Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության բարոյական և ինստիտուցիոնալ դեգրադացիան

Նոյեմբեր 06,2026 14:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Պետությունները միշտ չէ, որ սկսում են թուլանալ արտաքին սպառնալիքների, տնտեսական ճգնաժամերի կամ տարածքային կորուստների հետևանքով։ Երբեմն պետության թուլացումը սկսվում է շատ ավելի վաղ՝ հասարակության մտածողության մեջ։ Այն պահին, երբ սխալը դադարում է սխալ համարվել, անարդարությունը ստանում է քաղաքական արդարացում, իսկ պատասխանատվությունը փոխարինվում է պատկանելությամբ։

Պետությունը կարող է շարունակել գոյություն ունենալ իրավական առումով, ունենալ Սահմանադրություն, օրենքներ, խորհրդարան, կառավարություն և դատարաններ, բայց աստիճանաբար կորցնել այն բարոյական ու ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք ապահովում են նրա կենսունակությունը։

Պետությունը միայն տարածք, բնակչություն և իշխանություն չէ։ Այն նաև ժողովրդի հավաքական բարոյական նկարագիրն է՝ ձևավորված պատմական հիշողությամբ, ազգային արժանապատվությամբ, ավանդույթներով, իրավական մշակույթով և ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ։

Այս արժեքները չեն փոխարինում պետության իրավական հիմքերին, բայց ամրապնդում են դրանք։ Երբ հասարակությունը կորցնում է համընդհանուր շահի գիտակցությունը, պետության ներքին դիմադրողականությունը թուլանում է, իսկ արտաքին ազդեցությունների նկատմամբ խոցելիությունը՝ մեծանում։

Այդ պատճառով պետականության շարունակականությունը միայն միջազգային ճանաչման կամ իրավական կարգավիճակի հարց չէ։ Այն նաև ժողովրդի՝ սեփական պետությունը պահպանելու, զարգացնելու և հաջորդ սերունդներին փոխանցելու կարողության հարց է։

Երբ սկզբունքները փոխարինվում են պատկանելությամբ

Հասարակության բարոյական դեգրադացիան միշտ չէ, որ սկսվում է բացահայտ անօրինականությունից։ Այն կարող է սկսվել մտածողության աստիճանական աղքատացումից։

Երբ բարդ խնդիրների համար պահանջվում են պարզունակ լուծումներ, տգիտությունը շփոթվում է անմիջականության, իսկ բարձրագոչ հայտարարությունը՝ մասնագիտական հիմնավորման հետ, հասարակությունը վտանգում է ինքնուրույն դատելու իր կարողությունը։

Քաղաքական առաջնորդի համոզիչ խոսքը երբեմն ավելի ազդեցիկ է դառնում, քան օրենքը, մասնագիտական գիտելիքը կամ ողջամիտ փաստարկը։ Մարդը սկսում է գնահատել ոչ այնքան ասվածի բովանդակությունը, որքան այն ասողին։

Այսպես սկզբունքները փոխարինվում են քաղաքական պատկանելությամբ։

Նույն գործողությունը մի դեպքում դատապարտվում է, մյուս դեպքում՝ արդարացվում՝ կախված այն հանգամանքից, թե ով է դրա հեղինակը։ Արդարությունը դադարում է համընդհանուր չափանիշ լինելուց և վերածվում քաղաքական համակրանքի արտահայտության։

Սակայն արդարությունը, որը գործում է միայն յուրայինների համար, արդեն կորցնում է իր համընդհանուր նշանակությունը։

Հայաստանում այս խնդիրը խորանում է իրավագիտակցության և իրավական մշակույթի թուլությամբ, պետության ու իշխանության նույնացմամբ, քաղաքական բևեռացմամբ և անձնական կապերի վրա հիմնված հարաբերությունների պահպանմամբ։

Երբ հասարակության մի հատվածն արդարադատությունից ակնկալում է ոչ թե անաչառություն, այլ նախապես ցանկալի արդյունք, ձևավորվում է ընտրովի արդարության պահանջ։

Այդպիսի միջավայրում իշխանության կամայականությունը կարող է հանդիպել ոչ թե սկզբունքային դիմադրության, այլ ընտրովի հավանության։

Երբ ինստիտուտը գոյություն ունի, բայց չի ծառայում իր նպատակին

Պետական ինստիտուտի գոյությունը դեռ չի նշանակում նրա առաքելության իրականացում։

Դատարանը կարող է ունենալ դատավորներ, խորհրդարանը՝ պատգամավորներ, պետական մարմինները՝ պաշտոնյաներ, աշխատակազմեր և հաստատված բյուջեներ։ Սակայն դրանց արդյունավետությունը որոշվում է ոչ միայն կառուցվածքով, այլև հանրային նշանակությամբ և գործունեության արդյունքով։

Այստեղ առաջանում է բարոյական ու պետականագիտական հակասություն։

Քաղաքացին իր հարկերով ֆինանսավորում է պետական համակարգը՝ ակնկալելով օրենքի պաշտպանություն, արդարադատություն և հանրային ծառայություններ։ Բայց երբ ինստիտուտը չի կատարում իր պարտականությունները, քաղաքացին երբեմն ստիպված է լինում պաշտպանել իր իրավունքները հենց այն համակարգի գործողություններից կամ անգործությունից, որի գործունեությունը ֆինանսավորում է։

Առանձնապես վտանգավոր է լավ օրենքների ընտրովի կիրառումը։

Վատ օրենքը հնարավոր է բացահայտել, քննադատել և փոփոխել։ Իսկ երբ լավ օրենքը կիրառվում է ընտրովի, իրավական համակարգի արտաքին պատշաճությունը կարող է քողարկել դրա գործադրման անարդարությունը։

Պետական կառավարման մեկ այլ խնդիր է մասնագիտական կարողության ստորադասումը քաղաքական հավատարմությանը։

Ղեկավարի համար երբեմն ավելի նախընտրելի է կանխատեսելի և հնազանդ պաշտոնյան, քան ինքնուրույն մտածող մասնագետը, որն անհրաժեշտության դեպքում կարող է առարկել կամ մատնանշել որոշման հնարավոր հետևանքները։

Անշուշտ, քաղաքական պաշտոններն ու մասնագիտական քաղաքացիական ծառայությունը պետք է տարբերակել։ Սակայն նույնիսկ քաղաքական պաշտոնում ծրագրային համախոհությունը չի կարող փոխարինել մասնագիտական պատրաստվածությանը։

Լավ խոսելը դեռ չի նշանակում լավ կառավարել։

Պետությունը կորցնում է իր զարգացման կարևոր հնարավորություններից մեկը, երբ պաշտոնը դիտվում է որպես անձնական կամ քաղաքական հավատարմության դիմաց տրվող հնարավորություն, այլ ոչ թե հանրային պատասխանատվություն։

Իշխանության պատասխանատվությունը եւ հասարակության բարոյական իմունիտետը

Պետական կառավարման որակի համար առաջնային պատասխանատվություն է կրում իշխանությունը, քանի որ հենց նրան են վստահված հանրային լիազորություններն ու պետական ռեսուրսների տնօրինումը։

Սակայն հասարակությունը նույնպես չի կարող իրեն ամբողջությամբ ազատել պատասխանատվությունից։

Մենք հաճախ դատապարտում ենք կոռուպցիան այնքան ժամանակ, քանի դեռ դրանից օգտվողը մենք չենք։ Պահանջում ենք օրենքի հավասարություն, բայց սեփական խնդրի դեպքում երբեմն պատրաստ ենք բացառություն ակնկալել։

Այս հակասությունը միայն անհատական վարքագծի խնդիր չէ։ Երբ այն տարածվում է, ձևավորում է հասարակական մշակույթ, որը նպաստում է կառավարման նույն արատների վերարտադրությանը։

Հասարակությունը պետք է ունենա բարոյական իմունիտետ՝ անարդարությունը մերժելու կարողություն՝ անկախ այն բանից, թե ով է դրա հեղինակը։

Այդ իմունիտետը հատկապես անհրաժեշտ է քաղաքական բևեռացման պայմաններում։

Երբ քաղաքական հակառակորդը դադարում է ընկալվել որպես այլ համոզմունքներ ունեցող քաղաքացի և վերածվում է թշնամու կերպարի, հասարակական բանավեճը զիջում է ատելությանը։

Իսկ ատելության ազդեցությամբ մարդը կարող է արդարացնել այն, ինչ իր նկատմամբ կիրառվելու դեպքում կհամարեր անընդունելի։

Ատելության զոհ դարձած հասարակությունը դժվարությամբ է տարբերակում համընդհանուր շահը խմբային շահից։

Մինչդեռ պետության անվտանգությունը, կրթությունը, տնտեսությունը և արդարադատությունը չեն կարող լինել որևէ քաղաքական ուժի սեփականությունը։

Ինչո՞ւ են փոխվում իշխանությունները, բայց պահպանվում կառավարման արատները

Իշխանափոխությունը դեռ չի նշանակում կառավարման մշակույթի փոփոխություն։

Երբեմն իշխանության եկող քաղաքական ուժը բավարար խորությամբ չի պատկերացնում այն համակարգային պատճառները, որոնց դեմ նախկինում պայքարում էր։ Կարող են բացակայել անհրաժեշտ մասնագիտական կարողությունները, ինստիտուցիոնալ բարեփոխումների հստակ ծրագիրը կամ սեփական լիազորությունները սահմանափակելու քաղաքական կամքը։

Արդյունքում նախկինում քննադատված մեխանիզմները կարող են հարմար թվալ նաև նոր իշխանությանը՝ սեփական իշխանությունը պահպանելու և վերարտադրելու տեսանկյունից։

Փոխվում են մարդիկ, բայց պահպանվում են մեթոդները։ Երբեմն նախկին արատները նույնիսկ կատարելագործվում են՝ հարմարեցվելով նոր քաղաքական պայմաններին։

Նույնքան վտանգավոր է պատմական հիշողության ընտրովի ներկայացումը։

Յուրաքանչյուր նոր իշխանություն կարող է գայթակղվել անցյալը մեկնաբանելու սեփական քաղաքական շահերին համապատասխան՝ ձեռքբերումները վերագրելով իրեն գաղափարապես մոտ ուժերին, իսկ ձախողումները՝ հակառակորդներին։

Սակայն պատմությունը հերթական իշխանության սեփականությունը չէ։

Առանց պատմական սխալները ճանաչելու և դրանց պատճառները հասկանալու՝ հասարակությունը դժվարությամբ կարող է խուսափել դրանց կրկնությունից։

Իշխանության գալ՝ իշխանությունից հեռանալու պատրաստակամությամբ

Պետության ինստիտուցիոնալ հասունության կարևոր չափանիշներից մեկն իշխանության խաղաղ և ժողովրդավարական փոփոխելիությունն է։

Իշխանության պետք է գալ նաև իշխանությունից հեռանալու պատրաստակամությամբ։

Հայաստանի քաղաքական պատմության մեջ մենք տեսել ենք իշխանության փոխանցումներ և իշխանափոխություններ, սակայն դեռևս չենք ձևավորել այն կայացած ժողովրդավարական ավանդույթը, երբ գործող իշխանությունը պարտվում է համապետական ընտրություններում, ընդունում ընտրողների որոշումը և խաղաղ ճանապարհով փոխանցում իշխանությունը։

Իշխանության իրական պատասխանատվությունը նաև սեփական իշխանությունը կորցնելու հնարավորությունն ընդունելն է։

Պետությունը որևէ քաղաքական ուժի սեփականությունը չէ, իսկ ընտրությունները պետք է լինեն իշխանությունը ոչ միայն ստանալու կամ պահպանելու, այլև կորցնելու իրական հնարավորություն։

Հենց այս գիտակցությունն է կարևոր անկախ ինստիտուտների ձևավորման համար։ Իշխանությունը պետք է կառուցի այնպիսի համակարգ, որի օրենքներն ու կառավարման մեխանիզմները կշարունակեն գործել նաև իր հեռանալուց հետո՝ առանց քաղաքական պատկանելությամբ պայմանավորված արտոնությունների։

Սակայն միայն իշխանության պատրաստակամությունը բավարար չէ։

Քաղաքացին պետք է զարգացնի իր իրավագիտակցությունը և կարողանա տարբերել իրատեսական քաղաքական ծրագիրը գրավիչ, բայց չհիմնավորված խոստումից։

Քաղաքական խոստումը պետք է ունենա գնահատելի բովանդակություն՝ հստակ նպատակներ, ֆինանսական հիմնավորում, իրագործման ժամկետներ և հանրային հաշվետվողականության մեխանիզմներ։

Յուրաքանչյուր չկատարված խոստում իրավախախտում չէ, բայց դա չի նշանակում, որ քաղաքական խոստումը պետք է մնա առանց հանրային գնահատականի։

Մենք չենք կարող սպասել, մինչև հասարակությունը լիովին ձևավորի իրատեսականը պատրանքայինից տարբերելու կարողությունը։ Իրավագիտակցության զարգացումը և քաղաքական պատասխանատվության մեխանիզմների ամրապնդումը պետք է ընթանան միաժամանակ։

Պետության ապագան՝ հաջորդ սերնդի պատասխանատվության ներքո

Պետության զարգացումը չի կարելի գնահատել միայն այսօրվա տնտեսական ցուցանիշներով։

Հնարավոր է որոշ ժամանակ ունենալ նյութական բարեկեցություն, բայց չձևավորել այնպիսի սերունդ, որն ունակ կլինի պահպանելու և զարգացնելու այդ ձեռքբերումները։

Ինչպես ընտանիքում, այնպես էլ պետության մեջ՝ այսօրվա հաջողությունը դեռ չի երաշխավորում վաղվա ապահովությունը։

Եթե մենք հաջորդ սերնդին փոխանցում ենք ոչ թե անկախ մտածողություն, մասնագիտական կարողություններ և պատասխանատվություն, այլ պատրաստի պատասխանների սպասելու ու իշխանավորի բարեհաճությունից կախված լինելու սովորություն, վտանգում ենք սեփական ձեռքբերումների շարունակականությունը։

Պետության իրական ուժը ոչ թե անփոխարինելի ղեկավարն է, այլ այն ինստիտուտները, որոնք գործում են անկախ ղեկավարի անձից, և այն քաղաքացին, որը գիտակցում է իր իրավունքներն ու պարտականությունները։

Պետության բարոյական վերականգնումը սկսվում է այն պահից, երբ մարդը պատրաստ է սխալը սխալ անվանել՝ անկախ այն բանից, թե ով է դրա հեղինակը։

Իսկ ինստիտուցիոնալ վերականգնումը՝ այն ժամանակ, երբ իշխանությունը պատրաստ է օրենքով սահմանափակել սեփական հնարավորությունները՝ հանուն պետության շարունակականության։

Որովհետև պետությունը կայացած է ոչ թե այն ժամանակ, երբ իշխանությունն անփոխարինելի է թվում, այլ երբ նրա փոփոխությունը չի վտանգում պետության գոյությունն ու բնականոն գործունեությունը։

Արգամ ԽՈՅԵՑՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել