Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական «խաղից դուրս»

Մարտ 03,2017 10:10

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված տարբեր կարծիքների խճապատկերում կա մի հոսանք, որն առաջարկում է ընտրություններն ակտիվորեն բոյկոտել եւ բոլոր խնդիրները լուծել փողոցում: Եթե թույլ տրվի կատարել ֆուտբոլային զուգահեռ, ապա դա արհեստական «խաղից դուրս» վիճակի նման մի բան է՝ պահանջում է թիմից խիստ համաձայնեցված, սինխրոն գործողություններ: Եթե պաշտպաններից մեկը որոշակի պահի, բոլորի հետ միասին առաջ չի վազում, ապա խաղից դուրս վիճակ չի ստացվում, իսկ դարպասապահդ մնում է հարձակվողի հետ մեն-մենակ: Այն դեպքում, երբ հասարակության զգալի մասը կողմ է բոյկոտի, եւ այդ շարժումն ունի վառ արտահայտված լիդերներ, կազմակերպիչներ՝ իրենց նախօրոք մշակած ծրագրով, այդ դեպքում, այո, բոյկոտը կարող է աշխատել: Բայց այսօր ընդդիմության մեծ մասը մասնակցում է ընտրություններին եւ համապատասխան քարոզչություն է իրականացնում: Այս պարագայում բոյկոտելը կնշանակի իշխանությանը ձայներ նվիրել:

Ինչ մնում է «փողոցին»: Դրա տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Սովորաբար՝ սկսած մոտավորապես 1992 թվականից, ընդդիմությունը դրա տակ հասկանում է հետեւյալ քայլերը. հավաքել Ազատության հրապարակում որոշակի քանակությամբ մարդկանց, հասցնել նրանց «ճիշտ կոնդիցիայի», այնուհետեւ տանել նրանց դեպի Բաղրամյան-26՝ նախագահի հրաժարականը եւ անհապաղ իշխանափոխություն պահանջելու: 24 տարվա ընթացքում այդ իմաստով «փողոցն» իր նպատակին չի հասել: Եվ ես կարծում եմ՝ դա շատ լավ է: Որովհետեւ՝ եթե մի անգամ նախագահի կամ, մոտ ապագայում, վարչապետի նստավայրի գրոհը հաջողությամբ ավարտվի, ապա երկու ամիս անց մեկ ուրիշ խումբ, համոզվելով, որ հնարավոր է այդ ձեւով իշխանափոխություն անել, դարձյալ այդ փորձը կանի: Եվ այսպես շարունակ: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք արտաքին մարտահրավերները, զուտ ներքին կյանքի տեսանկյունից դա որեւէ հարց չի լուծի՝ ոչ տնտեսության, ոչ էլ քաղաքականության մեջ:

Բայց դա ամենեւին չի նշանակում, որ փողոցային ակցիաները՝ խաղաղ հանրահավաքները, պիկետները, երթերը քաղաքական պայքարում կարեւոր դեր չեն խաղում: Պարզապես նման հարթակները չեն կարող լինել ուղղակի տեղեկատվություն հաղորդելու միջոց (հիմա այլընտրանքային միջոցները բազմաթիվ են), ոչ էլ քաղաքական գործիչների «իմպրովիզացիաների» վայր՝ «ժողովո՜ւրդ, ո՞վ է կողմ գնալ Բաղրամյան-26», «չէ՜, գնանք դատախազություն», «չէ՜, ճիշտը փողոց փակելն է»: Փողոցային պայքարի կազմակերպիչները պետք է ունենան նախօրոք մշակած հստակ ծրագիր, որը պետք է լինի, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային», նաեւ՝ խորհրդարանական, նաեւ քարոզչական պայքարի մի մասը:

Եվ ամենակարեւորը՝ պետք է պարզ լինի, թե ինչ են քաղաքական ուժերն ուզում անել՝ փողոցում, թե ընտրությունների միջոցով: Առայժմ, բացի սնամեջ բառերից, այլ բան չենք լսում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ինչպե՞ս կարող եմ չհամաձայնել…

  2. Ruben says:

    Արհեստակցական միությունների (արհմիությունների) մասին ՀՀ օրենքը մնաց սառույցին գրված:
    Եթե արհմիությունները գործեն, ձրիակերների ոչ մի կուսակցություն պետք չէ:

  3. Աբո says:

    Խաղից դուրս վիճակը կայանում է այն դեպքում, երբ թիմը ամբողջ կազմով ետ է քաշվում իսկ հակառակորդը մնում է մեն մենակ, նրա մոտ է գնդակը, դարպասը ազատ է, բայց արդեն ամեն ինչ անիմաստ է: Այս 25 տարուց ավել է մեր ազգը հտ է քաշվում ( հեռանում է) մի որոշ ժամանակ անց կմնան իրենք իրենցով, ամեն ինչ կլինի իրենց ձեռքում, բայց անիմաստ:
    Սա կլինի իրենց համար իսկական «խաղից դուրս վիճակ»:

  4. gib.gibindus says:

    Խաղից դուրս վիճակում է համարվում ֆուտբոլիստը, ով մրցակցի կիսադաշտում գտնվելիս փոխանցում է ստանում սեփական թիմի ֆուտբոլիստից և փոխանցման պահին նրա և մրցակցի դարպասի միջև կա միայն մի հոգի մրցակից թիմից: Կրկնում եմ` ՄԻ հոգի: Այդ մի հոգին կարող է լինել կամայակն խաղացող`դարպասապահը, կամ եթե նա վռազ գործով տեղ է փախել`այլ խաղացող: Սա ընդհանրապես, ֆուտբոլի կանոնների մասին: Փորձել եմ ստուգել`նույնիսկ մեր ֆուտբոլիստների մի մաս չգիտի կանոնը: Իսկ ընտրությունները… Մեկն ասի, թե ի՞նչ եք ընտրում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031