Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ դեպի քաղբյուրո՞

Դեկտեմբեր 23,1995 12:22

Երեկ ՀՀՇ 7-րդ համագումարի ընթացքում շատ ելույթ ունեցողներ զտիչ միջոցառումների կոչ էին անում՝ փաստելով պետական կառավարման ամենատարբեր մակարդակներում այսօր պաշտոն գրավող մարդկանց դիրքորոշումները հուլիսի 5-ի Ազգային ժողովի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի վերաբերմամբ:

Վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը հականե-հանվանե նշեց այն շրջանները, որտեղ ՀՀՇ-ի համամասնական ցուցակը եւ Սահմանադրությունը հավաքել էին ցածր տոկոսներ, այսինքն՝ շրջանային կազմակերպությունները իրենց ուժերը աններելիորեն մղել էին դեպի անձնական խնդիրների լուծումը։ Թերացողների շարքում են՝ Երեւանի շրջաններից՝ Մյասնիկյանը, Սպանդարյանը եւ Արաբկիրը, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Իջեւանի, Աշտարակի եւ Էջմիածնի շրջաններն ու Վանաձոր քաղաքը։

Մյուս ելույթ ունեցողներն առավել զարգացրեցին այս միտքը. Սահմանադրության դեմ աշխատած մարդիկ, պատվիրակների համոզմամբ, իշխում են, տնօրինում եւ անգամ թալանում։ Ուստի Գագիկ Ներսիսյանը զգոնության խոսք հնչեցրեց. «Թույլ չտանք, որ պարտվածները հաղթողի ծիծաղով ծիծաղեն մեզ վրա»։

Դահլիճում նստած մարդկանց 50 տոկոսը չի աշխատում, սակայն նրանց ծառայությունները ՀՀՇ-ի եւ նրա քաղաքականության հանդեպ անուրանալի են։ Կուսակցությունը միայն ընտրություններից առաջ է հիշում նրանց գոյությունը, այնինչ հաջողության գրավականը սեփական ներուժի գործադրումն է։ Մյասնիկյանի ՀՀՇ-ի ղեկավարը, առավել զարգացնելով այս միտքը, նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել ՀՀՇ կադրերի բանկ, հայտնաբերելու կարող եւ խոստումնալից կուսակցականներին՝ համապատասխան պաշտոններում առաջադրելով նրանց։

Այստեղ հիշենք, որ նախորդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Ալբերտ Բաղդասարյանի եւ նրա համախոհների հեռացմանը, վկայեց՝ քաղբյուրոյի ոճի գործելակերպը անընդունելի է ժողովրդավարական կուսակցության համար։ Ծառայությունները կամ պատկանելությունը որեւէ քաղաքական ուժի չի կարող հաղթաթուղթ դառնալ պաշտոնական առաջխաղացման համար։

Վարչության անդամ Ավետ Գրիգորյանը մեր այն հարցին, թե ՀՀՇ-ն աստիճանաբար չի սերտաճում պետական կառույցների հետ՝ վերածվելով «իշխանության կուսակցության», պատասխանեց. «Իհարկե, այդպես չպետք է լինի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վարչությունը դեմ է ձեր ասած այդ սերտաճմանը, որը ես կանվանեի նույնացում։ ՀՀՇ-ն պետք է լինի մյուս կուսակցությունների շարքում հավասար կուսակցություն, մեր այսօրվա վիճակն է այնպիսին, որ ղեկի մոտ ենք, եւ դրանով է թելադրված թվացյալ նույնացումը։ Սակայն պետք է հեռու լինել անմիջաբար իշխանության, կառավարության գործառույթները մեզ վրա վերցնելուց, դա չի եղել, չկա եւ չպետք է լինի»։

Վարչության անդամը, այսպիսով, կարծում է, որ չկա, սակայն գայթակղությունները առկա են։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031