Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Այս նոր սահմանադրության մեջ այնպիսի բաներ են գրված, որ այդ բաները եթե ընդունեցիք, Եվրամիությունը Հայաստանի հայտին ցույց է տալու երեք մատանոց կոմբինացիա»

Նոյեմբեր 24,2026 17:14 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՖԲ ուղիղ եթերում ողջունելով իր բնութագրմամբ «մարդկության քարտեզի վրայից ոչնչացման եզրին հայտնվող» հայ ժողովրդին՝ անդրադարձավ երեկ հրապարակված սահմանադրությանը, առկա խնդիրներին եւ առաջարկեց իրավիճակի լուծման իր տարբերակները։

«Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն այս փուլում միահամուռ կերպով մերժում է անգամ քննարկել Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված սահմանադրության նախագիծը, որովհետեւ փաշինյանական սահմանադրությունն ի սկզբանե հակահայկական է։

Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի շուրթերով իբր հայտնել է ցանկություն՝ անդամակցելու Եվրամիությանը։ Ավելին, Ազգային ժողովը ընդունել է նման մի ապուշ փաստաթուղթ ոչ մի բանի մասին։ Նիկոլ Փաշինյանը մի 10 օր առաջ Բրյուսելում Եվրանյուզի գագաթնաժողովին ոնց որ թե ասաց՝ մենք 27-28 թվականներին Եվրամիության հայտը կտանք, իսկ մի տեղ էլ ասաց, որ 20 տարուց Հայաստանը պատկերացնում է Եվրամիության անդամ։ Սա ֆիքսենք, սա կարեւոր կտոր է։

Երեկ հրապարակվեց սահմանադրության նախագիծը, որի մեջ չկա Եվրամիության անդամ դառնալու մասին որեւէ հոդված։ Բայց ինչի՞ չկա։ Բոլոր երկրները, որոնք ուզում են անդամակցել, հատկապես պոստսովետ տարածքում՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, իրենց սահմանադրություններում գրել են, որ ուզում են դառնալ Եվրամիության անդամ։ Ինչո՞ւ Հայաստանը, որ իբր թե նույնպես ուզում է դառնալ Եվրամիության անդամ, դա չի գրել։ Որովհետեւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանը Եվրոպական Միության անդամակցության որեւէ հեռանկար չունի։ Դրա համար այդ նախագծում նման հոդված չի գրել։

Չի գրել նաեւ երկրորդ պատճառով։ Սա շատ կարեւոր խնդիր է։ Գիտեք, որ Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանից պահանջում է անցկացնել ԵՄ անդամության հանրաքվե։ Նիկոլը կարող էր անել շուստրիություն, այս նախագծում գրեր ԵՄ անդամության մասին հոդված ու «երկուսը՝ մեկում» հանրաքվե պնդեր։ Մոսկվայում Պուտինին ասեր՝ հեսա, սահմանադրության մեջ գրել եմ Եվրամիությանը անդամակցության հոդված, ինչը փաստացի հանրաքվե է։ Եվ սահմանադրական հանրաքվեն զուգակցեր ԵՄ անդամության հեռանկարի հանրաքվեի հետ։ Եվ Մոսկվայում էլ ասեր. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուզում էիր հանրաքվե, կլինի հանրաքվե։ Դու էլ մեր ընդդիմությանը, ում հետ որ շփվում ես, ասա, որ սա դու ես պահանջել։

Բայց անգամ այսս հնարավորությունն ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը դա չարեց շատ պարզ պատճառով։ Նա եվրոպացիների հետ խաղում է եվրաանդամակցության պրոցես հանուն իր իշխանության երկարացման։ Նա չգրեց՝ արդեն չի գրել եւ չի գրելու

Հաջորդը։ Ժողովուրդ ջան, ուշադիր եղեք։ Այս նոր սահմանադրության մեջ այնպիսի բաներ են գրված դատաիրավական համակարգի, իրավական հարաբերությունների, դատավորների վեթինգի, օրենքի հետադարձ ուժ ունենալու, քաղաքացիությունից զրկվելու թեմաներով, որոնք ոչ միայն չկան գործող սահմանադրության մեջ, ավելին, այդ բաները եթե ընդունեցիք, Եվրամիությունը Հայաստանի հայտին ցույց է տալու երեք մատանոց կոմբինացիա։ Ասեմ ինչու։ Որովհետեւ Եվրամիությունն ունի անդամության չափորոշիչներ՝ «Կոպենհագենյան չափորոշիչները»։

Դրանք բաժանված են 35 խմբի մեջ՝ ըստ ոլորտների։ Եվ եթե երկիրը հայտ է ներկայացնում, պետք է «Կոպենհագենյան չափորոշիչներին» համապատասխանի։ Դրանք երեք խումբ չափորոշիչներ են՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական։ Այդ երեք խմբի մեջ կան 35 ուղղություններ, որոնցով պետք է բոլոր երկրները բանակցեն՝ համապատասխանեցվեն Եվրամիության ստանդարտներին։ Եվ դրանից հետո միայն ստանան Եվրամիությանը անդամակցության հնարավորություն։

Նիկոլ Փաշինյանը սահմանադրության նախագծի մեջ գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում բացառվում է, որ մենք դառնանք ԵՄ անդամ։ Այդ նորամուծությունները ամբողջությամբ բլոկ են դնում Եվրամիության մեր հեռանկարին։ Դրանք ամբողջությամբ հակասում են եվրոպական ստանդարտներին։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը «քցում» է ձեզ։ Եվրոպացիները լավ գիտեն, որ Հայաստանը առնվազն մի սերունդ ԵՄ-ին անդամակցելու տեսանելի հեռանկար չունի։

Այս նախագիծը ոչ միայն ալիեւյան է։ Այս նախագիծը հակահայկական է; Այս սահմանադրության այս նախագիծը հակաեվրոպական է։ Այսօրվա սահմանադրությունում ռեժիմը ներառել է այնպիսի ձեւակերպումներ, որոնք բացառում են Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին»,-ասաց Արմեն Աշոտյանը եւ թվարկեց լուծման իր տարբերակները։

«Առաջին։ Ցանկացած նման փոփոխություն պետք է լինի հայելային։ Ինչ անում է մի կողմը, նույն բանը պետք է անի նաեւ մյուս կողմը։

Երկրորդ։ Որպեսզի նման պրոցեսները լինեն արդյունավետ, պետք է լինեն միջազգային լուրջ գարանտիաներ։ Գերմանիան միավորվելով՝ փոխեց սահմանադրությունը ու երաշխավոր դարձան չորս երկրներ՝ Սովետական Միությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։

Երրորդը եւ ամենակարեւորը։ Հասարակությունները պետք է կարողանան հաղթահարել նման ճգնաժամերը մի ձեւով, երբ որ հանրային համերաշխության մթնոլորտ է ստեղծվում, ոչ թե պառակտման։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի օրոք մենք պառակտված քաղաքակրթություն ենք, ինչը մեզ զրկում է դիմադրելու ներքին ռեսուրսից։ Մեզ ներքին համերաշխությունն է պակասում»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30