Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հերթական կառավարությունը չէ

Ապրիլ 09,1998 00:00

Աշոտ Մանուչարյանի հետ մեր զրույցը սկսեցինք հարցադրմամբ, թե ինչպես պատահեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումից անմիջապես հետո անվերապահ զորակցություն արտահայտելով առ Ռոբերտ Քոչարյանը, այնուհետեւ ինքը ակտիվ դերակատարություն չունեցավ։ Կամ՝ գոնե այդպես էր առերեւույթ։ Ի պատասխան Աշոտ Մանուչարյանն ասաց, թե Քոչարյանի հետ «նույն նավակում» հայտնվել է ոչ թե նախագահական ընտրությունների նախօրյակին, այլ դեռեւս 88-ից։ Այսպես թե այնպես, իրենք համախոհներ են եղել։ Իհարկե, ոչ միշտ է ամեն ինչ եղել հարթ, եղել են ոչ փոխըմբռնման, նույնիսկ հակառակվելու պահեր, բայց ընդհանուր գծի առումով չեն ունեցել առարկայական տարաձայնություններ. այս տեսակետից զինակիցներ են։

Այսինքն՝ ասել կուզի, որ Աշոտ Մանուչարյանի տեսակետը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պարզ էր ի սկզբանե։ Սակայն, մյուս կողմից, ինչպես ներկայացրեց զրուցակիցս, այս գործընթացն, իր պատկերացմամբ, առավելապես ամբողջական բնորոշումների մեջ է տեղավորվում։ Ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալով, իսկ դրան հաջորդեցին բավականին դրամատիկ գործընթացներ։ 97-ի ամռանը Ռոբերտ Քոչարյանն իր առաջին ընդհարումն ունեցավ կլանային խմբերի հետ։ Հարաբերությունները սրվեցին, երբ նա փորձեց նվազագույն կարգուկանոն իսկ հաստատել։ Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ հարթ էր նրա գործունեության մեջ, կան առանձին դեպքեր, որ միարժեքորեն դրական չես գնահատի, սակայն ակնհայտ է նաեւ, որ դրական հիմք ուներ Քոչարյանի փորձը պետական համակարգում նվազագույն կարգապահության հաստատման առումով։

Ինչպես նշեց Ա. Մանուչարյանը, հետագայում ընդհարման ֆոնը հարստացվեց եւս մեկ պարագայով. Ղարաբաղի հարցի շուրջ տարաձայնություններ գոյացան նրա եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ։ Այդ ամենի արտաքին դրսեւորումն ի վերջո արտահայտվեց ճգնաժամի տեսքով, ինչը հանգեցրեց նախագահական ընտրությունների անցկացմանը։ Մինչդեռ, ինչպես ներկայացրեց Աշոտ Մանուչարյանը, տեղի ունեցողը խորքում ենթատեքստային շերտեր ուներ։ Դա Հայաստանի քաղաքական, բարոյահոգեբանական, աշխարհայացքային ուղու եւ արժեքային համակարգի ընտրությունն էր։ Այս հիմքն էր գոյացնում ուժերի բախման ենթատեքստը, իսկ անհատների մրցակցությունը զուտ արտաքին դրսեւորում էր։ Տեղի ունեցած փոփոխություններն որոշ հույսեր արթնացրին, թե հնարավոր է դուրս գալ ճահճային այս վիճակից։ Ինչպես մատուցեց Աշոտ Մանուչարյանը, ինքն իր ընկերների հետ կարեւոր է նկատել հույսի այդ հոսանքի առկայությունը, որը պետք է օգտագործվի անընդհատ վերընթաց շարժում ապահովելու համար։

Հետաքրքիր էր նաեւ դրան հետեւած գնահատականը. այս իմաստով նախագահական ընտրություններն, ամբողջությամբ վերցրած, հետընթաց արձանագրեցին, որովհետեւ չհաջողվեց ապահովել այնպիսի հուսառատ մթնոլորտ, որը շարունակականություն կունենար։ Հեռացվեց նախկին ռեժիմի, ընդ որում, անընդունելի ռեժիմի խորհրդանիշների մի խումբ, ինչը դրական խթան էր ժողովրդի համար։ Ժողովուրդը հուսադրվել էր, ինչը հարկավոր էր զարգացնել։ Բայց հաջորդեց այնպիսի ընտրական գործընթաց, որպիսին տեղ էր գտել նաեւ ոչ հեռավոր անցյալում։ Տվյալ դեպքում զրուցակիցս խախտումների դեպքերի կամ ընտրությունների ազատ ու արդար որակների մասին չէ, որ խոսում էր։ Այսօր ամենակարեւորը դա չէ, այլ ժողովրդի հոգեվիճակը. նա պետք է լինի միասնական, հավատա իր ապագային, քաղաքական նոր մշակույթի հիմքերը տեսնի։ Այս առումով, վերջին ընտրարշավի ժամանակ, ցավալի է, բայց այդ ձեռքբերումը չունեցանք։ Աշոտ Մանուչարյանն ասաց նաեւ, որ իր կողմնակիցների հետ միասին այս փուլում ամբողջ ջանքերը նպատակաուղղում են այն բանին, որ Հայաստանը շարժվի դրական ուղիով, սակայն այն, ինչ իրենք տեսնում են որպես Հայաստանի զարգացման ռեալ հիմք, դեռեւս չի գոյացել։ Իսկ իրենք պատրաստ են պատասխանատվություն վերցնել բացառապես դրա համար։

Ո՞ր ուժերի ձեռամբ Ռոբերտ Քոչարյանն անցավ իշխանության գլուխ։ Աշոտ Մանուչարյանը հարկ համարեց ասել, որ ընդհանրապես սխալ է դա կապել որեւէ անհատի հետ, թեպետ վերջերս անընդհատ Վազգեն Սարգսյանի անունն է տրվում։ Երբ տեղի ունեցածը գնահատվում է ամբողջական գործընթացի տիրույթում, ակնհայտ է դառնում՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու պատճառը նախկին ռեժիմն էր, որն անտանելի պայմաններ էր ստեղծել եւ իր, եւ ժողովրդի համար։ Վարչակարգի ունեցած ճեղքերը հնարավորություն տվեցին, որպեսզի մեկ մարդ ընդամենը հակադրվի ու հաղթի։ Եթե այդ ճեղքերը գոյություն չունենային, եւ ավելի համախմբված գործեր նախկին իշխանությունը, հակադրությունը որեւէ արդյունք չէր կարող տալ։ Տվյալ պահին, իհարկե, ժողովրդի մեջ որոշակի տարակուսանք կա, որը, սակայն, ակտիվ դրսեւորումներ չունի։ Իսկ տարակույսն էլ առավելապես գործընթացի նկատմամբ է, եւ ոչ թե անձի։

Այս շրջանակում Աշոտ Մանուչարյանը նշեց, որ իրեն Ռոբերտ Քոչարյանի այն կողմնակիցների շարքին չի դասում, որոնք խանդավառված ասում են՝ հաղթեցինք։ Իրավիճակն այնպիսին է, որ որեւէ ոք հաղթել չի կարող։ Կամ՝ անցում կկատարվի դեպի նոր վիճակ, ու դա կդառնա ամբողջ հասարակության հաղթանակը, կամ էլ՝ եթե լուրջ տեղաշարժեր չլինեն, հաղթանակը կարող է «պյուռոսյան» դառնալ, երբ ամենքը կցանկանան հեռու լինել այդ տեսակ հաղթանակից։ Մինչդեռ մեզ դրա իրավունքը տրված չէ։ Տարածաշրջանում այնպիսի գործընթացներ են ծայր առնելու, որ կառավարության բնույթի եւ բովանդակության առումով գրեթե սխալվելու իրավունք չունենք։ Բացի այն, որ կառավարությունը պետք է լինի արհեստավարժ ու բարոյական մարդկանցից կազմված, բացի այն, որ պետք է աշխատի որոշակի արժեքների հաստատման ուղղությամբ, նաեւ պետք է ընդունելի լինի ժողովրդի համար։ Եթե նույնիսկ կան պետքական մարդիկ, որոնց չի ընդունի ժողովուրդը, ճիշտ կլինի այս փուլում հրաժարվել նրանց ծառայություններից։ Կառավարությունում վարկաբեկված մարդիկ չպետք է լինեն։ Այս պահին հայության առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրն առ ապագան եղած հույսը հակասություններով չոչնչացնելն է։ Ուստի՝ կազմվելիք կառավարությունը ոչ թե հերթականն է լինելու, այլ դրոշ, որին ուղղված կլինի ժողովրդի հավատը։ Սա ավելի կարեւոր է, քան կառավարությանն առնչվող որեւէ այլ հարց։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930