Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց նամակների» ժամանակն անցավ

Օգոստոս 10,1995 12:00

Էլ ինչով զբաղվեն մտավորականները

Արդեն մի քանի տարի է, ինչ «դեմոկրատիա», «քաղաքացիական հասարակություն», «շուկայական տնտեսություն» եւ համանման այլ արտահայտություններ մեր քաղաքական շրջանակների համար դարձել են ամենագործածական բառակապակցությունները։

Իշխանություններն ու ընդդիմությունը մեղադրում են իրար, պայքարում են իրար դեմ, իհարկե, հանուն այդ սուրբ կատեգորիաների, որոնք, ենթադրաբար, մոգական ազդեցություն ունեն մեր հասարակության գիտակցության վրա։ Սակայն նրանց այդ պայքարն աստիճանաբար սկսում է հոգնեցնել մարդկանց, որոնք տեսնելով, որ իրենց վիճակը քիչ է հետաքրքրում քաղաքական գործիչներին, սկսում են հիասթափվել նաեւ երբեմնի սուրբ գաղափարներից։ Անկասկած, ոմանք կնշեն նաեւ այն հանգամանքը, որ մեր հասարակությունը իր զարգացման ընթացքում դեմոկրատական կայուն ավանդույթներ չի ունեցել։ Իրոք, ի՛նչ դեմոկրատական ավանդույթների մասին կարելի է խոսել, երբ մենք նույնիսկ պետականության ավանդույթներ չունենք։ Մենք 21-րդ դարի շեմին ենք եւ ուզենք թե չուզենք, պարտավոր ենք փնտրել այն հարցերի պատասխանները, առանց որոնց հաջորդ դարի «դուռը» մեր առջեւ չի բացվի։

Աշխարհն այսօր կանգնած է նոր իրողությունների շեմին, որտեղ հստակեցվում ու վերջնական տեսք են ստանում ազգերի ու մարդկանց փոխհարաբերությունները, ձեւավորվում են այն սկզբունքները, որոնց հիման վրա էլ որոշվելու են ազգերի մրցակցության ուղղությունները։ Եվ այս համատեքստում վերոհիշյալ հասկացությունները դառնում են այն հիմքը, առանց որի ոչ մի ազգ կամ հասարակություն չի կարող մասնակցել այս մեծ համաշխարհային «խաղին»։ Ընդ որում, ինչքան էլ ցավալի մեզ համար, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպիսի ավանդույթներ ենք ունեցել մենք։ Պարզ է նաեւ, որ ազգերի գիտակցության մեջ համապատասխան փոփոխություններ կարող է անել միայն մտավորականությունը։ Օրինակ, անգլիական «լուսավորիչները» նախապատրաստեցին 1641 թվականի անգլիական հեղափոխությունը, որն էլ քաղաքացիական ներկա հասարակության հիմքը դրեց։ Ֆրանսիական էնցիկլոպեդիստները նախապատրաստեցին 1789-ի հեղափոխությունը, որից էլ առաջացան ժամանակակից գաղափարախոսությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ Եվրոպայում։ Ռուսական «արեւմտամետներն» ու «սլավոնամետները» կանխորոշեցին սկզբից 1861 թվականի բարեփոխումները, հետո 1905-ի առաջին եւ

1917-ի երկրորդ հեղափոխությունները։ Իսկ 1985-ի գորբաչովյան վերակառուցման ժամանակաշրջանում, ռուսական դեմոկրատական մտավորականությունը ուղղակիորեն գաղափարաբանական հեղափոխություն կատարեց իր ժողովրդի մեջ, նախապատրաստելով 1991-ի չորրորդ, այս անգամ արդեն՝ դեմոկրատական հեղափոխությունը, որն էլ, ըստ էության, անվերադարձորեն դրեց շուկայական տնտեսության եւ քաղաքացիական հասարակության հաստատման հիմքերը։

Մեր ժողովուրդն այդ տեսանկյունից շատ ավելի վատթար վիճակում է։ Մեզանում չկա ոչ միայն ինքնուրույն մտածողության գիտակցությունը, այլեւ այն «լուսավորչական» մտավորականությունը, որը ազգային խնդիրների շուրջ պատասխաններ փնտրեր։ Վերլուծելով ներկա իրադրությունը, կարելի է ասել, որ մենք, ըստ էության, չունենք այն մտավորականությունը, որը սեփական ժողովրդի հանդեպ պարտքի զգացում ունենար։ 1988-ի հայկական հեղափոխությանը, փաստորեն, գաղափարական նոր արժեքների ձեւավորման ոչ մի ժամանակաշրջան չնախորդեց։ Այդ հեղափոխությունը իրականում, ոչ այնքան հետապնդում էր «նոր արժեքների» հաստատումը մեր ժողովրդի համար, որքան հին ավանդական պահանջատիրական արժեքների վերհիշումը, որի հիմքում ընկած էր «Ղարաբաղը Գորբաչովից պահանջելու» գաղափարը։ Ահա թե իր մտապաշարն ու արհեստավարժ կարողությունները որտեղ էր ցույց տալիս մեր «մտավորականությունը»։ Ի տարբերություն ներկա ժամանակներին, 88-ին բոլոր թերթերը, ամսագրերը, գրքերը, հեռուստատեսությունն ու ռադիոն ողողված էին «մտավորականների» «բաց նամակներով» ու հրապարակախոսությամբ. «Այս ծառն ու սարը, քարն ու ջուրը մերն են։ Մենք ավելի հին ենք, ավելի խելացի ենք, մի խոսքով, ավելի լավն ենք, քան թուրքերն ու ադրբեջանցիները»։ Այս է 21-րդ դարի շեմին մեր «մտավորականության» ողջ «լուսավորչական-գաղափարական» աշխատանքը։

Սակայն, երբ պահանջատիրության համար տեր-սուբյեկտը ի դեմս Գորբաչովի, քաղբյուրոյի, ԿԿ-ների, ԽՍՀՄ-ի, սովետական բանակի եւ այլն վերացավ, այդ մտավորականությունը հանկարծակի հասկացավ, որ մնաց անգործ։ Պարզվեց, որ զարգացած երկիր դառնալու, դեմոկրատական հասարակարգ, արդյունավետ տնտեսություն ստեղծելու խնդիրները նրանց չէր հետաքրքրում։ Այսօր նրանք բոլորը «զբաղված են» իրենց գործերով եւ դժգոհ են։ Այ, եթե ինչպես 88-ին ծագի «հողեր պահանջելու» խնդիրը, նրանք բոլորը միահամուռ կլծվեն նոր պահանջատիրության գործին։ Ահա սա է մեր «մտավորականության» գիտակցության աստիճանը, որից ինչպես վերը նշեցինք, ըստ էության, լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Այստեղից էլ առաջանում է այն գորշ մթնոլորտը, որը տիրում է մեր երկրում՝ տրոհելով հասարակական գիտակցությունը։ Իսկ ինչպես հայտնի է, տնտեսական ու քաղաքական բարեփոխումների հետ կենսականորեն անհրաժեշտ է նաեւ նոր արժեքների հաստատումը, առանց որի, գուցե առաջին երկու ոլորտներում ընթացող բարեփոխումները օտարանալով հասարակությունից, կդատապարտվեն։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031