը պետք է խաղադրույքը դնի սեփական ներուժի վրա: Ուկրաինական բանակն ամրապնդվել է եւ կոփվել Դոնբասի մարտերում ու այսօր ռազմական լուրջ ուժ է հանդիսանում: Բայց ինչպես հայտնի է, բացառապես ռազմական միջոցներով երկրի հեղինակության ամրապնդման հարցը հնարավոր չէ լուծել, այդ պատճառով Ուկրաինան պետք է տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու նպատակով փնտրի քաղաքական ուղիներ:

– Թուրքիան Ուկրաինայի հարեւանն է եւ ՆԱՏՕ-ի անդամ: Սակայն այդ երկրում ներքաղաքական գործընթացները, որտեղ ըստ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի բնորոշման` «մեկ մարդու» քաղաքական համակարգ է ձեւավորվում, իսկ նրա ղեկավարության հռետորաբանության հիմնական ուղղությունը հակաարեւմտյան է, երբեմն վիրավորական հակալիբերալ հարձակումներով, ներքին անկայունությունը, եվրոպացիներին շանտաժի ենթարկելը` Մերձավոր Արեւելքից փախստականների խնդրի համատեքստում եւ Եվրոպայից դուրս այլ ճգնաժամային երկրներից, ավելի հաճախ են ստիպում արեւմտյան քաղաքական գործիչներին եւ փորձագետներին համարել, որ Թուրքիան խնդրի լուծում չէ, այլ ինքը հենց խնդիր է, ընդ որում՝ ավելի ու ավելի աճող խնդիր: Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության համատեքստում, ինչպես նաեւ Թուրքիայի հետ աննախադեպ լարվածության ֆոնին թուրք-ուկրաինական հարաբերությունների մերձեցման միտում կա՞: Ձեր կարծիքով՝ որքա՞ն կարող են «խորանալ» Ուկրաինան եւ Թուրքիան իրենց փոխհարաբերություններում, եւ Կիեւի համար կա՞ն այստեղ վտանգներ:

– Ռուս-թուրքական հարաբերություններում սառեցումը 2015-ի վերջին ստեղծեց եզակի հնարավորություն Ուկրաինայի համար Սեւծովյան տարածաշրջանում նոր հզոր դաշնակից գտնելու առումով: Գործընկերության համար հիմքերը քիչ չեն. ե՛ւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ձգտումը, ե՛ւ անվտանգության ոլորտում համագործակցությունը (Ուկրաինան եւ Թուրքիան ունեն միմյանց առաջարկելու բան), ե՛ւ Ղրիմի թաթարների գործոնը, որոնք բնակվում են Ղրիմում եւ Թուրքիայում: Այն իրավիճակը, որում հայտնվեց Ուկրաինան 2014-ի գարնանից` դաշնակիցներին չեն ընտրում, թեեւ ֆորմալ առումով Կիեւն ունի երկու տասնյակ ռազմավարական գործընկերներ՝ ներառյալ Ռուսաստանը: Բայց Անկարայի հետ մերձեցումը հազիվ թե արագ տեղի ունենա, քանի որ Թուրքիայի ձգտումը` տիրել Սեւծովյան տարածաշրջանում, ստիպում է Ուկրաինայի մեջ տեսնել մրցակցի: Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը՝ ավելի մեծ արտաքին քաղաքական մաչոյի, քան Վլադիմիր Պուտինինն է, չի ենթադրում զիջումներ Ուկրաինային: Այնպես որ, մեզ սպասվում է պրագմատիկ դաշինք` ըստ հաշվարկի:

 

– Պարոն Մագդա, չնայած այն բանին, որ հայ-ուկրաինական հարաբերությունները սկիզբ են առնում Կիեւյան Ռուսիայի ժամանակներից, այնուամենայնիվ, անկախ Ուկրաինան եւ Հայաստանը իրենց անկախության քառորդ դարի ընթացքում «հասցրել» են միջպետական հարաբերություններում թողնել որոշակի «ավերածություններ», սկզբում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում, իսկ հետո Ուկրաինայի ճգնաժամի՝ կապված ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ձգտման հետ, Ձեր երկրի արեւելյան շրջաններ ռուսական զորքերի ներխուժման, Ղրիմի հարցում: Փաստացի պաշտոնական Երեւանն ու Կիեւը միջազգային հարթակներում քվեարկում են իրար դեմ, հայտարարություններ են անում, որոնք այդ «փլատակները» միջպետական հարաբերություններում ավելի են մեծացնում, ինչը միայն կարող է ուրախացնել տարբեր «երրորդ ուժերին»: Ինչպե՞ս կանգնեցնել այս թափանիվը: Որո՞նք են առաջնահերթ քայլերն այս ուղղությամբ, եւ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջպետական հարաբերությունների հեռանկարը:

– Ցավոք, Ուկրաինան եւ Հայաստանը հաճախ «չեն տեսնում» միմյանց մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Չէի ցանկանա այսօր կանգ առնել Երեւանի եւ Կիեւի հարաբերություններում սխալների վրա, առավել կարեւոր է տեսնել ընդհանուր հեռանկարները: Իմ կարծիքով՝ գաղտնիքը պրագմատիկ հարաբերություններն են տնտեսական շահերի եւ փոխադարձ հարգանքի հիմքում: Թեեւ Հայաստանը ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ է, ես կասկածում եմ, որ բոլոր հարցերում Երեւանը կցանկանա Կրեմլի «դուդուկի տակ պարել»: Երկկողմ հարաբերությունների ակտիվացման հարցում կարեւոր է առաջին քայլը, որը պետք է անի, ըստ երեւույթին, Ուկրաինան, որպես ավելի հզոր պետություն:

– Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունը, Գոլոդոմորը եւ Հոլոքոստն անվանեց ամենամեծ ցեղասպանությունները, ընդդեմ մարդկության ամենամասշտաբային հանցագործությունները, որոնք իրագործվել են 20-րդ դարում: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը պատմական որոշում կայացրեց՝ ոչ միայն ընդունեց Ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում, այլեւ տեղի ունեցածում Կայզերական Գերմանիայի պատասխանատվությունը: Ցավոք, Հայաստանում եւ Ուկրաինայում հասարակությունները քիչ գիտեն ուկրաինական Գոլոդոմորի եւ Հայոց ցեղասպանության մասին, հաճախ այդ խնդիրների նկատմամբ վերաբերմունքը կոնյունկտուրային քաղաքական նկատառումներով է պայմանավորված: Ինչպե՞ս եք դա գնահատում, եւ համատեղ քայլերի ի՞նչ հնարավորություններ եք տեսնում գոնե ոչ կառավարական մակարդակում, որպեսզի այս հարցերի շուրջ արդար մոտեցում ձեւավորվի:

– Մարդկության դեմ հանցագործությունների մասին խոսել ոչ միշտ է հեշտ, չէ՞ որ հանցագործները հաճախ պատիժ չեն կրում: Մեր ժողովուրդների նկատմամբ գործած ցեղասպանությունը միավորում է Հայաստանին եւ Ուկրաինային, եւ ուկրաինացիները կարող են սովորել հայերի դրսեւորած այն հաստատակամությունից, որով նրանք ձգտում են վերականգնել արդարությունը: Կարծում եմ, որ մեր երկրներին անհրաժեշտ է միավորել իրենց ջանքերը ցեղասպանությունների հումանիտար հետեւանքների եւ 21-րդ դարում դրանց կանխարգելման հարցում ակտիվ դիրքորոշման ձեւավորման շուրջ: Ի դեպ, Գոլոդոմորի հարցում ռուսական դիրքորոշման համատեքստում, որով Ռուսաստանում փորձում են կամ լռել, կամ զրպարտել, չէի բացառի նաեւ նման մոտեցումը Կրեմլի կողմից Հայոց ցեղասպանության նկատմամբ:

– 2016 թվականին Ուկրաինայում կնշվի հայկական տպագրության 400-ամյակը: Ուկրաինայում հայկական մեծ համայնքը, հայկական կազմակերպությունները, մասնավորապես՝ Ուկրաինայի հայ համայնքը մտադիր են նշել այդ իրադարձությունը: Ֆրանսիայից հետո` Ուկրաինայի հայկական համայնքը մեծությամբ երկրորդն է: Ուկրաինայի հայերը կամավոր կռվում էին Ուկրաինայի բանակի եւ ազգային գվարդիայի շարքերում, մասնակցում էին Ուկրաինայի ազատության համար մարտերին, նրանց մեջ տասնյակ զոհեր եղան, հարյուրավորները պետական պարգեւների արժանացան, հայկական համայնքը մեծ ներդրում է ունեցել Ուկրաինայի բանակի նյութատեխնիկական մատակարարման հարցում: Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հայ քաղաքացիների դերը երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:

– Կուզենայի հիշեցնել, որ Եվրոմայդանում առաջին զոհերից էր Սերգեյ Նիգոյանը, եւ այդ մասին Ուկրաինայում լավ են հիշում: Կարծում եմ, որ Ուկրաինայի հայ քաղաքացիները նշանակալի ներդրում են ունեցել ուկրաինական քաղաքական կյանքի ձեւավորման գործում եւ նշանակալի դեր են խաղում մեր երկրում քաղաքացիական եւ մշակութային կյանքի ձեւավորման համար: Այս փաստը թույլ է տալիս լավատեսությամբ դիտարկել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարը, չէ՞ որ պետական քաղաքականությունը ձեւավորում են մարդիկ եւ նրանց միջեւ հարաբերությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031