Լրահոս
Օրվա լրահոսը

«7 շրջանների հանձնում. ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն նույն հարթության վրա են». Արա Պապյան

Մարտ 08,2017 15:41

«Միայն պատժիչ գործողությունները ետ կմղեն Ադրբեջանին պատերազմի սպառնալիքից»,-վստահ է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը`անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանի հետ բանակցությունները դադարեցված են, պարոն Պապյանը մեկնաբանեց. «Սա ներկայիս վիճակի արձանագրումն էր: Եվ դրա մեղավորն Ադրբեջանն է, ու թող իրենց մեղադրեն: Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները`երեքն էլ, մեծագույն և չարդարացված զիջումների են գնացել, բայց անգամ դրանով հանդերձ` մենք չկարողացանք Ադրբեջանին համոզել, որ մի բան էլ ինքը զիջի»:

Ղարաբաղյան հակամարտության հարցը պարոն Պապյանը դիտարկում է նաև ներքաղաքական հարթությունում: Ըստ նրա` բոլոր ուժերն էլ հանդես են գալիս նույն սկզբունքի շուրջ, բայց որոշակի տարբերություններով. «Սկզբունքը փոխզիջումն է, բայց դրա ընկալումները տարբեր են: ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն փոխզիջում ասելով` հասկանում են յոթ շրջանների հանձնումը: Այդ հարցում նրանք նույն հարթության վրա են: Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ կողմ է եղել Կազանի փաստաթղթին: ՀԱԿ-ի տեսակետին էլ ծանոթ լինելով` ակնհայտ է, որ դրանք նույնական են»:

Արա Պապյանը հույսը կորցրել է, որ բանակցային ճանապարհով կարելի է հասնել փոխադարձաբար ընդունելի վիճակի. «Եթե իննսունականներին կար այդ հույսը, հիմա չեմ տեսնում դա: Այս համատեքստում նաև որևէ զիջման իմաստ չեմ տեսնում»: Կրկին անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը, և հարցին` արդյոք դրանում կա՞ր ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք, պարոն Պապյանը չթաքցրեց, որ Ադրբեջանը բազմիցս է սպառնացել ու դեռ կսպառնա. «Նա անում է այնքան գործողություններ, ինչ կարող է: Ապրիլին ավելին չկարողացավ: Իմ կարծիքով, եթե մենք մի փոքր ավելի ուրիշ կերպ իրականացնեինք այդ ամենը, հնարավոր է` մենք ձեռքբերում ունենայինք: Միակ կանխիչ քայլը, որ ՀՀ-ն կարող է այժմ անել, կոնկրետ պատժիչ գործողություններն են: Երբ Ադրբեջանը գնում է ռազմական բախման սրացման, ինքը հաստատ պետք է իմանա, որ դրանից մարդկային ու տարածքային կորստով է դուրս գալու»:

Արա Պապյանը ղարաբաղյան հակամարտության ներկայիս փակուղային իրավիճակը պայմանավորում է մեր երկրի վատ կառավարմամբ: Այս առիթով նա շեշտեց, թե ժամանակին ընդամենը 7-8 զոհ էինք ունենում տարվա կտրվածքով, իսկ հիմա մենք շատ ավելի զոհեր ենք ունենում, օրինակ` նաև վատ ճանապարհների պատճառով և որի համար պետությունը պատասխանատվություն չի կրում:

Անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի և Վլադիմիր Սոլովյովի` Հայաստան այցին` պարոն Պապյանն ընդգծեց. «ՌԴ-ն նկատում է, որ իր ազդեցությունը Հայաստանում թուլանում է, և փորձում են քավության նոխազներ գտնել, մեղադրել օտարերկրյա գործակալներին  ու անհատներին: Դրա վկայությունն է ՀՀ դեսպանի պատմությունը: Իմ կարծիքով` հակառուսական տրամադրություններ հրահրողը, եթե դրանք կան Հայաստանում, Ռուսաստանն է: Նա չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները և տնտեսական առումով պարզապես կեղեքում է Հայաստանին: Ի՞նչ է նշանակում սահմանի վրա գազը մի գնով վաճառել իր իսկ դուստր կազմակերպությանը, որը կրկնակի ավել մեզ վրա է գազը վաճառում: Մենք երկու անգամ բարձր ենք վճարում եվրոպական գներից: Որոշ մասնագետների կարծիքով, եթե գազի կալորիականությունն էլ հաշվենք, ապա երկու անգամից էլ բարձր»:

Արա Պապյանը մտահոգված է, թե ռուսական ռազմաբազայի գործունեության հետ կապված կա սխալ ձևավորված կարծրատիպ, որ եկել լավություն են անում, բայց դա ամենևին էլ այդպես չէ. «Ես դեմ չեմ ռուսական ռազմաբազային, բայց նա պիտի վճարի իր բոլոր ծախսերը Հայաստանում տարածքի օգտագործման համար: Մեկը 5-10 քմ տարածքով կրպակ է դնում, դրա համար գումար են գանձում: Ինչո՞ւ ռուսներից հողի վարձ չեն ուզում, իսկ այդ ռազմաբազան ինչո՞ւ չպետք է վճարի: Ի՞նչ է`  նրա համար, որ մեզ էլ է շահավետ ռազմաբազայի գործունեությունը, իսկ ի՞նչ է` կրպակը շահավետ չէ՞ երկրին, որ գումար են գանձում»:

Պարոն Պապյանը նաև նկատեց, ռուսական ռազմաբազան իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում` հաշվի առնելով այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա պետք է բոլոր սահմանների պաշտպանությունն ապահովի, մինչդեռ Տավուշի սահմանին դա չենք տեսնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031