Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՆԵ՜Ր, ՕՐԵՆՔՆԵ՜Ր, ՕՐԵՆՔՆԵ՜Ր

Նոյեմբեր 11,1998 00:00
Azgayin joxov

ԱԺ երեկվա նիստը իր անարդյունավետությամբ չէր տարբերվում նախորդներից. քվորում չլինելու պատճառով դարձյալ քվեարկություններ չեղան։ Դահլիճն էլ սովորականից նոսր էր. քննարկվում էր «Փախստականների մասին» օրենքի նախագիծը։ Եվ ինչպես ճիշտ նկատեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, պատգամավորների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ փախստականներն ընտրելու իրավունք չունեն։ Հակառակ դեպքում նոր ԱԺ ընտրություններին պատրաստվող պատգամավորները միմյանց ընդհատելով եւ բարձրագոչ խոսքերով հարցեր կտային ու ելույթներ կունենային։

Պատգամավորների ելույթներից պարզվեց, որ ՀՀ քաղաքացիություն է ընդունել 5010 փախստական։ Որ աշխարհում կա 20 մլն փախստական։ Մեր փախստականներից 6000-ը միայնակ թոշակառուներ են։ 14000 փախստականներ բնակարանի կարիք ունեն։ Պատգամավոր Գրիգոր Ավագյանն իր ելույթը սկսեց հայ ժողովրդին համարյա դատափետելով. «Հայավարի մեզ կեղծում ենք, դրա համար ենք կոտորվել»։ ԱԳՆ-ն մեղադրվեց փախստականների թիվը կեղծելու եւ պակասեցնելու մեջ. «Հիմա, այսքանից հետո, իրավունք ունի՞ այս ԱԳՆ-ն աշխատելու»,- հռետորական հարց ուղղեց հատուկենտ պատգամավորներին պրն Ավագյանը։ Իր ելույթի ավարտին ակադեմիկոսն առաջարկեց ստեղծել միգրացիոն նախարարություն. «Եթե մինչեւ բյուջեի հաստատումը չստեղծվի միգրացիոն նախարարություն, ես նախագահի եւ վարչապետի դեմ ուրիշ ձեւով կպայքարեմ»,- սպառնաց Գրիգոր Ավագյանը։

Արթուր Բաղդասարյանն էլ առաջարկեց «Բռնադատվածների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարել։ Հարակից զեկուցումով էլ հանդես եկավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար պրն Սաֆարյանը։ Վերջինիս էլ ուղղեց իր հարցը ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը. «Ի՞նչ արժե այս նախագիծը։ Որքա՞ն գումար է նախատեսված այն իրականացնելու համար»։ Պատասխանն առավել քան անորոշ էր։ Բռնադատվածներին բնակարանային շինարարության համար հատկացվելիք նվազագույն վարկը 50 մլն դրամ է։ Եթե հաշվի առնենք բռնադատվածների թիվը, բյուջեի վիճակը եւ մեր վարկային քաղաքականությունը, կարելի է եզրակացնել. այս օրենքն էլ (ընդունվելու դեպքում) դարձյալ մնալու է թղթի վրա՝ մինչեւ էն մյո՛ւս ԱԺ ընտրությունների շեմին մտահոգված մի պատգամավոր էլ փողոց այն չհանի։

Հայտարարություննե՜ր, հայտարարություննե՜ր

Պատգամավորներից 20-25-ը հայտարարություն ունեին անելու։ Դավիթ Շահնազարյանը բամբ ձայնով սկսեց. «Հոկտեմբերի 30-ին, զրպարտության նպատակով Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված հանրահավաքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական սադրանք։ Կլանային օլիգարխիայի վրա հենվող եւ իր էությամբ պետականությանն ընդդիմադիր վարչախումբը փորձում է ապակայունացնել հանրապետության ներքաղաքական իրավիճակը՝ օրեցօր ծավալվող իրավական քաոսի, սոցիալական ծանր վիճակի, խորացող տնտեսական ճգնաժամի, Հայաստանի միջազգային մեկուսացման, Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ փակուղային վիճակի պատասխանատվությունը բարդելով ընդդիմության վրա՝ սկսել քաղաքական հետապնդումներ»։

Սադրանքների ողջ պատասխանատվությունը պրն Շահնազարյանը պարտավորեցրեց կրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ իր վարչախմբով, եւ այդ սադրանքների հեղինակներին։ Պարույր Հայրիկյանը չանդրադարձավ հոկտեմբերի 30-ի հանրահավաքին։ Պարզապես հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի միասնական տարբերակը, հույս կա, որ կանցնի։ Նորիկ Պետրոսյանը՝ կոմունիստ, հայտարարեց, թե պետք է դադարեցնել սեփականաշնորհումը, իսկ Սեյրան Ավագյանը՝ 99-ի բյուջեում, ներքին պարտքի հատվածում, ներառել նաեւ խնայբանկի ավանդների հարցը։ Հոկտեմբերի 30-ին էին նվիրված Վիգեն Խաչատրյանի եւ Բաբկեն Արարքցյանի՝ «Հանրապետություն» բլոկի անունից արված հայտարարությունները։ Վերջինում զարգացվում էր այն միտքը, որ ներկայիս վարչակարգն իշխանության գլուխ է անցել՝ խախտելով Սահմանադրությունը եւ դատարկ խոստումներով։ «… Իշխանությունը փորձում է վարկաբեկել քաղաքական ընդդիմությանը՝ դիմելով զրպարտության, պիտակավորումների եւ ստահոդ մեղադրանքների։ Այդ գործելակերպի արտահայտումն է հոկտեմբերի 30-ին Դաշնակցության անունով Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի կազմակերպած հանրահավաքը»։

«Հանրապետությունը» դատապարտեց սկսվող «վհուկների որսը»՝ դրանից բխող բոլոր հետեւանքները, հետապնդումների ողջ պատասխանատվությունը դնելով ներկայիս վարչակարգի վրա։ Դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը՝ չդիմանալով դաշնակցականների հասցեին ասված բոլոր մեղադրանքներին, փոխեց իր բուն հայտարարության թեման՝ անցնելով հարձակման։ «… Նրանք, ովքեր իշխանության լծակների մոտ էին եւ իրականացրել են սեփականաշնորհում (թալանը), պատասխանատվություն չեն կրել։ Հիշում եք, ես դաշնակցության անունից որոշման նախագիծ ներկայացրի, ուր առաջարկում էի հանձնաժողով ստեղծել եւ ստուգել սեփականաշնորհման գործընթացը։ Եվ այն 24 ձայն հավաքեց միայն։ … Եվ երեւի լավ օրից չէ, որ քաղաքական գործիչները հրապարակներում, մամուլում կամ խորհրդարանի ամբիոնից են ուզում այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Այստեղ ելույթ են ունենում պատգամավորներ, որոնց, կարծես, հիշողությունը դավաճանում է»։

Նրանց հիշողությունը թարմացնելու նպատակով պրն Հակոբյանն «անցավ գործի». «Դո՛ւք, պրն Դավիթ Շահնազարյան, հիշո՞ւմ եք ձեր հարցազրույցի տեսաերիզը, ուր գրեթե կասկածի տակ էր դրվում դաշնակցականի գոյությունը … Դո՛ւք ձեւավորեցիք փաթեթով զրպարտությունն այս պետության մեջ։ 96-ի սեպտեմբերյան ընտրությունները ես դիտում եմ որպես մեծագույն հանցագործություն։ Հիմա չքմեղանում եք»։ Ռուբիկ Հակոբյանը էլի փաստեր բերեց՝ փորձելով ապացուցել նախկին ռեժիմի դաժանությունը։

Իսկ ես, չգիտես ինչու, հիշեցի՝ «Մի սանրի կտավ եք» իմաստուն ու ժամանակամետ խոսքը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30