Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ամուր է պետական ծառայողներով

Դեկտեմբեր 09,1995 15:52

Կարճատեւ դասընթացների կազմակերպման իր փորձով Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցը հասցրել է դառնալ մեր պետականության բաղադրիչներից մեկը։ Երկարատեւ ուսուցման երկամյա ուստարվա սկիզբն այդ իմաստով առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, ուստի հավուր պատշաճի է թվում հանդիսավորության այն չափը, որ երեկ հաղորդվեց բացման արարողությանը։ Միայն այն փաստը, որ հիմնադրումն իր ներկայությամբ նշանավորել էր ՀՀ նախագահը, իսկ առաջին դասախոսությունը կարդալու պարտականությունը ստանձնել փոխնախագահը, վկայում է կրթօջախին վերապահված պետական ուշադրության մասին: Այդ իրողությունը հատուկ շեշտով նշեց Կառավարման դպրոցի տնօրեն Խաչատուր Բեզիրջյանը: Նա միաժամանակ հիշեցրեց, որ հաստատությունն ստեղծելու եւ ձեւավորելու առաքելության հեղինակը Եվրամիությունն է, մասնավորապես Tacis ծրագրի հեղինակները, որոնց մեծապես աջակցել է նաեւ Ֆրանսիայի կառավարությունը՝ իր երկու կառույցների միջոցով։

Տնօրենը առաջին ունկնդիրներին, հյուրերին եւ լրագրողներին գոհունակությամբ տեղեկացրեց, որ կարճատեւ ուսուցման դասընթացները, որոնք սկզբում վարել են Tacis-ի փորձագետները, այժմ գերակշիռ մասով փոխանցվել են հայ դասախոսներին։ Այդ փոփոխությունը հետաքրքրության նվազում չի առաջացրել, ընդհակառակը: Պրն Բեզիրջյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի ստեղծման բոլոր աջակիցներին եւ բարի երթ մաղթեց ընդունելության քննություններում հաղթած առաջին 37 ունկնդիրներին։ Նրանց, ովքեր երկու տարուց հետո դառնալու են Հայաստանի անդրանիկ արհեստավարժ պետծառայողները:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Վարդգես Գնունու ելույթը եւս հագեցած էր շնորհավորանքի խոսքերով, սակայն առավել հետաքրքրությամբ ընդունվեց այս հատվածը. «Ներողություն եմ խնդրում շենքային անհարմարությունների համար։ Նախարարությունն արդեն որոշում է ընդունել Կառավարման դպրոցին հատկացնել մի հիանալի կրթահամալիր՝ իր բոլոր հարմարություններով»։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ֆրանս դը Արտինգը իր խոսքն ուղղելով ընդունվածներին, ասաց. «Ես շատ լավ չգիտեմ, թե դուք որտեղից եք գալիս, բայց շատ լավ գիտեմ, թե դեպի ուր եք գնում: Կփոխվեն կառավարություններ, կփոխվեն հասարակարգեր, բայց դուք՝ պետական ծառայողներդ կմնաք ձեր տեղերում։ Դրա համար դուք պետք է ունենաք մարդկային ցավ եւ մտապաշար։ Այս դպրոցի ստեղծումը Եվրամիության լավագույն քայլերից է. բոլորիդ հաջողություն եմ մաղթում»։

ԱԺ Կրթության, գիտության մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Պապայանը իրադարձությունը դասեց շրջադարձային փուլերի կարգը։ Կրթօջախին երկարակեցություն ցանկանալով, նա կարեւորեց մի պահ եւս. հանրապետության ղեկավարները պետք է վստահ լինեն, որ պետական ծառայողների առաջին արհեստավարժներն ավելի լավ ղեկավարներ են լինելու, քան իրենք են: Ուսանելի էր նաեւ Tacis-ի համակարգիչ խորհրդի պատասխանատու Ջոն Լիի ողջերթի խոսքը. «Դուք չպետք է ծառայեք քաղաքական մեկ կուսակցության, այլ ամբողջ ժողովրդին։ Ձեր ընտրությունը բոլորի համար է»։

Ներկաներին ողջունեց նաեւ Հայաստանում Tacis-ի մշտական ներկայացուցիչ Դոմինիկ Ժորժը։ Հանդիսավոր արարողությունից հետո Կառավարման դպրոցի առաջին սաները վկայականներ ստացան, ապա հավաքվեցին լսարանում ունկնդրելու ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի դասախոսությունը։ Ինչպես տեղեկացա դպրոցի ղեկավարներից,           առաջին

ունկնդիրները հիմնականում բուհերի այս տարվա շրջանավարտներ են, սակայն ընդունվածների մեջ կան նաեւ շրջխորհրդի նախագահ, նախարարությունների աշխատակիցներ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ առաջին կազմի կրթական մակարդակը համարվեց բավականին բարձր։ Գուցե հենց դա են նկատի ունեցել Եվրամիության ղեկավարները՝ խորհրդային նախկին տարածքում իրենց կրթական գործունեությունը Հայաստանից սկսելիս:

 

 Հ. Փ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031