Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ «ԽԱՆԳԱՐՈՒՄ Է» ԿԱՏԱՐԵԼ ԺՈՂԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Դեկտեմբեր 16,1998 00:00
Irani despanatun

Հայ-իրանական բարեկամության հերթական զո՞հը

«Առավոտ» թերթի խմբագրությանն է դիմել ՀՀ քաղաքացի Անահիտ Հակոբյանը, Այգեստան-9 փողոցի 2-ա տան նկատմամբ իրենց՝ սեփականատիրոջ իրավունքները պաշտպանելու խնդրանքով։ Այս տան ոդիսականն առավել ուշագրավ է նրանով, որ կան «երկրորդ», «երրորդ» կողմեր էլ՝ քաղաքացի Արմենակ Տեր-Արսենյանը եւ Իրանի դեսպանատունը։ 1995 թ. Արմենակ Տեր-Արսենյանը քաղհայցով դիմում է Մյասնիկյանի ժողդատարան, որով 1995 թ. դեկտեմբերի 13-ին կայացվում է Մարատ Կատվալյանի անվան վճիռը (ուրիշ կերպ չես կարող որակել – Ռ. Մ.), որով վտարվում են Արուսյակ, Ալբերտ, Անահիտ, Աղասի Հակոբյաններն իրենց բնակարանից։ Որքան էլ Հակոբյանները փորձում են դիմել-բողոքարկել մարդու իրավունքների պաշտպան հորջորջվող կազմակերպություններին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանին (որն, ի դեպ, 3 անգամ կասեցրեց վճռի կատարումը՝ վերանայելու նպատակով։ Սակայն նույնիսկ կասեցման ընթացքում Մ. Կատվալյանը 2 անգամ միլիցիա եւ կատարածու ուղարկեց Հակոբյաններին վտարելու պահանջով – Ռ. Մ.), վճիռը վերանայելու պահանջ ներկայացվեց, բայց 1996 թ. հունիսին ֆիզիկական ուժով նրանց վտարումը տեղի ունեցավ…

1997 թ. անօթեւան մնացած Հակոբյանները դիմեցին այս անգամ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին, որը սեպտեմբերի 12-ին հսկողական բողոք «բերեց» ՀՀ ԳԴ նախագահությանը, որով պարզվեց, որ «ժողդատարանը կատարել է թերի քննություն եւ չի պարզել գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»։ Նշվում էր, որ Այգեստան-9 փ. 2-ա բնակելի տան գույքագրման գործից երեւում էր, որ վիճելի բնակարանը պատկանել է Արուսյակ Հակոբյանի ամուսնուն, որի մահից հետո՝ 1983 թ. նոյեմբերի 10-ից, բնակարանի նկատմամբ ժառանգություն չի ձեւակերպվել։

1994 թ. սեպտեմբերի 2-ին տան վերակառուցումից հետո Արուսյակ Հակոբյանին է տրվել ամբողջ տան սեփականության վկայագիրը։ Ժողդատարանը չնայած ընդունել է, որ Հակոբյանները «տիրապետող» ժառանգներ են հանդիսանում, սակայն նրանց «ժառանգությունն ընդունած» ժառանգներ չի համարել, ինչը նույնպես նրանց հակընդդեմ հայցի մերժման հիմք հանդիսանալ չէր կարող։ Ու քանի որ ընտանիքի չափահաս անդամների մոտ ժառանգության վկայական ստանալու անհրաժեշտություն եւ ժառանգության վիճարկման խնդիր չի եղել։

Այնուամենայնիվ, 1997 թ. հոկտեմբերի 15-ին ԳԴ նախագահությունը Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի վճիռը բեկանեց եւ գործն ուղարկեց այլ կազմով քննության…

Գործն, ի վերջո, հանգրվանում է Խորհրդային շրջանի ժողդատարանում, որն էլ այս տարվա փետրվարի 9-ին, Տիգրան Սահակյանի նախագահությամբ վճռում է վերականգնել Հակոբյանների սեփականության իրավունքները բնակարանի նկատմամբ։ Վճիռն ուժի մեջ է թողնվում ԳԴ կողմից եւս։ Վճռում հստակ գրված էր. «Բոլոր գործարքները ճանաչել անվավեր եւ վերականգնել նախկին վիճակը», ինչն ամրագրվում է վճռի շրջադարձման որոշման մեջ. «Հակոբյաններին բնակեցնել Այգեստան-9 փ. 2-ա տանը»։

Մյասնիկյանի ժողդատարանը տեղյակ լինելով, որ բնակարանը զբաղեցնում է ԻԻՀ դեսպանատունը (ենթավարձակալության հանձնելու նպատակով), տեղեկացնում է դեսպանատան հյուպատոս պրն Նաջաֆիին դատարանի վճռի մասին, առ այն, որ Հակոբյանները պետք է բնակեցվեն։ Հետեւում է. «Նկատի ունենալով, որ Այգեստան-9 փ. 2-ա տունը զբաղեցնում է ԻԻՀ դեսպանը, խնդրվում է դուք կամ դեսպանատան լիազորված անձը ս. թ. հուլիսի 20-ին, առավոտյան ժ. 10-ին ներկայանաք Մյասնիկյանի շրջանի ժողդատարան՝ վճիռը ի կատար ածելու համար»։

Եթե հայ քաղաքացուն իր սեփական օջախից վտարելու համար գործի դրվեց կատարածու-միլիցիա դուետը (ֆայլաբազարի ակտիվ միջամտությամբ), ապա նույնպիսի գործողություն չի կատարվում մինչեւ օրս…

ԻԻՀ դեսպանատունը, բնականաբար, բողոքում է՝ հիշատակելով Վիեննայի կոնվենցիան, ըստ որի իրենք անձեռնմխելի են եւ որ ոչ մի կատարածու իրավունք չունի իրենց վտարելու, մոռանալով, սակայն, որ սա քաղաքացիական վեճ է եւ Վիեննայի կոնվենցիան էլ կապ չունի ՀՀ քաղաքացիների բնակարանային վեճի հետ (եթե կապ ունի, ապա Հակոբյանները նույնպես անձեռնմխելի էին, եւ իրավունք չկար նրանց բնակարանից ֆիզիկական ուժով հեռացնելու – Ռ. Մ.)։ Սակայն կա դատարանի վճիռ… որն առայժմ օդի մեջ է եւ ի կատար չի ածվել։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԻԻՀ դեսպանատան բողոքը 1998 թ. հոկտեմբերի 1-ին մերժում է եւ վճռի կատարման կասեցումն էլ հանում։ Հավանաբար, կհարցնեք, թե ինչպե՞ս գործի մեջ ներքաշվեց ԻԻՀ դեսպանատունը։

Մ. Կատվալյանի վճռից հետո, երբ Հակոբյաններին վտարեցին իրենց տնից, Արմենակ Տեր-Արսենյանը («Էկո» բանկի խորհրդի նախագահ) «իր» բնակարանն անմիջապես վաճառում է ոմն Անուշ Ավանեսյանի (28 մլն դրամով, 56 հազար դոլարին համարժեք գումարով), ստեղծելով «բարեխիղճ ձեռքբերողի» պատրանք։ «Եթե վիճելի բնակարանը հայցվորը գնել էր 300 հազար ԱՄՆ դոլարով (հայտարարել է այդ մասին դատարանում), ապա ինչո՞ւ է այն վաճառել 28 մլն դրամով։ Արդյոք դա չի՞ կատարվել բնակարանը օտարված լինելու պատրանք ստեղծելու նպատակով», ասվում էր գլխավոր դատախազի հսկողական բողոքի մեջ։ Հետաքրքիր է, որ «բարեխիղճ ձեռքբերողն» էլ չանցած մեկ շաբաթ, լիազորագիր է տալիս Արմեն Քալանթարյան անունով մեկին՝ տնօրինելու բնակարանի հետ կապված հարցերը։ Մեկին, որն «Էկո» բանկի իրավաբանն է, հետագայում… ԻԻՀ դեսպանատան իրավախորհրդատուն։ Մեկին, որ լիազորագիր պիտի ստանար… Արուսյակ Հակոբյանից, Արմեն Տեր-Արսենյանից, որպեսզի Անուշ Ավանեսյանի վրա վաճառի տունը…

Անուշ Ավանեսյանից վերցնելով լիազորագիր՝ առքուվաճառք կատարելու նպատակով, սեփականատեր չհանդիսացող Արմենակ Տեր-Արսենյանը բնակարանը պայմանագրով գրավ է դնում ԻԻՀ դեսպանատանը՝ 6 տարի ժամկետով, դրա դիմաց ստանալով 100 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն այդ պայմանագիրը մինչեւ օրս գրանցված չէ անշարժ գույքի կադաստրում, որպեսզի բնակարանի նկատմամբ արգելանք դրվեր եւ որ, պայմանագիրն, ըստ էության, անվավեր է։ Հետեւաբար, ԻԻՀ դեսպանատան տիրապետումը Հակոբյանների բնակարանի նկատմամբ՝ ապօրինի է։ Հակոբյանները խնդրում են ազատել իրենց նկուղային եւ առաջին հարկերը, որոնք դատարանի վճռով տրվել են իրենց, քանի որ 2-րդ հարկի եւ ձեղնահարկի համար իրենք կնքել էին (01.02.95 թ.) պայմանագիր դեսպանատան հետ, վտարման հարց չի դրվում…

Ի դեպ, իրանական կողմից վերոնշյալ պայմանագիրը ստորագրել էր ԻԻՀ լիազորված անձ Ահմադ Մոհսենին, 4 օրինակից, որոնք գտնվում էին նոտարական գրասենյակում, քաղաքապետարանի շենքերի-շինությունների անձնագրավորման եւ գույքագրման վարձակալական վարչությունում, գրավատուի եւ գրավառուի մոտ։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Մյասնիկյանի ժողդատարանի նախագահ Մ. Կատվալյանի քննարկմանն են ուղարկել ժողդատարանի վճիռը չկատարելու մասին Ա. Հակոբյանի դիմումը եւ «խնդրում են ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր միջոցները ժողդատարանի վճիռը ի կատար ածելու ուղղությամբ», հորդորում արդյունքների մասին հայտնել դիմողին՝ «տեղիք չտալով կրկնակի դիմում-գանգատների» (ԱՆ դատական մարմինների վարչության պետ Ս. Մնոյան)։

Ի՞նչ է պատասխանում Մյասնիկյանի ժողդատարանը. «Ի կատարումն վճռի՝ մեր կողմից վճռի պատճենը ուղարկված է անշարժ գույքի կադաստր՝ նշված տունը Հակոբյանների անունով վերաձեւակերպվելու համար» եւ, սակայն, «ինչ վերաբերում է ներկայումս Այգեստան-9 փ. 2-ա տունը զբաղեցնող անձանց վտարելու հարցին», ապա խորհուրդ է տրվում… դիմել ժողդատարան։ Այստեղ են ասում. «Մի էն ժողդատարանի վճիռը բարով-խերով կատարեք ու նոր խորհուրդներ տվեք»։ Ինձ ավելի զարմացրեց Ս. Մնոյանի հաջորդ «ի պատասխանը»։ «Լրացուցիչ հայտնում եմ, որ Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի կողմից վճռի կատարման անհիմն ձգձգման փաստեր չեն հայտնաբերվել»։ Անհիմն փաստ չէ՞ այն, որ դատարանի որոշումը ի կատար չի ածվում արդեն քանի ամիս… եւ այն վկայակոչումն էլ, թե գլխավոր դատախազը կասեցրել է որոշման կատարումը, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ առկա է «Կասեցումից հանում եմ Խորհրդային շրջանի ժողդատարանի 02.07.98 թ. վճռի կատարումը՝ Հակոբյաններին Այգեստանի-9 փող. 2-ա տանը բնակեցնելու մասին» Աղվան Հովսեփյանի գրությունը։

Չդիմանալով անարդարություններին՝ այս սեպտեմբերին մահացավ Անահիտի մայրը՝ Արուսյակը, իսկ մեկ ամիս անց՝ եղբայրը՝ Աղասին…

Պատկերացնել է պետք նաեւ, որ սգո եւ թաղման արարողությունը թույլ չի տրվել անցկացնել հայրենական տանը։ Քույր ու եղբայր Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանները, դեկտեմբեր ամիսն է, շարունակում են բնակվել ոչ իրենց տանը։ Նրանք իրենց հայրենական տունն են ուզում վերադառնալ։ Օրենքն էլ է այդ ասում։ Դատարանն էլ է այդպես վճռում։ Սակայն ինչպե՞ս…

Օտարերկրացիների առաջ քծնողական քաղաքականություն վարելն ավելի հեշտ է, քան սեփական քաղաքացիների շահերն արտահայտելը։ Չգիտես ինչու խոչընդոտելով վճռի կատարումը, պատճառաբանում են, թե պատճառը, որ վճիռը չի կատարվում, իրանական կողմի առկայությունն է եւ «միջազգային սկանդալը»։ Սակայն մի՞թե պարզ չէ, որ պատճառը այլ տեղ պիտի փնտրել…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031