Հուլիսի 13-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում բացվել է «Հայկազ Խաչատրյան․ անկախական նկարիչը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը։
Ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական ժառանգությունը և նրա գործունեությունը՝ որպես ազգային-ազատագրական գաղափարների կրող արվեստագետի։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի կազմակերպիչ Դավիթ Աղաջանյանը բացման խոսքում նշեց, որ Հայկազ Խաչատրյանի գործունեության ուսումնասիրությունը սկսել է դեռևս 2014 թվականին, իսկ նկարչի կտավները առաջին անգամ ցուցադրվել են միայն 2021 թվականի հունվարին՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Մինչ այդ դրանք երբևէ հանրային ցուցադրության չէին ներկայացվել։
Հայկազ Խաչատրյանը ծնվել է 1919 թվականին։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, այնուհետև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ զբաղվել է հետախուզական գործունեությամբ և եղել դիվերսիոն խմբի հրամանատար։
Պատերազմից վերադառնալուց հետո նա շարունակել է ուսումը Գեղարվեստի ակադեմիայում։ Չնայած արվեստի նկատմամբ ունեցած մեծ շնորհին՝ Խաչատրյանը չի հրաժարվել իր ազգային-ազատագրական հայացքներից, որոնք խորհրդային տարիներին հետապնդվում էին։
1966 թվականին Ստեփան Զատիկյանի և Շահեն Հարությունյանի հետ համատեղ նա հիմնադրել է Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)։ Հիմնադրումից մեկ տարի անց՝ 1967 թվականի ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում ներկայացվել է ԱՄԿ-ի հռչակագիրը, և կուսակցության առաջին անդամները երդվել են հավատարիմ մնալ կազմակերպության գաղափարներին։ Բազմաթիվ ձերբակալություններն ու հետապնդումները հետագայում անդրադարձել են նաև նկարչի առողջության վրա։
Ցուցահանդեսում ներկայացված են Հայկազ Խաչատրյանի մի շարք աշխատանքներ՝ նվիրված ծնողներին, սիրելի կանանց, ինչպես նաև հայրենիք-բնություն կապին։ Ներկայացված էր նաև 2023 թվականին Ալեքսեյ Քիշոյանի ձեռնարկությամբ տպագրված Հայկազ Խաչատրյանի «Գործ և գիր» գիրքը, որում իր կողմից հավաքված մտքեր են, բանաստեղծություններ, արձակ գործեր և մի աշխատություն, որ կիսատ է մնացել։
ԱՄԿ անդամ Պարույր Հայրիկյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայկազ Խաչատրյանն իր ժամանակ արել է անհնարինը՝ չհարմարվելով պայմանականություններին և բացահայտ բարձրացնելով Հայաստանի անկախության հարցը։ Նրա խոսքով՝ նկարիչը նույնիսկ բանտարկությունը չի ընկալել որպես անձնական ողբերգություն։
«Երբ բանտում տեսավ, թե ինչպես են հարազատները լաց լինում, ասաց․ «Մենք ո՞վ ենք, այնպիսի՜ մարդկանց են տարել ու ոչնչացրել»»,- պատմեց Պարույր Հայրիկյանը։
Դավիթ Աղաջանյանն իր խոսքում ընդգծեց նաև, որ Հայաստանի անկախությունը պետք է գնահատել որպես երկար տարիների պայքարի արդյունք, այլ ոչ թե Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած «նվեր»։
Ցուցահանդեսը սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով և շարունակվել Գրիգոր Աղբալյանի «Սեգ արծիվներ» (խոսք՝ Ստեփան Զատիկյանի, երաժշտություն՝ Պարույր Հայրիկյանի) և «Կրկին ոտքի» երգերի կատարմամբ։
Հայկազ Խաչատրյանի նկարների ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչև հուլիսի 18-ը։



























































