Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ». Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ աշխատանքները բոյկոտելու մասին

Սեպտեմբեր 12,2022 12:14

ՀՀ ԱԺ այսօր մեկնարկած հերթական նստաշրջանին զուգահեռ, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հանրային քննարկում են անցկացնում՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով։ Իր բացման խոսքում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր կարեւոր օրակարգերի շուրջ նման քննարկումներ են լինելու առաջիկայում՝ խորհրդարանից դուրս, ճգնաժամային իրավիճակներից ելք գտնելու եւ իրական ազգային օրակարգ թելադրող կենտրոններ ձեւավորելու նպատակադրությամբ, որոնք անհրաժեշտ պահին նաեւ առաջնորդողի դերը կստանձնեն:

Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ այն պահին, երբ հայ ժողովրդի իրական մտավորական, փորձագիտական եւ քաղաքական շրջանակները քննարկում են պետության առջեւ ծառացած խնդիրները՝ փորձելով լուծումներ գտնել՝ «ԱԺ պատերի ներսում շարունակվում է կրկես հիշեցնող շոուն»:

«Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այս ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է 2020 թվականի պատերազմից հետո ձեւավորված իրականությունում: Իրականություն, որը մեզ պարտադրում էր լինել ավելի կազմակերպված, բոլոր ջանքերը ներդնել մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար»,- իր խոսքում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ այս գումարման խորհրդարանը թերեւս դրանով պետք է տարբերվեր մյուս գումարումների խորհրդարաններից: Իր գնահատմամբ, «պարտության եւ ամոթի» ձեռքով, այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ կմնա իբրեւ ամենախայտառակ խորհրդարանը, որտեղ «իշխող մեծամասնության պատճառով, իսպառ բացակայում է ազգային եւ պետական շահը»:

Անդրադառնալով ԱԺ աշխատանքները բոյկոտելու՝ ընդդիմության որոշմանը, բանախոսն ասաց, որ Հայաստանի իրական օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային, պետական ուղեգծի հաստատում եւ ընդդիմությունը հարյուր հազարավոր քաղաքացիներից մանդատ է ստացել՝ հենց այդ օրակարգը պահպանելու համար: ՀՀ գործող իշխանությունն ու ԱԺ մեծամասնությունը, ըստ Իշխան Սաղաթելյանի, աշխատում են այդ օրակարգի դեմ՝ նոր սպառնալիքներ ստեղծելով պետության եւ ժողովրդի համար: Նա կարծում է, որ այսօր ՀՀ ԱԺ-ում կա ամեն ինչ, բացի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահի սպասարկումը, եւ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա խոստացած ու նաեւ դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ստորագրել եւ դեմ արտահայտվել Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին, ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն՝ Հայաստանի կողմից ընդունված կարմիր գծերի մասին, մասնավորապես հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Ուրեմն, հարկավոր է նրանց մենակ թողնել՝ թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ՀՀ թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն եւ հասկանան, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հայաստանյան առողջ ուժերը, հայ ժողովուրդը՝ տեր են իրենց հայրենիքին եւ «ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»:

Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ իրենք ոչ միայն շրջելու են ամոթի եւ պարտության այս էջը, այլ զարթոնքի նոր էջ են բացելու, այդ ներուժը կա՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Իրավիճակից ելքը ընդդիմությունը շարունակում է տեսնել նոր կառավարության ձեւավորման մեջ : Նման քննարկումներն էլ նպատակ ունեն՝ միատեղել հայ ժողովրդի ուժերը, ստեղծել հանրային եւ քաղաքական ինստիտուտներ, որոնք ի զորու կլինեն առաջնորդել ժողովրդին: Իսկ «Դիմադրության» շարժումը, իր կարծիքով մի շարք ձեռքբերումներ է ունեցել, որոնցից գլխավորը հետեւյալն է՝ աշխարհին ցույց են տվել, որ գործող իշխանությունը մանդատ չունի Հայաստանը նոր կապիտուլյացիայի տանելու:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930