Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ռուլետկա

Դեկտեմբեր 20,1995 10:26

Ըստ ընդդիմության եւ իշխանության

Աշխարհի խաղատներում ամենատարածված խաղերից մեկն է ռուլետկան (հայերեն՝ պտտախաղ), որի էությունը հետեւյալն է. խաղացողը առանձին թվի, սեւ կամ կարմիր գույնի, շահող թվի կենտության կամ զույգության վրա գումար է դնում՝ շահելով կամ տանուլ տալով իր բախտի ու համարձակության չափով։ Մետաղե գնդիկը պտտվում է ափսեանման փոսորակում, գլորվում թվաշարքի վրայով,- բոլորը պահել են շունչները,- մինչեւ մարում- կանգնում է զույգ կամ կենտ, սեւ կամ կարմիր գույնի այսինչ թվի գոգավորությունում։

Կա նաեւ ռուսական ռուլետկա, որի սիրահարը ատրճանակի մեջ դնում է մեկ փամփուշտ, պտտում թմբուկն ու կրակում իր քունքին։

Հայկական ռուլետկան շատ նման է ռուսականին։ Մի տարբերությամբ։ Ատրճանակի թմբուկից հանված են բոլո՛ր փամփուշտները։

Այսպիսի բաներ

Հուլիսի 5-ին հեղափոխությունն ավարտվեց։ 1995թ. հուլիսի 5-ին Հայաստանում ավարտվեց 1988-ի փետրվարի 20-ին սկսված հեղափոխությունը։ Ճիշտ է, 1990-ի ընտրություններին հաղթեց Շարժումը, բայց համարյա միաժամանակ նոր իշխանության հանդեպ ակտիվ ընդդիմություն առաջացավ, որը օրեր, ամիսներ ու տարիներ շարունակ

ոտքի էր հանում փողոցը։ Այն հոգեբանորեն պատրաստ էր, երբեմն սպառնում էր եւ որոշակի պայմաններում փորձ էլ կձեռնարկեր զինված պայքար սկսելու։ Մանավանդ որ ընթացող պատերազմն ազատում էր զենք հայթայթելու, ջոկատներ կազմավորելու, խաղաղության շրջանի բարդույթներին դիմագրավելու հոգսերից։

Ահա թե ինչու ես կարծում եմ, որ եթե նույնիսկ «Դրո» կառույցը հորինովի է կամ ստեղծվել է առանց ՀՅԴ բարձր ղեկավարության իմացության, միեւնույն է, այն գոյություն է ունեցել դաշնակցական ընկերների մեծ մասի մտքում։ Նման կառույցների սաղմերը կամ մտադրությունները խորթ չեն եղել այլ կուսակցությունների եւս։ Որովհետեւ երբ խմբավարները չափ են տալիս, որ բազմությունը «դա՛-վա՛-ճա՛ն, դա՛-վա՛-ճա՛ն» վանկարկի, այդ վանկարկումն իր հերթին նպատակ ունի եւ ազատ էլ արձակում է խմբավարների երեւակայությունն ու ձեռքերը։

Ի  պատասխան, «իշխանության կուսակցությունն» սկսեց պետական լծակների օգնությանը դիմել՝ քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար։ Մինչեւ որ, ի վերջո, գործի դրվեց ամբողջ զինանոցը։ Ընդհուպ մինչեւ որոշ գործիչների կալանավորումը հայրենիքի դավաճանության մեղադրանքով։ Որպես դրամայի գործող անձինք՝ երկու կողմն էլ պայքարով տարված անտեսում են այն հանգամանքը, որ անցումային ժամանակաշրջաններում չկան դավաճաններ ու հերոսներ, կան տարբեր տեսակետներ։ Հետո է, որ պատմությունը դավաճանի խարան է դաջում կամ հերոսացնում է։ Հերոսացնում է՝ հաղթողներին։

Ոչ միայն անձինք

Բոլորը գիտեն, թե ովքե՛ր, ո՛ր ուժերը հաղթեցին, ու դա են քննարկում։ Համատարած կերպով լռության է մատնվում խնդրի այն կողմը, թե որ գաղափարախոսությունը հաղթեց։ Մինչդեռ գոնե մեկ անգամ լիաբերան պետք է արձանագրել, որ հաղթեց ազատական-ժողովրդավարական գաղափարախոսությունը։ Այն դավանում է ոչ միայն պատգամավորական տեղերի ճնշող մեծամասնությունը գրաված «Հանրապետություն» միավորումը, այլեւ՝ 5-տոկոսանոց սահմանագիծը հաղթահարած մնացած 4 կուսակցություններից 3-ը։ Եվ, ի վերջո, նույն գաղափարական սկզբունքներին է խարսխված Սահմանադրությունը, որը եւս հուլիսի 5-ին հաստատվեց հանրաքվեով։

Հիշեցնելով ավելացնենք՝ նույն սկզբունքները նաեւ քաղաքակրթության, ի մասնավորի՝ քրիստոնեական քաղաքակրթության ուղին են, որով ընթացել ու շարունակում են զարգանալ արեւմտյան բարգավաճ երկրները։

Այսքանն այն ակներեւն է, որ պատմաբաններն արդեն կարող են գումարել 20-րդ դարի մեր պատմության մետաֆիզիկական մարմնին։ Բայց, միաժամանակ, հուլիսի 5-ից հետո, իշխանության վերին ոլորտներում հաստատվել է մենաշնորհության այնպիսի մակարդակ, որը վտանգ է սպառնում հասարակության դիալեկտիկական բարեփոխմանը եւ ստիպում է փորփրել այն պատճառները, որոնք հասցրին տվյալ իրավիճակին։ Ընդ որում, երկու տարբեր հարցադրմամբ. ինչո՞ւ իշխանությունը չպարտվեց, չնայած ծանր վիճակին, որում գտնվում է ժողովուրդը, եւ՝ ինչո՞ւ չհաղթեց ընդդիմությունը, չնայած այն ծանր վիճակին, որի մեջ ժողովուրդը հայտնվել է այս իշխանության օրոք։

Երկու քիմեռ,

Մեկ քերոբվե

Որքան էլ պարադոքսալ թվա, ընդդիմության ձախողման գլխավոր պատճառն, ըստ իս, զիջողականությունն է կամ, ավելի ստույգ բառով, հարմարվողականությունը։ Մակերեսային հակաճառությունները կանխելու համար շեշտեմ, որ խոսքը իշխանությանը զիջելու կամ հարմարվելու մասին չէ. ընդդիմության գերակշիռ մասը իշխանությունների հանդեպ եղել է բավականաչափ անհաշտ։ Բայց, միաժամանակ, այն պարբերաբար զիջել է բազմության տրամադրություններին՝ նրա հետ մեկտեղ ընկրկելով երկիրը համակած դժվարությունների առաջ։ Ավելին, երբ կարողացել, ինքն է ընդառաջել ու շողոքորթել նրան։ Լիուլի տուրք է տվել ամբոխին ոգեշնչող երկու տեսիլքին՝ սովետական անցյալի հանդեպ կարոտաբաղձությանն ու ազգային երազկոտությանը։ Այս պնդումը կարծես թե ընդդիմության մի ազդեցիկ հատվածին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ իրեն զերծ համարել թվարկված 2 ծայրահեղությունից։ Մեղադրանքի հասցեատերեր թողնելով ՍՍՀՄ եւ ՍՄԿԿ մահվամբ իրոք վշտացած մի խումբ ընկերների՝ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, եւ հարյուրամյա կաղապարների ծանրությունից կքած Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Մինչդեռ վերջիններս ոչ թե տուրք են տալիս, այլ պարզ ու ուղղագիծ պաշտպանում են իրենց գաղափարախոսությունը։ Իսկ աջ կողմնորոշման ուժերից շատերը, որոնք այնքան պարզամիտ չեն, որ իրենց անունն ու հույսը կապեն ուրվականների հետ, դեռ մի բան էլ ծաղրով ու քամահրանքով են վերաբերում նացիոնալ-սոցիալիստներին ու կոմունիստներին, իրենց հրապարակային գործունեությունն ու քարոզչությունը քայլ առ քայլ համապատասխանեցրին այս կուսակցությունների համակիրների ճաշակին։ Եվ իրենց ծրագրային խնդիրները դնելով մի կողմ՝ սկսեցին սոցիալական արդարություն ու ազգային քաղաքականություն պահանջել։ «Ընդամենը»։ «Ընդամենը» բառը չակերտեցի, որովհետեւ հենց այդքանն էլ պետք էր ոչ թե հոսանքին հակառակ, այլ հոսանքի հետ լողալու համար, հենց այդքանով էլ ատրճանակի թմբուկից հանվում էր բազմության կողմից ընդդիմության կյանքին սպառնացող միակ գնդակը։

Կարելի է անմիջապես առարկել, անշուշտ, որ շուկայական տնտեսությունը չի նշանակում վայրի շուկա, կամ որ միամտություն է ժողովրդին հաճո կարգախոսները ոչ թե մարտավարություն, այլ ռազմավարություն դիտարկելը, բայց այդ ամենը բազմիցս ասվել է եւ եղել է ընդամենը ընտրությունից, պատասխանից խուսափելու ձեւ։ Որովհետեւ նույն մարդիկ, ովքեր ՚88-90թթ. բողոքում էին հավասարությունից, համակարգի փոփոխությունից հետո բողոքում են անհավասարությունից։ Այն դեպքում, երբ Հայաստանում համարյա մինչեւ 1993-ի վերջը բյուջետային հաստատություններում տիրում էր սովետական մակնիշի հավասարություն, հիմնարկի ամենագործունյա ու ամենաանբան աշխատողները միեւնույն աշխատավարձն էին ստանում։ Իսկ դրամափոխանակությունից հետո մեր սոցիալական քաղաքականությունը «հասավ եւ անցավ», ասենք, ֆրանսիականից, որովհետեւ աշխատողն ու գործազուրկը սկսեցին համարյա նույն գումարը ստանալ։ Թե որքան թանկ են աշխատավորների համար այսպիսի սոցիալական երաշխիքները, ցույց տվեցին վերջին զանգվածային գործադուլները նույն Ֆրանսիայում, որտեղ նոր աջ կառավարությունը փորձեց հօգուտ աշխատողի փոխել աշխատողի ու գործազուրկի վարձատրման հարաբերակցությունը։

Այստեղ վերապահում անեմ, որ «մեր սոցիալական քաղաքականության» մասին ասվածը լուրջ չընդունեք։ Իհարկե, մեկ կամ մի քանի նվազագույն աշխատավարձի տարբերություն կա մեզանում, աշխատողի ու գործազուրկի վարձատրության միջեւ, բայց քանի որ նվազագույն աշխատավարձը ազատ գների համեմատությամբ խորհրդանշական գումար է կազմում, սոցիալական քաղաքականությունն էլ Հայաստանում խորհրդանշական բնույթ ունի։

Միայն թե չարժեր, որ աջերը՝ ՀՌԱԿ-ից մինչեւ ԱԺՄ, այս ողբերգական վիճակն անընդհատ ներկայացնեին որպես բարեփոխիչների ջանքերի ու բարեփոխումների արդյունք, խորհրդարանային քվեարկություններով ու ելույթներով մերժեին ու վարկաբեկեին սեփականաշնորհման տեսությունն

ու գործընթացը։ Կարող եմ նորից, ինչ խոսք, հիշեցնել, որ Հրանտ Բագրատյանը եղել է Վազգեն Մանուկյանի փոխվարչապետը, բայց ավելի կարեւոր է նույնիսկ առանց օրինակներ բերելու կոչ անել տվյալ դեպքում արմատական ընդդիմությանը «անփոխարինելիներ չկան» հիանալի կարգախոսը չվերածել «իշխանությունը կազմում են միայն անարժանները» դրույթի։ Որովհետեւ դա հեղինակազրկում է ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա ու վաղը չէ մյուս օրվա իշխողներին, հեղինակազրկում է ամեն մի նորություն ու փոփոխություն՝ «երեկվա սուրճ խմողների» հանդեպ երկարացնելով քաղքենիների առանց այն էլ երկար լեզուն։ Անփոխարինելիներ չկան, բայց կան տվյալ պահին լավագույնները, եւ բացառված է, որ իշխողները միմիայն նրանց շրջանցեն։

Չանտեսենք, որ աջ արմատականները առաջարկություններ էլ են արել։ Կառավարությանը խորհուրդ են տվել բյուջեն լցնել պետությունից թալանվող ու թաքցվող միջոցներով։ Բայց չէ որ բոլորս պատմության դասերին պետք է անցած լինեինք, որ թալանողներն ու թաքցնողները թալանածն ու թաքցրածը կամավոր չեն հանձնում, իսկ բռնի վերցնելու համար, որպես կանոն, հասարակության մեջ այդ վայրկյանին ազնիվ մարդկանց քանակը չի բավարարում։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Վերջը հաջորդիվ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031