Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԴԱՏԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍ ԷՐ»

Ապրիլ 30,1998 00:00
bjishk

Մյասնիկյանի ժողդատարանում երեկ կայացած (ավելի ճիշտ՝ չկայացած) դատից հետո այս կարծիքը հայտնեց հանրապետությունում դիմածնոտային լավագույն վիրաբույժ, Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի պրոֆեսոր ՍԱՐԳԻՍ ԱՆԱՆՅԱՆԸ։

Պարոն Անանյանը դիմել էր դատարան՝ հայցով, որ իրեն վերականգնեն աշխատանքի Բժշկական համալսարանում, որտեղից նա, փաստորեն, վտարված է ռեկտոր Վիլեն Հակոբյանի հրամանագրով (ի դեպ, մեկ կիսամյակում՝ 10 հրաման)։ Այդ վտարումը սկիզբ էր պրոֆեսորի հանդեպ հալածանքների. այս տարվա փետրվարի 12-ին էլ (այս մասին «Առավոտը» մանրամասն գրել է- Լ. Ա.) նրան եւ իր հետ աշխատող 15 բուժքույրերին բռնությամբ վտարել են նաեւ 8-րդ հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքից, որի հիմնադիրը հենց Անանյանն էր։ Ինչեւէ։ Դատը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով՝ դատավոր Ավետիսյանի նախագահությամբ։ Դատին մասնակցում էր նաեւ Մյասնիկյանի շրջանի դատախազի տեղակալ տիկին Գրիգորյանը։ Պատասխանող կողմը (այսինքն՝ Բժշկական համալսարանի իրավաբանը) անվստահություն հայտնեց դատավոր Ավետիսյանին, քանի որ «Անանյանն իր ընկերական շրջապատում, թերթերում ասել է, որ այս դատն ինքը շահելու է, եւ որ նախագահողն իրեն վերականգնելու է աշխատանքի։ Այս փաստը ցույց է տալիս, որ նախագահողն անաչառ չէ, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ Անանյանի նախորդ հայցադիմումին դրական լուծում տվողը դարձյալ դատավոր Ավետիսյանն էր»։ Սա Անանյանի՝ աշխատանքի վերականգնվելու երկրորդ հայցադիմումն էր։ Թեեւ նախորդը դատարանը բավարարել էր, այսինքն՝ դատը լուծել էր հօգուտ Անանյանի, սակայն աշխատանքի վերականգնվելու որոշումը մնացել էր լոկ դատավորի բարի ցանկությունը։ Պատասխանող կողմն, ի դեպ, սպառնաց, որ եթե դատավորն ինքնաբացարկ չհայտարարի, ինքը կլքի դահլիճը։ Սրան չդիմացավ Սարգիս Անանյանի փաստաբանը՝ ասելով, որ այդ պահանջը իրավական ոչ մի հիմք չունի եւ որ պահանջը բխում է այն մտավախությունից, որ միջնորդություն է ներկայացված քրեական գործ հարուցել թե՛ Բժշկական համալսարանի ռեկտորատի, թե՛ 8-րդ հիվանդանոցի ղեկավարության դեմ։ «Նրանք վախենալով դրանից, ամեն ինչ անում են, որ ձգձգեն այս նիստը»,- հայտարարեց փաստաբանը։

Մյասնիկյանի շրջանի դատախազի տեղակալ տիկին Գրիգորյանի հեղինակավոր կարծիքը, թե՝ բացարկը օրինական է եւ ունի իրավական բոլոր հիմքերը, փաստորեն, վճռորոշ եղավ, քանի որ խորհրդակցելուց հետո դատավորը (կամ դատարանը. չգիտեմ- Լ. Ա.) վճռեց բավարարել պատասխանող կողմի պահանջը, այսինքն՝ դատավորը երեւի ընդունեց, որ բոլոր հիմքերը կան իրեն անվստահություն հայտնելու, եւ գործն ուղարկեց Գերագույն դատարանի վարույթ։ Դատն ավարտվեց։ Ոչ մի heppy end, ոչ մի նմանատիպ խոսք, ասենք. «Կեցցե՜ մեր դատարանը՝ ամենահումանիստականն՝ աշխարհում» չհնչեց։ Այսինքն՝ այսպես էլ պետք է լիներ։ Այսպես էլ սպասվում էր։ Միայն պրոֆեսոր Անանյանն ասաց, որ «Այսօրվա դատի ընթացքը կանխատեսելի էր, քանի որ ինձ հետ շուրջ 15 օր կուլուարներում բանակցություններ էին փորձում վարել դատի նման ընթացքի, հարցի ձգձգման մասին։ Ես միայն պատասխանել եմ, որ համաձայն չեմ դատապրոցեսի հետաձգմանը։ Այս դատով Բժշկական համալսարանն ապացուցեց, որ իրավական դաշտում շատ թույլ է ու խոցելի։ Մեկ կիսամյակի ընթացքում ռեկտորի՝ իմ դեմ արձակված շուրջ 10 հրամանները լի են օրենքի խախտումներով։ Իսկ այսօր կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր։ Սա նախօրոք գրված սցենար էր, որն ուներ այս հարցը հնարավորին չափ ձգձգելու միտում։

Գերագույն դատարանում նույնպես կանխատեսելի էր արդյունքը։ Նախօրոք կարող եմ ասել, որ Գերագույն դատարանն անպայման ինձ կուղարկի այն շրջանի դատարաններ, ուր դատի ելքն արդեն վաղուց որոշված կլինի։ Փետրվարի 12-ի հայտնի իրադարձությունը, երբ ինձ ու 15 բուժքույրերին բռնությամբ դուրս հանեցին 8-րդ կլինիկայից, ապացուցում է, որ իրավապահ վերին մարմինները եւ առողջապահության վերին մարմինները սերտաճել են։ Սցենարը ղեկավարվում է ամենաբարձր էշելոններում, նկատի ունեմ՝ դատախազությունը եւ նրանից վերեւ կանգնած օղակները։ Եվ դատավորն այսօր իր անսկզբունքային դիրքով դա ապացուցեց»։

Դատն ավարտվեց։ Իսկ ինձ համար անհասկանալի են այն ճղճիմ կրքերը, որոնք ստիպում են իսկական պրոֆեսիոնալներին (միտումնավոր՝ չեմ օգտագործում արհեստավարժ բառը- Լ. Ա.) իրենց բուն գործը թողած, գնալ դատարանից՝ դատարան, հոգեբանորեն ոչնչացվել ու, մի օր էլ, երեւի, թքել ամեն ինչի վրա ու թողնել էս հանրապետությունը, միջակություններին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Պրոֆեսոր Անանյանի «Եթե վաղը իմանաք, որ գլխիս կրակել են, չզարմանաք» խոսքերը ես ընդունեցի միայն որպես հուզմունքի ու զայրույթի դրսեւորում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930