Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգում 2026 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով արձանագրվել է մի ուշագրավ և միաժամանակ խիստ մտահոգիչ մակրոտնտեսական երևույթ, երբ պետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի ծավալուն և համակարգային թերակատարմամբ։ Վիճակագրական տվյալների հիման վրա «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 2,403.3 միլիարդ դրամ, սակայն ճշտված ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական ու ժամանակին օգտագործումը չի ապահովվել, ինչի հետևանքով թերակատարումը հասել է 403 միլիարդ դրամի կամ 14,4 տոկոսի։
Տնտեսագիտական տեսանկյունից սա նշանակում է, որ հարկատուներից հավաքագրված և պետական գանձարանում կուտակված հսկայական ֆինանսական ռեսուրսները չեն վերածվել իրական տնտեսական շրջանառության, ենթակառուցվածքների և հանրային բարիքի։ Այս անհամամասնության ամենաակնառու դրսևորումը բյուջետային հաշվեկշռի կտրուկ շեղումն է։ 2026 թվականի ինը ամիսներին պետական բյուջեն փաստացի կատարվել է 27,8 միլիարդ դրամ հավելուրդով, երբ նույն ժամանակահատվածի համար ծրագրավորված էր 474,4 միլիարդ դրամի պակասուրդ։ Ծրագրված պակասուրդի և փաստացի հավելուրդի միջև առաջացած ավելի քան 502 միլիարդ դրամի այս տարբերությունը ոչ թե հարկաբյուջետային խնայողության կամ արդյունավետության վկայություն է, այլ ուղղակի հետևանք այն բանի, որ պետական ապարատը չի կարողացել իրացնել նախապես պլանավորված և հաստատված ծախսային ծրագրերը։
Իսկ ծախսերի ընդհանուր թերակատարման կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ բացասական շեղումը հիմնականում պայմանավորված է եղել առանցքային և պետության կենսագործունեության համար վճռորոշ երեք ուղղությամբ՝ «Տնտեսական հարաբերություններ», «Պաշտպանություն» և «Սոցիալական պաշտպանություն» ոլորտներում արձանագրված ցածր կատարողականով։ Երբ թերակատարման ծանրության կենտրոնը հայտնվում է հենց այս երեք ճյուղում, խնդիրը դուրս է գալիս զուտ հաշվապահական կամ տեխնիկական վիճակագրության շրջանակներից և ձեռք է բերում ռազմավարական նշանակություն։
Տնտեսական հարաբերությունների հատվածում միջոցների չիրացումը դանդաղեցնում է տնտեսության կառուցվածքային արդիականացումն ու ներդրումային ակտիվությունը, պաշտպանության ոլորտում ծրագրված ծախսերի ուշացումը հարցականի տակ է դնում անվտանգային կարողությունների արագ համալրման և արդիականացման տեմպերը, իսկ սոցիալական պաշտպանության հատվածում թերակատարումը վկայում է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության կամ վարչարարական մեխանիզմների անկատարության մասին, ինչի հետևանքով հանրության խոցելի շերտերը ժամանակին չեն ստանում նախատեսված աջակցությունը։
Կարդացեք նաև
Բյուջետային կատարողականի ամենախոցելի և մակրոտնտեսական առումով ամենավտանգավոր կողմը կապիտալ ծախսերի խորը թերակատարումն է։ Թեև 2026 թվականի ինը ամսում թերակատարում արձանագրվել է թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերի գծով, այդուհանդերձ, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսային ցուցանիշը շուրջ 5,5 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի նույն ցուցանիշը։ Սա հիմնարար խնդիր է, քանի որ ընթացիկ և կապիտալ ծախսերն ունեն տնտեսական ազդեցության բոլորովին տարբեր բնույթ ու խորություն։ Եթե ընթացիկ ծախսերը հիմնականում սպասարկում են պետական ապարատի պահպանումն ու ընթացիկ սպառումը, ապա կապիտալ ծախսերն օժտված են երկակի տնտեսական նշանակությամբ։ Որպես ընդհանուր պետական ծախսերի կարևոր բաղադրիչ՝ դրանք մուլտիպլիկատիվ կամ բազմարկման մեխանիզմով անմիջականորեն խթանում են համախառն պահանջարկը՝ պատվերներ ապահովելով շինարարական ընկերությունների, շինանյութ արտադրողների, ինժեներական ծառայությունների և հարակից տասնյակ ճյուղերի համար, ինչպես նաև ստեղծելով աշխատատեղեր։
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հենց կապիտալ ներդրումների միջոցով է պետությանը հնարավորություն ընձեռվում ընդլայնել երկրի տնտեսության արտադրական ներուժը, բարելավել ենթակառուցվածքային հենքը և բարձրացնել երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալը։ Հետևաբար, կապիտալ ծախսերի 5,5 անգամ ավելի բարձր տեմպերով թերակատարումը հարվածում է տնտեսությանը երկու ուղղությամբ՝ մի կողմից զրկելով նրան ընթացիկ տնտեսական ակտիվության կարևոր խթանից, մյուս կողմից՝ սահմանափակելով ապագա տարիների զարգացման հնարավորություններն ու մրցունակությունը։ Ուշագրավ է, որ բյուջետային ծախսային ծրագրերի թերակատարումը չի եղել տեղային կամ սահմանափակված առանձին գերատեսչություններով, այլ կրել է համատարած բնույթ՝ արձանագրվելով 2026 թվականի ինը ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր պետական պատասխանատու մարմինների մասով։
Այս համընդհանուր պատկերը հուշում է, որ խնդիրը չի կարելի բացատրել մեկ կամ երկու նախարարության կազմակերպչական թերացումներով կամ սուբյեկտիվ գործոններով։ Խոսքը հանրային ներդրումների կառավարման, բյուջետային պլանավորման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, պետական գնումների ընթացակարգերի և ծրագրերի իրականացման վերահսկողության ամբողջ շղթայում առկա խորքային և համակարգային խնդիրների մասին է։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































