Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի կապ չունի

Հոկտեմբեր 05,1995 12:41

Մեր ներքին կյանքում կան երեւույթներ, որոնք կարող են տարընթերցումներ առաջացնել, խթանել կոնստրուկտիվ եւ ոչ կոնստրուկտիվ բանավեճեր։ Սակայն գոնե մի բան պարզ է եւ միանշանակ. եթե մամուլի որեւէ օրգան անախորժությունների է հանդիպում, ապա դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Օրինակ, երկու օր է լույս չի տեսնում «Լրագիրը»: Կարծում եք, պատճառները քաղաքակա՞ն են։ Ամենեւին։ Պարզապես պետական մենաշնորհ ունեցող «Պարբերական» հրատարակչությունը չի տպում «Լրագիրը», որովհետեւ թերթը հրատարակչությանը պարտքեր ունի։ Ճիշտ է, այսօր բարեհաջող լույս տեսնող գրեթե բոլոր թերթերը նույնպես պարտքեր ունեն եւ ոմանց այդ պարտքերը 5-10 անգամ գերազանցում են «Լրագրի» պարտքերը։ Բայց չի տպվում հենց «Լրագիրը»։ Ինչը, բնականաբար, քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։

Կամ «Ա1» – «Սիգլ» երկարատեւ հակամարտության մեջ գործարար մարդիկ ջախջախիչ հաղթանակ տարան լրագրողների, օպերատորների եւ ռեժիսորների նկատմամբ։ Արդյունքում «Ա1»-ը գոյություն ունի որպես իրավաբանական, բայց ոչ որպես ստեղծագործական միավոր։ Կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ լավ թե վատ այլընտրանք հանդիսացող «Ա1»-ի հաղորդումները այլեւս եթեր չեն հեռարձակվում։ Բայց առավել կարեւոր է, որ դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։

Կան մամուլի հետ առնչվելու բազմաթիվ ոչ քաղաքական մեթոդներ, որոնցից մեկը վերջերս փորձարկվել է «Գոլոսի» վրա։ Եթե, ասենք, նույն «Լրագրի» խմբագրի երեխան հաճախում է մանկապարտեզ կամ մսուր, ապա երեխային կարելի է դուրս անել, որովհետեւ տվյալ մանկական հիմնարկում անխուսափելիորեն կգտնվեն ավագ դաստիարակչուհիներ, որոնց «Լրագիրը» դուր չի գալիս։ Սակայն այդ իմ առաջարկը քաղաքականության հետ, իհարկե, ոչ մի կապ չունի։ Իսկապես չունի։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031