Լրահոս
Օրվա լրահոսը

Զգույշ վարվեք դոլարի հետ…

Դեկտեմբեր 20,1995 14:35

Վաղուց ենք համոզվել, որ միայն եղանակը չէ, որ տհաճ կամ հաճելի անակնկալ կարող է մատուցել, այլ՝ այն մարդիկ, որոնց ձեռքում են գտնվում գները, ապրանքները, տրանսպորտը, բանկերը եւ… «չենջերը» (տարադրամի փոխանակման կետեր):

Եվ ով զարմանս, երբ դեկտեմբերի 13-ին Երեւանի փոխանակման կետերում դոլար-դրամ-ռուսականի կուրսերը գրեթե մեկ ամիս փոփոխության չեն ենթարկվում, հանկարծ, դեկտեմբերի 14-ի առավոտյան բոլոր «չենջերը» միասին-միաբերան-միաժամանակ իջեցրին դոլարի առքը դրամի համեմատ (10-12 կետով), ռուսականը՝ 5 կետով, նույն այդ ռուսականը դոլարի համեմատ՝ 200 ռուբլով: Եվ հանկարծ չգիտես ինչ մտածեցին հաջորդ օրն իսկ «չենջերը», որ 5 կետով բարձրացրին դոլարի առքը:

Բարի՞ է, թե՞ չար այս «աչքալուսանքը», բնակչության մեծամասնության սրտո՞վ է, թե՞ փոքրամասնության: Բայց մեկ այլ զավեշտի հանդիպեցինք: 100 դոլարանոցը դժվար են վերցնում: Իսկ չէ՞ որ Մոսկվան օրեր առաջ հաղորդեց, որ ե՛ւ հին նմուշնի դոլարը կանցնի, ե՛ւ նոր: Ուրեմն, եթե այս խաղը 100-անոցին հարվածելու համար է՝ ի հօգուտ «չենջերի» եւ ի վնաս բնակչության, ի՞նչ մեղք ունեն 10, 20, 50 դոլարանոցները, երբ նրանք էլ են «չենջերը» ընդունում նույն գնով: Թե՞ նոր տարին մոտենում է, բնակչությունը քիչ թե շատ տնտեսած դոլար ունի, ուզած չուզած՝ թանկին ու էժանին չնայելով, պիտի փոխանակի:

Մի՞թե սա այն խաղերի շարունակությունը չէ, երբ մի ժամանակ ռուսական 50 հազարանոցը գնահատվում էր 45-46 հազար: Նման «վտանգ» է ներկայացնում այսօր 500, 1000, 5000, 10 հազարանոցները: Դե պարզ է, ով է շահում, ով՝ տուժում այս մրցախաղերում:

Ինչպիսի բացատրություններ, մեկնաբանություններ (պաշտոնական, թե ոչ պաշտոնական) լինեն մամուլում դոլարի շուրջ, մեր կարծիքով այս խաղը մինչեւ նոր տարի կշարունակվի…

Տեսնես նոր տարուց հետո ի՞նչ անակնկալ է մեզ սպասվում:

Ո. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031