Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՁԱՅՆԵՐՆ Է ԿՈՐՑՐԵԼ, ԱՅԼ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԸ

Ապրիլ 20,1999 00:00
karen demirchyan

Կարելի է կարծել, որ հասարակությունն, ըստ էության, արդեն մարսել է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միությամբ ձեւավորված «Միասնություն» դաշինքի մասին տեղեկատվությունը։ Հետեւելով հասարակական ընկալման դիալեկտիկային, կարելի է արձանագրել շատ հետաքրքիր դրսեւորումներ, որոնք ուղեկցվեցին ելեւէջումներով, եւ, ի վերջո, որոշակի մակարդակում արդեն սկսել են հստակվել։

Դժվար է ասել, թե որքանով են հեռատես այն դիտորդները, որոնք Դեմիրճյան-Սարգսյան միությանը գրեթե կրկնակի քիչ ձայներ են հատկացնում, քան մինչեւ «Միասնություն» դաշինքի կազմավորումն էր, երբ այս երկու գործիչների թիկունքին կանգնած քաղաքական ուժերին առանձին-առանձին մեծ փայաբաժին էին նախատեսում։

Այո, առանց վարանելու կարելի է արձանագրել, որ դաշինքի կազմավորման հատկապես առաջին փուլում, երբ գնահատականներն առավելապես տրվում էին զգացմունքային հողի վրա, առանց դաշինքի կազմավորման պատճառահետեւանքային ամբողջ շղթան եւ դաշինքի ստեղծմամբ պայմանավորված՝ մինչ օրս էլ գոյություն ունեցող կասկածները հաշվի առնելու, կար վարկանիշի որոշակի անկում, ինչը հատկապես տարածվում էր Կարեն Դեմիրճյանի վրա։

Իհարկե, հակառակ ծայրահեղության մեջ ընկնել չարժե, կարծելով, թե հասարակական գիտակցության մեջ «Միասնություն» դաշինքի գոյության քաղաքական գնահատականի ձեւավորման գործընթացում Կարեն Դեմիրճյանը վերականգնել է նախկին վարկանիշը։ Ոչ, նա կորցրել է, եւ կորցրել է ոչ միայն թվական առումով, այլեւ՝ որակապես։

Թե այս փուլում դա ինչ արտահայտչաձեւերի մեջ է դրսեւորվում, փորձենք պարզաբանել։ Նախորդ եւ ներկա իշխանությունների նկատմամբ առկա հիասթափությունից «Միասնություն» դաշինքի կազմավորմամբ, իհարկե, բաժին հասավ նաեւ Կարեն Դեմիրճյանին՝ թե այս իշխանության հետ նա ոչինչ էլ չի կարող անել եւ այլն։ Բայց հետո որոշակի փոփոխություններ եղան։

Տվյալ դեպքում, կարծում ենք, համեմատությունը պետք է հենց մեր պատմության նախադեպի հետ կատարել, որովհետեւ նույն ժողովուրդն է գլխավոր դերում եւ գրեթե նույն ժամանակահատվածում։ Խոսքը, նախեւառաջ, 1996-ի նախագահական ընտրություններում արձանագրված երեւույթի մասին է։ Վազգեն Մանուկյանին եւ նրան աջակցող ուժերին հաջողվեց «ազգային համաձայնություն» գաղափար-կարգախոսի շուրջ համախմբել բոլոր այն ուժերին ու հասարակության այն մեծ զանգվածին, որոնք դժգոհ էին Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման դրսեւորումներից։ Այսինքն՝ կար այլընտրանքն ի դեմս Վազգեն Մանուկյանի։

1999-ին իրավիճակը միանգամայն տարբեր է։ 1998-ի նախագահական ընտրությունից դեռ ժողովրդի մեջ խորացել էր Կարեն Դեմիրճյան քաղաքական գործչի վերադարձի սպասումը, որը տեւում է մեկ տարուց ավելի։ Այս ընթացքում հասարակությանը ներկայացած հերոսները հանդես եկան զուտ ժողովրդական տրիբունների, բայց ոչ առաջնորդների խարիզմայով։ Խոսքը Արշակ Սադոյանի եւ Լեոնիդ Հակոբյանի մասին է։ Ուստի, ժողովրդի հիասթափությունը քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանից, այլընտրանքներ չնկատելով, նորից համակրությունների ձեւով վերադարձել է Կարեն Դեմիրճյանին՝ իբրեւ քաղաքական գործչի։ Այսպիսով հստակ է մեկ բան՝ ընկել է Կարեն Դեմիրճյանի ձայների ոչ այնքան քանակը, որքան որակը, եւ եթե ծանրամարտի լեզվով ասենք, ապա հիմա նրանից ոչ թե 100 կգ բարձրացնել են սպասում, այլ անհամեմատ քիչ, պայմանով՝ որ էլի հաղթող դառնա։ Սակայն, սա դեռեւս վերջնական կամարտահայտության ձեւակերպումը չէ։

Շատ բան կախված է բուն ընտրարշավից։ Ձայների որակի անկումը, բնականաբար, գցել է նաեւ վստահության չափաբաժինը, ինչից կփորձեն օգտվել «Միասնություն» դաշինքի հակառակորդները։ Շատ հնարավոր է, որ, հաղթելով հանդերձ, Կարեն Դեմիրճյանը սպառելու վստահության բաժին այլեւս չունենա։ Հնարավոր է նաեւ այլ կորուստ՝ որակականից քանակական՝ եթե երեւան այլընտրանքներ։

Այս ամենով հանդերձ, շատ բան կախված է հենց Կարեն Դեմիրճյանից, թե ինչ կտա նրան ընտրարշավը՝ կվերականգնվի՞ նախկին վարկանիշը, թե՞ կորուստներն ավելի կմեծանան…

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930