Լրահոս
Օրվա լրահոսը

TACIS-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հուլիս 29,1998 00:00
tacis

Հանրապետությունում այսօր գործում են բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ։ Դրանցից ամեն մեկն ինչ-որ խնդիրներ է ձեւակերպել ու փորձում է լուծել դրանք։ Այդ խնդիրների մի մասը (կամ մեծ մասը) առնչվում է մեզ։ Հետեւաբար, արտերկրյա կազմակերպություններն իրենց գործունեությունները երբեմն համաձայնեցնում են մեզ հետ։ Որքան ավելի ներկայացուցչական է արտասահմանյան կազմակերպությունը, այնքան ավելի բարձր իշխանական մակարդակում է կազմակերպվում համագործակցությունը։ 1992 թ. Եվրոպական Միության նախաձեռնությամբ ստեղծվել է Tacis ծրագիրը։ Այն նպատակ ուներ խորհրդային նախկին հանրապետությունների եւ Մոնղոլիայի կառավարություններին տրամադրել «տեխնիկական (խորհրդատվական) օգնություն տնտեսության զանազան ոլորտների վերաբերյալ, դյուրացնելով նշված երկրների անցումը դեպի շուկայական տնտեսություն»։ Համենայնդեպս, այսպես է արձանագրված Հայաստանում իրականացվող Tacis-ի ծրագրերի մասին տեղեկանքում։ Սույն տեղեկանքը նաեւ բացատրում է Եվրամիությունը ներկայացնող այդ կազմակերպության գործունեության մեթոդաբանությունը։

Tacis-ը իրականացնում է (կամ ֆինանսավորում) երեք մակարդակի ծրագրեր՝ ազգային, կարճաժամկետ կամ փոքրածավալ եւ միջպետական։ «Այսպես կոչված, ազգային ծրագրերը,- գրված է տեղեկանքում,- ուղղված են որեւէ կոնկրետ երկրի կարիքներին եւ իրականացվում են միայն այդ երկրում, փոքրածավալ ծրագրերը նախատեսվում են ԱՊՀ բոլոր երկրների համար, սակայն յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր առաջնային խնդիրները եւ առանձին ծրագրերը։ Միջպետական ծրագրերն ուղղված են ԱՊՀ բոլոր կամ մի քանի պետությունների կոնկրետ կարիքները հոգալուն»։ Այս բավականաչափ վեհ նպատակի իրագործման նպատակով էլ համապատասխան գրասենյակներ են գործում Հայաստանում։ Դրանց աշխատանքը կազմակերպելու նպատակով ստեղծվում է Համակարգման կենտրոն։ Հայաստանի Ազգային համակարգողի պաշտոնն այսօր զբաղեցնում է վարչապետ Ա. Դարբինյանը։ Գործունեության ողջ ընթացքում Tacis-ն իրականացրել է 79 տարբեր ծրագրեր՝ ծախսելով 50 մլն էքյու։

1998-99 թթ. նախատեսվում է ծախսել եւս 10 մլն էքյու։ Սա, փաստորեն, անհատույց տրամադրվող տեխնիկական օգնություն է։ Անհրաժեշտ է նշել, որ ծրագրերի ընթացքում «Հայաստանը բոլորովին չի հսկում եւ չի կարող հսկել ֆինանսական հոսքը»։ Ինչպես նշված է տեղեկանքում. «Հայաստանը չի կարող պահանջել ֆինանսական հաշվետվությունների տրամադրում»։ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հաճախ նշում են, որ տեխնիկական օգնությունների շրջանակներում ծախսվող գումարների առյուծի բաժինն օգտագործվում է արտասահմանյան մասնագետների վրա։ Սա պարզ նկատելի է նաեւ պայմանագրային այն պահանջից, որն արձանագրում է՝ «սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ծրագրի բյուջեի տասնհինգ տոկոսը»։ Ծրագրերի կազմակերպումը բավական հստակ կանոնակարգված է եւ թվում էր, թե տեղեկանքում անհասկանալի պահեր չեն լինելու։ Առավել եւս, որ Tacis-ը իր ծրագրերի շրջանակում մեկ մլն էքյու է տրամադրում Հայաստանում հաշվապահական համակարգի կատարելագործման համար։ «Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել եւ վերապատրաստել հայ հաշվապահներին՝ նրանց ուսուցանելով միջազգային ստանդարտները»։ Խիստ հրատապ եւ կարեւորագույն գործ է։

Tacis-ի գործունեության մասին տեղեկանքին ծանոթացող ցանկացած մարդ կհանգի այս եզրակացությանը։ Իհարկե, տեղեկանքը հաշվապահական փաստաթուղթ չէ։ Սակայն ցանկացած ֆինանսական տեղեկանք կազմող պետք է որ հաշվապահական հաշվառման որոշակի գիտելիքներ ունենա։ Տեղեկանքի թիվ մեկ հավելվածում ներկայացվում է իրականացված եւ իրականացվող ծրագրերի ցանկը։ Այդ ցանկի որոշ տողեր պարզապես հետաքրքիր են։ Երբեմն գրված չէ, թե որքան գումար է ծախսվել՝ անգամ ավարտված ծրագրերի գծով։ Երբեմն հայտնի չէ, թե ով է ընդունող՝ հայկական կողմը։ Երբեմն հայտնի չէ, թե ով է ծրագրի ղեկավարը։ Իսկ այս հավելվածի 13-րդ կետում նշված է, որ 1995 թ. 12 ամիս տեւողությամբ իրականացվել է «Աջակցություն խորհրդարանականներին» ծրագիրը, որի արժեքը 180 հազար էքյու է։ Այդ շրջանում խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանը պնդում է, որ ինքը ծանոթ չէ նման ծրագրի։ Երբեմն նշված չէ, թե երբ է ավարտվելու ծրագիրը։ Օրինակ, 148 հազար էքյու գումար է հատկացվել ՀՀ կառավարությանը եւ Գերագույն խորհրդին դեռեւս 1992 թ., որպեսզի նրանք միասին օրենք գրեն «Բաժնետիրական ընկերությունների մասին»։ Տեղեկանքը նշում է, որ ծրագիրն ավարտված է, բայց տեւողությունը հայտնի չէ։

Նշված օրինակներից ակնհայտ է դառնում, որ մինչեւ հաշվապահական հաշվառումների դասավանդման կուրսերի վրա փող ծախսելը, հարկավոր է գումար գտնել պարզ տրամաբանական հաշվառումների դասավանդման կուրսերի կազմակերպման համար։ Tacis-ը լուրջ գումարներ է ծախսում «Օտար լեզվի վերապատրաստման ծրագիր» անվան տակ։ Մինչդեռ ակնհայտ է, որ այս տողը (ինչպես նաեւ տեղեկանքի մյուս շատ հատվածներ) գրողները հայերենի ուսուցման կարիք ունեն։ Սա անկախ այն փաստից, որ տեղեկանքը լրացնող մարդկանց հայտնի չէ, թե միջուկային անվտանգության համար հատկացված գումարը Հայաստանում ում են տվել։ Կամ ո՞վ է ստացել պետական կառավարման վերափոխման համար 1 մլն 800 հազար էքյու։ Ճիշտն ասած, ոչ միայն Tacis-ին, այլեւ շատ շատերի համար է անհայտ, թե իսկապես ովքեր են զբաղված պետական ապարատի վերափոխումներով Հայաստանում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

TACIS-ի գրասենյակի պատասխանը՝ «Առավոտի» հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031