Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՈՎԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ «ՄԵՐ ԲԱԿԸ-2»

Հուլիս 08,1998 00:00
ehova

Երեկ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի խիստ տարաձայն ու բազմաբնույթ նիստը քննարկեց մի շարք հարցեր, որոնցից ներկայացնում ենք առավել հետաքրքրական կարծիքներն ու առաջարկությունները։ Նախ՝ «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքը։ Պարզվեց, որ թվով 27 դասալիք առանց պատժի վերադարձվել են զորամասեր։ Որոշվել է ներկայացնել 4 տիպի համաներում՝ բանակում չծառայած հետեւյալ տղաների համար.

ա) ովքեր մանկուց ապրել են արտասահմանում,

բ) ովքեր արտասահմանում քրեական հանցագործություն չեն կատարել,

գ) ովքեր խուսափել են բանակից, բայց մնացել են Հայաստանում,

դ) 27 տարեկանից բարձր տղաների համար մշակել ծառայության այլընտրանքային ձեւ։

Այնուհետեւ՝ արտասահմանցի մի եհովականի նամակ-դիմումի կապակցությամբ երկար ու ձիգ քննարկվեց «Եհովայի վկաներ» խմբի գրանցել-չգրանցելու հարցը։ Կարծիքները խիստ բազմազան էին։ Ոմանք շեշտում էին այն հանգամանքը, որ այս դեպքում գործ ունենք նաեւ Սահմանադրության մի կետի հետ. ցանկացած մարդ ունի խղճի ազատություն։ Եվ հետո՝ այստեղ մարդու հարցն է, եւ ոչ թե՝ դավանանքի։

Հնչեցին հակառակ կարծիքներ եւս։ Հանձնաժողովի անդամ Աղասի Արշակյանը կոնկրետ բերեց իր մորաքրոջ օրինակը, որին Եհովայի վկաները հասցրել են շիզոֆրենիայի։ Իսկ ընդհանրապես՝ նրանց գործունեությունն ուղղված է մեր ժողովրդին մասնատելուն ու նրա միասնականությունը թուլացնելուն։ Ավելին, ինչպես նշեց պրն Արշակյանը, սա մահմեդականությունից էլ վատ է. «Մահմեդականության մեջ գոնե տրադիցիոն բաներ կան»։

Մի խոսքով՝ եհովականներն ունեն խիստ կոշտ դիրքորոշում. նրանք քարոզչություն են կատարում ամենուր (փողոցում, տներում)։ Իսկ օրենքով նրանց պատիժ, որպես այդպիսին, չի հասնում (պատիժը, թերեւս, կլինի այն, որ նրանց չգրանցեն իբրեւ կազմակերպություն)։ Կարծիք եղավ նաեւ, որ այս խումբը գրանցվելուց հետո կասկածելի ու վտանգավոր խաղի մեջ կմտնի։ Բերվեց Ադրբեջանի օրինակը, որտեղ եհովականները քարոզչությունն իրականացնում են բոլոր ազգերի մեջ, բայց ոչ իրենց՝ ադրբեջանցիների։ Վերջիններս այնքան ավանդապահ են, որ թույլ չեն տա իրենց նկատմամբ նման ռիսկի դիմել։

Պարույր Հայրիկյանը, ի վերջո, հանգեց մի եզրակացության. «Մենք ունենք խնդիր եհովականների հետ, բայց նրանց գրանցելու հետ խնդիր չունենք»։ Հետագա անհամաձայնությունները հանձնաժողովի անդամների միջեւ, քննարկումներն ու վեճերը «Եհովայի վկաներ» խմբի գրանցման վերաբերյալ՝ հանգեցրին մի որոշման. «Որեւէ կազմակերպության գրանցման հարցի շուրջ վեճերը (նախաձեռնողների եւ գրանցող մարմնի միջեւ) դատարանի իրավասության խնդիր է եւ պետք է լուծում ստանան համապատասխան դատական ատյանում՝ «Սահմանադրության եւ գործող օրենսդրության» շրջանակներում։ Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, վերստին կանդրադառնա խնդրին»։ Հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանը նաեւ անդրադարձավ քաղաքացիների ընդունելության հարցին՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 5 րոպե։

Իսկ «Զինվորի մայր» կազմակերպության նախագահը մի առաջարկություն արեց. հեռուստաեթերից հանել «Մեր բակը-2» ֆիլմի գովազդը։ Քանի որ զոհված ազատամարտիկների կանայք բողոքում են այն հատվածի դեմ, երբ «լավ տղան» փառաբանում է հորը։ Իսկ իրենց երեխաները հայր չունեն… «Ես էլ հեռուստացույց չունեմ, բայց ամբողջ օրը հեռուստացույցի գովազդ է գնում»,- հնչեց դահլիճի մի ծայրից։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031