Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Ապրիլ 16,2024 12:43

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ 2022 թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

Ա. Մ.-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ.-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ.-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ.-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ.-ն տրամադրել է Վ. Մ.-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ.-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ.-ն  զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125.000 ԱՄՆ դոլար:

Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930