Խաղաղություն ասելով խաղաղություն չես բերի, խաղաղությունը Չալոն չի, որ կանչես, ինքն էլ միամիտ վազի քո հետևից։ Խաղաղությունը քո մեջ արմատակալած պետք է լինի, որ սիրես, փայփայես նրան, իմանաս, ինչ է խաղաղությունը։ Կամ՝ պատերազմ ասելով պատերազմող չես դառնա, ավելի շուտ կվախենաս պատերազմից ու կփախչես մարտի դաշտից։ Այս երկուսի փոխառնչությամբ լավագույնս ասված է` «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»։ Այնպես որ, նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ, ոչ էլ մենք հիմա դրա ժամանակը ունենք։ Ներկայումս իրադարձությունների փոխդասավորությունը և անվտանգային մարտահրավերները մեզ ստիպում են ավելի խորը` հոգևոր աչքերով նայել ներկային ու անցյալին, որպեսզի հստակորեն և ճիշտ կողմնորոշվել դեպի ապագան։ Ըստ այդմ, մենք որպես մարդ և ազգ, որպես գալիքի պատասխանատվությունը գիտակցորեն մեր մեջ կրող ժողովուրդ, պետք է ոչ թե պատրաստվենք պատերազմին, այլ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան պետք է պատերազմենք թշնամու դեմ, որպեսզի խաղաղությունը վայելենք ու այն մնա մեր մեջ։
Խոսքս երևույթային թշնամու մասին չէ միայն, այլ` աներևույթ, ինչը վաղ ժամանակներից սողոսկել է մեր մեջ, մեզ հետ քնում, վեր է կենում, մեզ հետ սնվում, քայլում ու հանգիստ, «խաղաղաբար» տանում է մեզ դեպի իր ուզած վայրը, դեպի ստախոսության ու կեղծիքի «Հայրենիք», դեպի ատելություն, դեպի փող ու որկրամոլություն, դեպի դատարկ հպարտություն, որոնց վերջնական հանգրվանը, այո, արդեն կռահեցիք, վերջնական կործանումն է և հոգևոր Հայրենիքի կորուստը։ Այո, Հայրենիքը Հոգևոր սահմաններ ունի, այն մեր մեջ է և այն վաղուց արդեն խաղաղ չէ և ներխուժված է։ Թե չէ հա, հա, թշնամի թուրք, ռուս, ջհուդ, մյուս, և… ես ինչ իմանամ վաղը էլի ինչ։ Մի բան պարզ է, այսպես որ շարունակենք, վաղը բոլոր ազգերն առանց բացառության, մեր դեմ են դուրս գալու, որ զինաթափեն մեզ, քանզի ինքներս արդեն կեղծ խաղաղարարներ ենք և զինաթափված։
Խոսքս մեր մասին է, սովորական Հայի և Հայաստանցու մասին, որտեղ էլ որ նա գտնվի։ Ուղղենք մեջքներս, մենք արարչագործ հավատով լցված և Բարձր առաքելությամբ օժտված ազգ ենք, մենք Աստված ունենք, պիտի Վերև նայենք՝ ազատագրվենք ներսի ստրկությունից։ 1998 թվականին, երբ առաջին նախագահը հրաժարական տվեց, իր խոսքում նա մասնավորապես արտաբերեց այն միտքը, որ Հայաստանում Խաղաղության կուսակցությունը հրաժարական տվեց, իշխանության եկավ պատերազմի կուսակցությունը… Չեմ ուզում անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի քաղաքական ենթատեքստին, սակայն ընդունենք, որ այն ինչ ֊որ առումով արտահայտում էր օբյեկտիվ իրականությունը, ինչ ֊ որ առումով էլ իռացիոնալ էր։ Իրականում, սակայն, խաղաղության «կուսակցությունը» Երկնքում է, իսկ «մասնաճյուղերը»` մեր մեջ։
Խաղաղությունը միայն այն չէ, երբ սահմանին կրակոցներ չկան։ Խաղաղությունն այն է նաև, երբ մարդու ներսում ճշմարտությունը պատերազմում չի պարտվում:
Կարդացեք նաև
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2026



















































