Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզդիների 30%-ը «Օրինաց երկրի» անդամ են»,-

Ապրիլ 27,1999 00:00

«Եզդիների 30%-ը «Օրինաց երկրի» անդամ են»,- ասում է ԵԱՄ նախագահ Ջամալ Սադախյանը «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու փորձերին։ Երեկ առավոտյան ինձ հանդիպած Հայաստանի «Ազգությունների միության» նախագահ Վլադիմիր Չատոեւն ասաց, որ ազգային փոքրամասնություններին այս անգամ էլ չհաջողվեց օրենսդրորեն իրենց ներկայությունն ապահովել ապագա պառլամենտում, այսինքն իրենք հնարավորություն չունեցան ազգային փոքրամասնությունների համար ապահովել անհրաժեշտ քվոտա՝ ԱԺ-ում ներկայացված լինելու համար։ Այնուամենայնիվ, մի շարք եզդիներ փորձեցին անհատապես կամ այլ կուսակցությունների աջակցությամբ ընտրվել ԱԺ պատգամավոր։ «Առավոտը» նախկինում նշել էր այդ մարդկանց անունները։ Այժմ հավելենք, որ ԱԺ պատգամավոր են հավակնում դառնալ նաեւ Էդիկ Փոլադովը (ՀՅԴ ցուցակի 45-րդ տեղում է) եւ Բաքր Սադունյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 28-րդ ընտրատարածքում եւ հանդիսանում է Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի լիազոր ներկայացուցիչը Արագածի տարածաշրջանում, որտեղ 11 քրդաբնակ գյուղեր կան։ Չնայած ԱԺ ընտրություններում եզդի եւ քուրդ պատգամավորության թեկնածուների նման առատությանը՝ առավել մեծ ընտրության հնարավորություններ ունի Եզդիների ազգային միության նախագահ Ջամալ Սադախյանը, որը «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում 9-րդն է եւ միաժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արմավիրի մարզի թիվ 38 ընտրատարածքում։ Եթե քրդական թեւը դրսեւորում է համեմատական պասիվություն, ապա Եզդիների ազգային միությունը իր շուրջը համախմբում է մեծ թվով համախոհների, Ջամալ Սադախյանին էլ խնդրեցինք պարզաբանել, թե ինչու է որոշել ընտրվել ԱԺ պատգամավոր եւ ինչու եզդիները պետք է պաշտպանեն «Օրինաց երկիր» կուսակցությանը։ – Մենք միշտ էլ պայքարել ենք, որ եզդիներին տրվի քվոտա, որի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք մեր համայնքի շրջանակներում անցկացնել ընտրություններ։ Սակայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը այդպես էլ նպատակահարմար չգտավ անդրադառնալ մեր առաջարկին։ Ես գիտեի, որ այդ հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ունի կուսակցություն, որը կոչվում է «Օրինաց երկիր»։ Ես շատ ուրախ էի, որ կա նման կուսակցություն, որը ոչ ընդդիմադիր է, ոչ էլ իշխանական, այլ ուզում է ստեղծել օրենքի երկիր։ Ես նրանց ծրագիրը կարդացի մեր միության նախագահությունում եւ դա շատ լավ ընդունվեց։ -Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ եզդիները քվեարկելու են «Օրինաց երկրի» օգտին։ -Ոչ միայն մեր նախագահությունն է կողմ քվեարկել, այլ նաեւ մեր ժողովրդի մեջ է բացատրական աշխատանք տարվել։ Բացի ձայն տալուց՝ Հայաստանի եզդիների 30%-ը, որոնք որեւէ կուսակցության անդամ չէին ուզում դառնալ, այժմ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ են։ Կարող եք ցանկացած գյուղում եզդիներին հարցնել, թե ինչ կուսակցության անդամ եք, եւ նրանք կպատասխանեն՝ «Օրինաց երկրի»։ -Դուք նախկինում եղել եք ՆԳ համակարգի բարձրաստիճան սպա։ Դա ազդե՞լ է ձեր ընտրության վրա։ -Ճիշտ է, ես աշխատել եմ ՆԳ համակարգում եւ ծանոթանալով «Օրինաց երկրի» ծրագրերին, որոշել եմ պաշտպանել նրանց։ Ժողովուրդն է ինձ ստիպել միանալ այս կուսակցությանը, քանի որ որտեղ օրինականությունն է՝ այնտեղ մարդու իրավունքն է եւ ազատությունը։ -Դուք անընդհատ շեշտում եք, որ եզդիներին պետք է տրվեր քվոտա, որպեսզի նրանք ունենան իրենց ներկայացուցիչը ԱԺ-ում։ Ինչո՞ւ որոշեցիք այս պայմաններում առաջադրվել։ Ինչո՞ւ պետք է հայերը քվեարկեն ձեր օգտին։ -Կոչ անելով եզդիներին քվեարկել «Օրինաց երկիր» կուսակցության օգտին, մենք հույս ունենք, որ կուսակցությունն էլ կոչ կանի հայ ազգաբնակչությանը քվեարկել իմ օգտին։ Ի վերջո, ես ոչ մի տարբերություն չեմ դնում այս երկու ժողովուրդների միջեւ, քանի որ մենք մեզ համարում ենք հայերի փոքր եղբայրները։ Եզդիների ներկայացուցիչ ունենալը կբարձրացնի հայկական պետականության հեղինակությունը նաեւ արտասահմանում։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել