Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 17,1999 00:00
arsaradatutyun

Այդ դեպքում ինչի՞ համար է այդ նախարարությունը

Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տպագրվեց իմ մի հրապարակումը՝ «Վիեննայի կոնվենցիան «խանգարում» է կատարել ժողդատարանի վճիռը», ուր անդրադարձել էի Այգեստան 9 փողոցի 2ա տան բնակիչների՝ Հակոբյան ընտանիքի բնակարանի հետ կապված ոտնձգությանը։

Ոտնձգություն բառը հարմար է օգտագործել եւ այս պահին, իսկ Հակոբյանների սեփական միջոցներով, ջանքերով, ուժերով 1959 թ. կառուցած սեփական տան նկատմամբ ոտնձգություն կատարողները իրանցիներն են, ավելի որոշակի՝ դեսպանատան պատասխանատու աշխատակիցներ։

Գործին տեղյակ է հայ հանրությունը, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարի (համենայնդեպս, ոչ մի արձագանք նրա կողմից չի եղել մինչեւ օրս -Ռ.Մ.) եւ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի (այլապես, գոնե կարձագանքեր եւ նա, երբ թվով 20 կին, Հակոբյանների ընտանիքի հետ մտան իրենց սեփական բնակարան, որը «Իրանի տարածք» է համարվում այսօր -Ռ.Մ.)։

Նախապատմությունը չվերապատմելով, ընդամենը նորից հիշեցնեմ, որ 1998 թ. փետրվարի 9-ին Խորհրդային շրջանի ժողդատարանը կայացրել է վճիռ, որում գրված է. «Վերականգնել Հակոբյանների սեփականության իրավունքները բնակարանի նկատմամբ»։ Իսկ դրան հետեւած ԳԴ վճռի մեջ էլ գրված է. «Բոլոր գործարքները ճանաչել անվավեր եւ վերականգնել նախկին վիճակը»։ Կա նաեւ վճռի շրջադարձման որոշում եւս, որը, չգիտես ինչու, չեն տեսնում որոշ պաշտոնյաներ. «Հակոբյաններին բնակեցնել Այգեստան 9 փող. 2ա տանը»։ Այսինքն, եթե մի նախադասությամբ ամփոփեմ վերոնշյալ կացությունը, ապա պիտի փաստեմ. ԻԻՀ տիրապետումը Հակոբյանների ընտանիքի նկատմամբ ապօրինի է։ Այս ապօրինությունն, ի դեպ, խոստովանում են ամենքը՝ աշխատասենյակներում, պատերի տակ, շշուկով, բանավոր զրույցներում։ Արդարադատության նախարարության աշխատակիցներ են նրանք, դատավորներ, երբեմնի կատարածուներ, հարկադիր կատարման վարչության պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ։ Նրանք բոլորն էլ ընդունում են, որ հայ ընտանիքի հանդեպ ապօրինություն է եղել, սակայն սայլը ոչ հետ է գնում, ոչ առաջ. սայլը չի շարժվում։

Սայլը փորձեցին հրել կամ գոնե տեղաշարժել առաջ հենց իրենք՝ պետությունից անպաշտպան մնացած Հակոբյանները։ Դեկտեմբերի 27-ին նրանք մտան այսօր Իրանի տարածք համարվող իրենց սեփական բնակարանը, ցույց տալով դատարանի վճիռն ու կատարողական թերթիկը։ Իրանցիները ոչ միայն խնդացին դատարանի վճռի վրա, այլ նաեւ ՆԳ աշխատակիցների վրա, որոնք «զինված հարձակում է եղել» ահազանգով հայտնվել էին Այգեստան 9 փող. 2ա տանը։ Իրանցիները «պատանդ» վերցրին մի քանի կանանց, այդ թվում՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողին, ՆԳ աշխատակիցներին։ Այդ դեպքի մանրամասն նկարագրությունը կա «Գրոհը» Իրանի աշխատակիցների երեւանյան «բնակարան»՝ ձախողվեց» հերթական հրապարակման մեջ։ Թվում էր, թե այդ աննախադեպ ակցիան մտածել կտա իշխանություններին, ինչ-ինչ քայլեր կձեռնարկվեն, սակայն «գրոհի» արդյունքում իրանցիներն ուժեղացրին իրենց տարածքը, իսկ բնակարանի դիմաց դրվեց ահա այս ոստիկանատունը։

Իրանցիները հաշվի չեն առնում այս հանրապետության դատական իշխանության որոշումները՝ ոչ մեկ անգամ։ Օտարերկրացու իմիջին գումարվել են միջազգային ինչ-ինչ կոնվենցիաներ, որոնք մահակի դեր են խաղում հատկապես մեր՝ տեղաբնակներիս համար։ Հիմա ի՞նչ անել. Հակոբյանները որքա՞ն կարող են հանուն «հայ-իրանական դարավոր» կարգախոսային բարեկամության՝ փողոցում բնակվել։ Ինչո՞ւ արդարադատության նախարարը կամք չի դրսեւորում։ Չէ՞ որ պետությունն ինքն է, եւ որ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը վեր պետք է լինի ցանկացած կարգախոսից։ Հարկադիր կատարման վարչությունում պաշտոնական հարցաթուղթ են ուզում, հավաստիացնելով, թե որ իրենց ասեն, իրենք իրենց գործը կանեն։ Ո՞վ պետք է ասի։ Պարզվում է՝ ոչ դատարանը, որն իր խոսքն ասել է։

Պարզվում է՝ արդարադատության նախարարը պիտի ասի։ Իսկ հետաքրքիր է, քանի ամիս կամ տարի է պետք, որ նախարարն ասի։ Գուցե ճիշտ կլինի, մինչեւ նախարարի ինչ-որ բան ասելը Հակոբյաններին տրամադրվեն Արդարադատության նախարարության մի քանի սենյակներ՝ ժամանակավոր բնակվելու համար գոնե։ Դարձյալ հանուն պետության վարկի։ Թե չէ ի՞նչ կստացվի, եթե Հակոբյաններն ի կատար ածեն իրենց հուսահատ վերջին քայլը. ԱՄՆ դեսպանատանը հանձնելով իրենց շահերի եւ իրավունքների պաշտպանության գործը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031