Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՅՐԲԱՍ»՝ ՏՐՎԱԾ ՀՈՂՄԵՐԻՆ

Նոյեմբեր 11,1998 00:00
airbus

Անկեղծ ասած, երբեք էլ չեմ երազել որեւէ ճանապարհորդություն կազմակերպել, իսկ եթե կուզեք ավելի անկեղծ՝ ընդհակառակը նաեւ մտածել եմ, թե պետք է ամեն կերպ խուսափել «Էյրբաս-310» ինքնաթիռից երբեւիցե օգտվելուց, որովհետեւ մինչ «սավառնակը» «Հայկական ավիաուղիների» սեփականությունը կդառնար, բազմատեսակ խոսքուզրույց եղավ նրա տեխնիկական հնարավորությունների, անվտանգության համար մուծվելիք երաշխիքային գումարի եւ առհասարակ ինքնաթիռի գնման նպատակահարմարության հարցերի շուրջ։ Ինչեւիցե, թեպետ խնդրո առարկայի վերաբերյալ, կարծես, էլի բաց տարածք կա կրքերի շիկացման համար, սակայն «Էյրբաս-310» այդ «բազմաչարչար» ինքնաթիռն արդեն բերվել է Հայաստան, «զգեստավորվել» «Հայկական ավիաուղիների» սիմվոլիկայով ու հիմա գոնե շաբաթը 2 անգամ թռչում է Փարիզ ու այնտեղից էլ մի քանի ժամ անց վերադառնում Երեւան։

«Շառլ դը Գոլի» արհամարհանքը

Այնպես պատահեց, որ նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում կայանալիք մի շարք միջոցառումների ներկա լինելու համար առավել նպատակահարմար էր ճանապարհի մի մասն անցնել Երեւանից Փարիզ եւ ոչ թե Շենգենի (նրանում ընդգրկված է 10-ից ավելի եվրոպական երկիր, եւ գործում է ոչ հրավերային սահմանային ռեժիմ) որեւէ այլ քաղաք, ասենք, Ամստերդամ կամ Ֆրանկֆուրտ ուղեւորվելով։ Դա նախորդ շաբաթվա սկզբին էր, ավելի ստույգ՝ նոյեմբերի 2-ին։ Երեւանում դեռ լույսը չէր բացվել, երբ արդեն ուղեւորները տեղավորվել էին «Էյրբաս-310» ինքնաթիռի բավականին հարմարավետ աթոռներին։

Հավանաբար, այդպես քիչ է պատահում, բայց այդ օրը ինքնաթիռում գրեթե ազատ տեղեր չկային։ Ֆրանսիա էին վերադառնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում իրականացրած ծրագրերից մեկն ավարտած աշխատակիցները։ Ու քանի որ VIP-ներից (հույժ կարեւոր անձնավորություն) էլ ուշացողներ չեղան, «Էյրբասը» օդ բարձրացավ ժամանակին։ Երեւան-Փարիզ չվերթը սահմանված է 5 ժամ, սակայն այնպես պատահեց, որ 4,5 ժամ հետո արդեն հայկական ինքնաթիռը Ֆրանսիայի մայրաքաղաքի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մատույցներում էր։ Բավական է ասել, որ այդ կես ժամվա ընթացքում մեր օդանավին վայրէջքի հնարավորություն չտրվեց, ուստի այն սկսեց պտույտներ գործել Փարիզի շուրջ։ Սակայն, այսքանով ամեն ինչ չվերջացավ, մեր «Էյրբասը» շարունակեց թեւածել էլի մոտ 30-35 րոպե, մինչեւ ֆրանսիական օդային ծառայությունները «բարեհաճեցին» «Հայկական ավիաուղիներին» վայրէջք թույլատրել։ Իսկ ինքնաթիռը շուրջ մեկ ժամ պտտվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավերեւում։

Էյրբասի «հմայքները»

Առհասարակ, իմ տպավորությամբ, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ճամփորդել եմ «Էյր ֆրանս», «Լուֆթանզա», «Կասպիան Էյրլայնզ» հոլանդական KLM ավիակոմպանիաների օդանավերով, պետք է ասեմ, որ «Հայկական ավիաուղիներն» ամենեւին էլ վատը չէ։ Ե՛վ ուղեկցորդուհիներն են գեղեցկատես (ի դեպ, հիմա նրանք սեւ-սպիտակ վերից-վար ձգվող շերտավոր նոր զգեստներ են կրում, որով առանձնանում են մյուս բոլոր ուղեւորներից), ե՛ւ սպասարկումն է բարեհաճ ու սիրալիր, ե՛ւ պատրաստված կերակուրները՝ բավականին համեղ եւ եւայլն։ Սակայն այս ամենը չես համեմատի օդում հանկարծակի սկսվող «Էյրբասի» այն թափահարումների հետ, որոնք, սկսվելու դեպքում, 10 րոպեից պակաս չեն տեւում։ Ես գոնե չեմ հիշում, որ օդային որեւէ խիտ հոսանք կարողանար թափահարել խորհրդային արտադրության ՏՈՒ տեսակի ինքնաթիռները։

Իսկ «Էյրբաս-310»-ը, որն ունի ավելի քան 280 ուղեւորատեղ, Սեւ ծովի վրա թափառող քամիներից այնպես է տատանվում (ի դեպ, տատանումներ եղան նաեւ Փարիզ-Երեւան վերադարձի ժամանակ, նոյեմբերի 5-ի գիշերը), որ թվում է՝ ոչ թե հողմերին ես տրված, այլ՝ ալիքներին։ Ավելորդ չէ ասել, որ օդանավի հրամանատարությունն այդ պահերին նպատակահարմար է դիտում ամրագոտիների օգտագործումը։ Չէ, այնուամենայնիվ, «Էյրբաս-310»-ին առնչվող գործարքի հեղինակները, այսպես թե այնպես, պիտի խոստովանեն, որ այդ օդանավը շատ է թույլ կամ շատ է թեթեւ, թե չէ բանի նման չէ, քամիներից տատանվող կամ Փարիզի վրա մեկ ժամից ավելի «պտտվող» այն ուղեւորի վիճակը, որն, ի դժբախտություն իրեն, գիտե՝ «Էյրբասի» համար տրվելիք ապահովագրական գումարն այնքան մեծ է, որ ձեռք է տալիս օդանավի խափանվելը։ Տեղը կարեւոր չէ։

Ինչպես ճամպրուկդ ուղարկես Աֆրիկա

Ճամփորդելիս, առհասարակ, գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, թե որ համարի թռիչքով է տեղ հասնելու։ Դե, ես էլ՝ բոլոր հայերի պես։ Բայց, պարզվում է՝ իզուր, այլապես կարող ես սեփական անտարբերությանդ զոհը դառնալ։ Երբ Երեւանից դուրս գալուց 11 ժամ անց Ստրասբուրգ հասա, պարզվեց, որ ճամպրուկս չկա։ Պատճառն այն էր, որ «Զվարթնոց» օդակայանի աշխատակիցը թռիչքի քառանիշ թվի վերջին մեկ նիշը չէր գրել, իսկ 7768 ռեյսի փոխարեն 776 կոդի տակ հայտնվելով, ճամպրուկս, ինչպես «Էյր Ֆրանսի» ներկայացուցիչն ասաց, հավանաբար, ուղեւորվել էր Աֆրիկա։ Այն, իհարկե, գտնվեց, սակայն 1,5 օր անց։ Հասկանում եմ, որ գործազրկության այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանում աշխատանք ունենալը շատ շահավետ է, սակայն, թող չլինի այնպես, որ դա արտահայտվի մերձավորին լավություն անելու կամ պատիվ տալու տեսքով։ Այլապես, էլի բազում առիթներ կլինեն, երբ օտարները կփորձեն քմծիծաղել, թե ձեզ մոտ թվերը դպրոցում վատ են սովորեցնում։

Մերն, իրոք որ, ուրիշ ա

Սակայն Երեւան-Փարիզ, Փարիզ-Երեւան ճանապարհորդություններին առնչվող տհաճությունները «Հայկական ավիաուղիների» օդանավով, այսքանով չեն սահմանափակվում։ Վերադարձի համար «Շառլ դը Գոլ» օդանավակայանի՝ Երեւանի թռիչքն սպասարկող մուտքը փնտրող ամեն մի հայ կարձանագրի, որ այն տեղակայված է աֆրիկյան պետություններին «պատկանող» մուտքերի հարեւանությամբ։ Իսկ տվյալ դեպքում, մանավանդ ինքնասփոփանքի համար, այլ բան չի մնում, քան կարծել, որ ֆրանսիացիներն առաջնորդվել են այբբենական սկզբունքով։ Ու մինչ ազգային ինքնագիտակցությունդ կռիվ է տալիս իրականության հետ, պարզվում է, որ Փարիզ-Երեւան չվերթը հետաձգվում է շուրջ 1,5 ժամ։ Բայց ինչո՞ւ, չէ՞ որ «Էյրբասը» արդեն տեղում է։ Ու այստեղ էլի ի հայտ է գալիս հայկական արմատ ունեցող պատճառը։ Ուշանում է Լոս Անջելես-Փարիզ ռեյսի ինքնաթիռը ու այնտեղից ժամանող հայերին մենք բոլորս սպասում ենք միասնաբար։ Չնայած դրան, ինքնաթիռը վերադառնալիս «լցված» էր ընդամենն իր մեկ քառորդի չափով։

Մի խոսքով, «Էյրբաս-310»-ը Երեւան հասավ կեսգիշերից հետո, ու սկսվեց ժամեր տեւող արարողակարգը։ Նորից ասեմ, վերջին 1-2 տարում նաեւ Ամստերդամի «Սքիփոլ» օդակայանում եմ եղել, Թեհրանի «Մեհրաբադում» եւ էլի տարբեր տեղերում, սակայն մաքսային, սահմանային, անվտանգության ծառայություններն, օտար լինելով հանդերձ, այնպես ես հաղթահարում, որ չես էլ հասցնում մի կարգին ըմբռնել՝ նրանցից հատկապես ո՞րը քո ինչն էր ստուգում։ Իսկ Երեւանում իրողություններն այլ են։ Պարզ է, որ օդակայանում գործող տարբեր ծառայություններում աշխատելով, կարելի է փող շինել, բայց օգտագործած ներքնաշորերդ անգամ ստուգող մաքսավորին հետեւելով, մտքովդ ամենեւին էլ չես կարող անցկացնել, թե ազգդ քաղաքակիրթ արժեքները յուրացրել է։ Անհրաժեշտ սարքավորումների վրա պետությունը որքան էլ փող ծախսի, այս դեպքում, արդարացված կլինի, մանավանդ, եթե Երեւանը տրանզիտային կետ դարձնելու նպատակ, իրոք, կա։ Վատ չէր լինի նաեւ, օդային ելքի տուրքի գինը մտցնել տոմսի արժեքի մեջ։ Աշխարհում ոչ մի տեղ մեզ պես չեն վարվում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30