Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԳՈՎԱԶԴ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ՝ ԱՆՄԱԾՈՒՆ ՀՈՆՈՐԱՐՈՎ

Հոկտեմբեր 20,1998 00:00
Gagik Eganyan

Պարզաբանելու համար փախստականների վարչության աշխատակից Արմեն Պետրոսյանի հետ կապված խոսակցությունները (մի փախստական նրան մեղադրել էր իրենից կաշառք պահանջելու մեջ, հետո, իբր նրա ճնշման տակ, հրաժարվել իր ցուցմունքներից), զանգահարեցինք սոցապ նախարար Գագիկ Եգանյանին։

Եվ իզուր, նախարարը նախ ասաց, որ նման դեպքերը իրավապահ մարմինների իրավասության հարցն են։ Հետո թե՝ դա «լուրջ ու երկար» հարց է, եւ ինքը ուզում է այդ մասին ոչ թե հեռախոսով, այլ «կենդանի զրույցով» պարզաբանումներ տալ, եթե պետք լինի, կանչել Մեխակ Գաբրիելյանին։ Մի խոսքով, «լուրջ ու երկար» պարզաբանումների համար անհրաժեշտ եղավ հաջորդ առավոտյան «կենդանի» կերպով ներկայանալ սոցապ նախարարին։ Եվ իզուր. պարզաբանումներ ստանալու համար լրագրողի թափած ջանքերի եւ այդ պարզաբանումների կշռի համամասնության մասին պատկերացում տալու համար, «կենդանի» զրույցի սղագրությունը ներկայացնում ենք չնչին կրճատումներով։

– Ի՞նչ պարզաբանումներ էիք ուզում տալ։

– Դուք ձեր հարցը ասեք, որ ես հասկանամ՝ ինչի մասին եք խոսում։

– Դուք տեղյա՞կ եք, որ փախստականների վարչության աշխատակցին մեղադրանքներ են ներկայացվում կաշառք վերցնելու մեջ։

– Ի՞նչ է նշանակում՝ տեղյակ եմ։ Ես թերթում կարդացել եմ այդ բանի մասին։ Կաշառք վերցնելու դեպքերով զբաղվում են իրավապահ մարմինները։ Ես դա՛ կարող եմ ասել, եւ որեւիցե մեկը, թող, ասենք քաղաքացին, դիմում գրելիս պետք է առաջին հերթին դիմի այդ հարցերով իրավապահ մարմիններին։ Դա՛ կարող եմ ասել։

– Եթե նման բան է լինում, մինչեւ իրավապահ մարմինները հաստատեն կամ ոչ այդ փաստը, ձեզ չի՞ հետաքրքրում՝ այդ աշխատակիցը նման բան կատարե՞լ է, թե՞ ոչ։

– Ինձ շատ է հետաքրքրում, շատ է հետաքրքրում, բայց այս պետության մեջ կան նման հարցերով համապատասխան կառույցներ։ Համապատասխան կառույցները կզբաղվեն, իրենց գնահատականը կասեն։ Դրա համար համապատասխան կառույցներին պետք է տեղյակ պահել այդ մասին։ Որեւիցե մի այլ նախարարություն կամ գերատեսչություն չի կարող այդ հարցում հստակ իմանալ. դա այդպես է եղել, թե՝ ոչ։

– Այդ աշխատակցին առաջին անգա՞մ է, որ նման դեպք է վերագրվում։

– Գիտեք ինչ, ես չեմ կարող ասել։

– Դուք մամուլի՞ց եք իմացել այդ մասին։

– Թերթի հրապարակումները կարդում եմ։

– Հրապարակումների՞ց եք իմացել։

– Թերթի հրապարակումը ես կարդացել եմ։

– Չէ, դուք որտեղի՞ց եք իմացել։

– Ես ձեր թերթի հրապարակումը կարդացել եմ։ Այնտեղ գրված էր, որ այսպես, այսպես, քաղաքացի կամ փախստական հայտարարություն է անում կամ ասում է, որ նման հարց կա։ Իմ խնդրանքն է ընդհանրապես նման հայտարարություններ անողները դիմեն իրավապահ մարմիններին։ Հակառակ դեպքում չենք կարող մեզ վրա վերցնել դատավորի դեր. այդպիսի դեպք եղել է, թե՝ ոչ։ Հակառակ դեպքում կարող է այդ մարդը ասի՝ իր նկատմամբ շանտաժ կամ չգիտեմ ինչ բաներ են կատարվում։ Դա նախարարի կամ նախարարության գործ չի՝ պարզի, դա եղել է, թե չէ եւ համապատասխան գնահատական տա։

– Ես հասկանում եմ, բայց մինչեւ…

– Ես ուրախ եմ, որ հասկանում եք։

– … Մինչեւ այդ պրն Գաբրիելյանը (փախստականների վարչության պետ – Ա. Գ.) ձեզ դիմե՞լ էր այդ հարցով։ Որ նման դեպք է իբրեւ արձանագրվել։

– Պրն Գաբրիելյանը չի կարող նման դեպք ասել։ Նման դեպքը կարող է ասել… Դուք մարդու մասին եք խոսում…

– Բողոքի մասին է. փախստականը բողոքում է, որ իրենից կաշառք են պահանջել։

– Այդ փախստականը թող գնա, հայտնի համապատասխան մարմիններին։

– Ձեզ՝ որպես նախարարի, չի՞ հետաքրքրում…

– Շատ է հետաքրքրում։ Ես կարող եմ այդ հարցին անդրադառնալ, երբ որ համապատասխան մարմինները իրենց գնահատականը տան։ Միայն այդպես։ Ուրիշ ձեւ չի կարող լինել այս պետության մեջ։

– Ես պարզապես ուզում եմ իմանալ՝ պրն Գաբրիելյանը հայտնե՞լ է ձեզ այդ մասին։

– Դրամ շորթելը պարզելը իրավապահ մարմինների գործն է։ Հասկանալի՞ է այդ բանը ձեզ, թե՝ չէ։

– Ես դա հասկանում եմ, բայց մենք լրիվ ուրիշ բաների մասին ենք խոսում։

– Ի՞նչ է ձեզ հետաքրքրում։

– Ես ուզում եմ իմանալ, պրն Գաբրիելյանը ձեզ այդ մասին հայտնե՞լ է, թե՞ ոչ։ Դա՛ եմ ուզում իմանալ։

– Ի՞նչն է հայտնել։

– Վարչության պետը…

– Այո…

– … իր նախարարին…

– Այո՛…

– … հայտնե՞լ է արդյոք, որ իր վարչության աշխատակցի մասին այսպիսի խոսակցություններ կան։ Այդ մասին է խոսքը։ Ի վերջո, դա այդքան էլ փոքր դեպք չէ, որի մասին պիտի լռեր վարչության պետը կամ որի մասին նախարարը պիտի իմանար թերթից։

– Ուրեմն, վարչության պետին էլ է ասվել, եւ բոլորին է ասվել, եւ ձեր թերթի միջոցով էլ է ասվում, եթե նման դեպքեր կան, պետք է միայն իրավապահ մարմինները…

– Այսինքն, վարչության պետը ահազանգել չի՞ կարող։

– Կարող է ահազանգել, բայց պետք է վարչության պետը այդ քաղաքացուն, որ իր մոտ գալիս է, ասի՝ գնա, սիրելիս, այդ հայտարարությունդ (օգնի էլ նրան, պարզաբանի, տեղն էլ ցույց տա, եթե պետք է՝ հետն էլ գնա) այս դեպքի վերաբերյալ հայտնիր այդ մարմիններին։

– Ես ուզում եմ իմանալ, ահազանգե՞լ է, թե՞ ոչ, դուք մի տեսակ գաղտնիք եք դարձրել։

– Չէ, ի՞նչ գաղտնիք։ Ես այդ բառը չեմ հասկանում՝ գաղտնիք։ Ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը։

– Ուզում եմ իմանալ՝ վարչության պետը ձեզ հայտնե՞լ է այդ մասին մինչեւ ձեր՝ թերթի հրապարակումը կարդալը։ Հայտնե՞լ է վարչության պետը ձեզ այդ մասին մինչեւ թերթում ձեր կարդալը։ Եթե գաղտնիք է, ասեք՝ գաղտնիք է, իզուր ժամանակ չկորցնենք, ոչ ես, ոչ դուք։

– Այսպես չեմ կարող ասել՝ հայտնել է ինձ։ Ընդհանրապես, որ կարող է լինել նեգատիվ բաներ ամեն մի համակարգում, այդ թվում նաեւ փախստականների ոլորտում, որեւիցե մեկը չի բացառում։

– Մամուլն էլ չի բացառում։ Կոնկրետ դեպքի մասին է խոսքը։

– Ես էլ չեմ բացառում, որ նման դեպքեր կարող են լինել։ Տվյալ դեպքի վերաբերյալ հարցրիք, թե Մեխակ Գաբրիելյանը ինձ հայտնե՞լ է, որ այդ աշխատողի վերաբերյալ այդպիսի ահազանգեր կան։ Այո՛, հայտնել է։

– Դա՛ էի ուզում իմանալ։

– Երբ հուլիսին այդ աշխատողին նորից աշխատանքի էինք վերաընդունում, ես իրեն ասել եմ, որ ձեր մասին վատ կարծիք կա։ Ուշադիր աշխատեք, որեւիցե խնդիր չունենաք։

– Այդ կարծիքը միայն ա՞յս դեպքին է վերաբերում։

– Ես չեմ կարող դա ասել։

– Այդ խոսակցությունները վաղուցվա՞ պատմություն են։

– Ես չեմ կարող հիշել, թե նման աշխատողների հետ ինչ բաներ են եղել, ամեն մի էտապում ինչ խոսակցություն է եղել։ Ամեն դեպքում, եթե քաղաքացու նկատմամբ, աշխատողի նկատմամբ որեւիցե այդպիսի բան կա, կարող է միայն դրա գնահատականը տրվել համապատասխան մարմինների ուսումնասիրությունից հետո…

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Խուլուհամրի այս զրույցից հետո եկա խմբագրից մածուն պահանջելու եւ ինքս ինձ խոստացա գոնե առաջիկայում որեւէ նախարարից որեւէ պարզաբանում չպահանջել, տպագրել ամեն ինչ՝ բամբասանք, շանտաժ՝ ամեն ինչ, միայն թե նորից չկրկնվի այս մղձավանջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031