Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԱԽՈՐԴԵԼ ԷՐ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

Նոյեմբեր 27,1998 00:00
Hayk Sargsyan

«ՀՀ Գերագույն դատարանն ավարտեց «ՊՂՆՁԻ ԳՈՐԾԻ» հետաքննությունը։ Մեկուկես տարի տեւած այդ մեծ գործի ընթացքը շատերին է հետաքրքրել, մանավանդ, որ հանցագործությանն առնչվում է պետական կարեւորագույն պաշտոն զբաղեցնող մի այր, ինչպիսին տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանն է։ Մտավորականների շրջանում առկա են ակնհայտ դժգոհություններ եւ համաձայնություն Հայկ Սարգսյանին հանցավոր ճանաչելու հարցում»։

«Երկիր», 6-ը հունվարի 1994 թ. Չգիտեմ՝ ինչ հաճախականությամբ է պատահում, որ իրավապահ համակարգն արմատականորեն վերանայի իր դիրքորոշումը եւ տրամագծորեն հակառակ մոտեցում որդեգրի։ Նման մի իրադարձություն էլ տեղի է ունեցել ընդամենը օրերս, երբ հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է 1992 թվականին աղմուկ հանած պղնձի գործով դատապարտված էկոնոմիկայի առաջին փոխնախարար Հայկ Սարգսյանի գործը։ Այն ժամանակ այդ գերատեսչությունը Հրանտ Բագրատյանն էր գլխավորում։ Իսկ գործը սկսվել է նրանից, «որ մամուլում հրապարակվեց մի հոդված, թե Գյումրիում բռնվել են մեքենաներ, որոնք ապօրինի կարգով պղինձ ու ալյումին պիտի արտահանեին»։ Հայկ Սարգսյանը, որը հիմա ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման եւ գործարարության» ամբիոնի վարիչն է, վկայում է, որ դրանից հետո ինքն առաջարկել է խնդրո առարկայի շուրջ քննարկում կազմակերպել, ինչը, սակայն «վերածվել է իմ դեմ մեղադրանքի, որը, փաստացի, հետագայում ընկավ գործի հիմքում։ Այն մեղադրանքները, որոնք ներկայացվեցին, վկայակոչվում էին կոլեգիայի նիստի որոշումից»։

Էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի այդ նիստն արձանագրել է, որ հանրապետության տարածքից գունավոր մետաղ արտահանելու իրավունք տվող խնդրո առարկա արտոնագիրն ի հայտ է եկել ձեւակերպումային թերություններով եւ սահմանված կարգի խախտմամբ։ Մինչդեռ, հետագայում, ինչպես Հայկ Սարգսյանն է պնդում, պարզվել է, որ այդպես չէ. «Եթե լիցենզիան նույնիսկ չտրամադրվեր, նույն հաջողությամբ ինձ կարող էին մեղադրել իշխանազանցության մեջ, թե ինչու չի կատարվում կառավարության որոշումը»։ Չի եղել նաեւ անփութություն։ Իրականությունը, ինչպես ներկայացրեց էկոնոմիկայի նախկին առաջին փոխնախարարը, բավականին տարբեր է. «այս գործի ամբողջ էությունը նրանում է, որ Գյումրիում բռնվել է տեսականիով եւ քանակությունով լիցենզիային եւ ընդհանրապես ապրանքագրերին չհամապատասխանող ապրանք. մասնավորապես պղնձի եւ ալյումինի թափոնի պատրաստի արտադրատեսակների հետ միասին տարվում էր 3 տոննայից ավելի անագ, որն իր գնով ծածկում է ամբողջի արժեքը»։

Բայց քանի որ արտոնագիր տալու հարցում փաստաթղթերից մեկի վրա եղել է Հայկ Սարգսյանի ստորագրությունը, առիթն օգտագործվել է նրանից ազատվելու համար։ Առաջարկվել է դիմում գրել եւ հեռանալ։ Խնդիրը քննարկման առարկա պետք է դառնար նաեւ ՀՀ կառավարությունում, սակայն. «1992 թվականի սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան, ժամը 8-ին շուրջ 10 զինված մարդ ներխուժեց մեր բնակարան։ Խուզարկությունից հետո ինձ տարան։ Ավելի ուշ ներքին գործոց նախարարության քննչական խումբը սկսեց քննությունը»։ Անցնում է երեք օր, սակայն դատախազությունից անհրաժեշտ սանկցիա չի հետեւում։ Հայկ Սարգսյանի ազատ արձակվելուց հետո վարչապետի որոշմամբ ստեղծվում է խնդրո առարկան ուսումնասիրող հանձնաժողով. «Երբ արդեն նյութը նախապատրաստված էր քննարկման, ինչը պլանավորված էր 1993 թվականի հունվարի առաջին տասնօրյակում, ինձ ձերբակալեցին՝ հունվարի 5-ին։ Դատախազությունը սանկցիա տվեց։ Բնական է, որ իմ մեկուսացման պայմաններում ե՛ւ հարցը չէր քննարկվի, ե՛ւ այն դրդապատճառները, որոնք պայմանավորել էին, թե նախարարության կոլեգիայի որոշումը, եւ թե ինձնից ազատվելու ցանկությունը»։

– Շատ լավ, բայց պարոն Սարգսյան, այդպես էլ չասացիք, թե ինչո՞ւ էին ուզում ազատվել ձեզնից։ Մեր զրուցակիցը նշեց, որ ըստ երեւույթին ինքն այնքան էլ դառը պտուղ չի եղել, քանի որ էկոնոմիկայի առաջին փոխնախարարի իր բոլոր պարտականությունները կատարել է սուբորդինացիայի, ասել է թե՝ աստիճանակարգության նորմերի պահպանումով. «բայց ոչ ինչ-որ մեկի ծառայի կարգավիճակով։ Իմ դիրքորոշումն է եղել՝ ծառայել երկրին, հասարակությանը։ Ցավոք, այդ չափանիշներն ընդունելի չէին, խեղված էին։ Դու պետք է լինեիր տնտեսական բարեփոխումներն իրականացնողի՝ Բագրատյանի, հլու-հնազանդ կամակատարը»։- Այդ դեպքում, պարոն Սարգսյան, ասացեք խնդրեմ՝ իրար մեջ ի՞նչ ունեիք բաժանելու։

– Բաժանելու բան, իրոք, չկար։ Պարզապես ես համաձայն չէի այն տնտեսական քաղաքականությանը, որը որդեգրվել էր։ Իսկ դրա մասին կառավարությունում իմ տեսակետները ներկայացրել եմ բացեիբաց։ Բայց ինձ թող չփորձեն ներկայացնել իբրեւ շուկայական տնտեսության հակառակորդ։ Ես դրա արմատական կողմնակիցն եմ, բայց, համոզված եմ, որ չպետք է նսեմացվի նաեւ տնտեսության պետական կարգավորման դերը։ Կա եւս մեկ պատճառ, որն իմ մեջ պետք է փնտրեմ։ Լինելով առաջին փոխնախարար, հայտնվեցի մեկուսարանում, իսկ մյուս հինգ փոխնախարարները կամ նախարար դարձան, կամ էլ՝ պետնախարար։ Առաջխաղացում չունենալուս համար չեմ ափսոսում, բայց եւ չեմ կարող ներել նրանց, ովքեր կանգնած էին իմ «մեկուսացման» ակունքներում»։

Հիմա մի փոքր գործի էության մասին։ Հայկ Սարգսյանը մեղադրվել է հանրապետությունից ապօրինի կարգով ստրատեգիական նշանակության հումքի դուրսբերմանն օժանդակելու մեջ։ Մինչդեռ, ինչպես մեր զրուցակիցն է ներկայացնում, արտոնագիր տրվում էր ոչ թե փոխնախարարի, այլ համապատասխան վարչության կողմից, որը մինչ այդ պարտավոր էր ստուգել՝ արդյոք, պահպանվա՞ծ է կառավարության սահմանած կարգը։ Փոխնախարարի մասնակցությունը սահմանափակվել է նրանով, որ «երբ կազմվում էին փաստաթղթերը, ես ի պաշտոնե պետք է ստորագրեի՝ իրականացնելով վերահսկողություն։ Հիմա անընդհատ խոսվում է, որ ստրատեգիական հումքի արտահոսքը պաշտոնատար անձինք պիտի կանխեին։ Ես էլ եմ կարծում, որ այդ տարիներին հումք, իհարկե, ոչ այս դեպքում, իրոք, արտահոսել է, բայց շրջանցելով ամեն կարգի լիցենզիաները։ Այնպես որ, իմ գործողություններում չի եղել այդ բեռի արտահանմանն օժանդակելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու որեւէ հանգամանք»։

Շատ չերկարացնենք. 1993 թվականի հունվարի 5-ին ձերբակալված Հայկ Սարգսյանի դատական գործը սկսվել է նույն թվականի դեկտեմբերի 25-ին։ Երեք ամիս, նրա իսկ խոսքերով, իրեն տարել-բերել են այն խմբի հետ, որն հետագայում, իրոք, դատապարտվել է. «Այդ ընթացքում գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը մերժեց ՆԳ-ի առաջարկը՝ իմ գործն առանձնացնել։ Տպավորություն ստեղծելու անհրաժեշտություն կար»։ Հայկ Սարգսյանի մասով գործն առանձնացվել է ավելի ուշ։ Դատարանն, ի վերջո, էկոնոմիկայի նախկին առաջին փոխնախարարին 4 տարով ազատազրկելու որոշում է ընդունել։ Նա արգելափակման վայրում անցկացրել է մեկ տարի մեկ ամիս 28 օր. «Հաշվարկն այն էր, որ ազատ արձակվեի ոչ թե դատարանի դահլիճից, այլ ժամկետի 1/3-ը լրացնելուց հետո՝ եւս մի քանի շաբաթ մնալով արգելափակված»։ Վերջում ասենք, որ գործը վերստին ընթացք է ստացել Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց հետո, որին եւ հավատալով դիմել է Հայկ Սարգսյանը։ Նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը հսկողական կարգով բողոք է ներկայացրել։

Արդյունքում բեկանվել են Գերագույն դատարանի եւ նրա նախագահության անցյալում ընդունված որոշումները, ու գործը Հայկ Սարգսյանի մասով ուղարկվել է լրացուցիչ քննության։ Դրան հետեւել է այն, որ, ի վերջո, այս տարվա նոյեմբերի երկրորդ տասնօրյակում էկոնոմիկայի նախկին առաջին փոխնախարարին է հանձնվել պաշտոնական փաստաթուղթ, թե հանցակազմի բացակայության պատճառով իր մասով գործը կարճվել է։ Իսկ այդ հիմքից ելնելով Հայկ Սարգսյանը մի երանգ էլ է ավելացնում նախորդ իշխանության գործունեությանը տրվող քաղաքական ընդհանրական գնահատականին. «Այսօր շատ են խոսում դրա մասին։ Ես կարծում եմ, որ սա եւս այդ գնահատականի մի էպիզոդն է, դրա դրսեւորումներից մեկը։ Սա իմ անձի խնդիրը չէ։ Գործընթացներին պետք է համապարփակ նայել։ Չէի ուզենա, որ սրա մասին նորից խոսելու առիթ առաջանար։ Տեղի ունեցածը վերապրելը դժվար է։ Կուզեի, որ մյուս անգամ հրապարակավ արտահայտվելուս առիթն ավելի ստեղծագործական բովանդակություն ունենար, իսկ հանրապետության տնտեսական կյանքում կարգավորելու շատ բան կա»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30