Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Մայիս 04,1999 00:00
hayoc patmutyun

Գլուխ հայժողպատմության դասագրքից

Տավուշի թիվ 75 ընտրատարածքը (ուր գրանցվել է 16 պատգամավորության թեկնածու) հանրապետության մյուս ընտրատարածքներից շատ չի տարբերվում։ Այն ընդգրկում է Տավուշը, Նոյեմբերյանն ու Իջեւանը։ Հետաքրքիրը թերեւս այն է, որ Նոյեմբերյանում առաջադրվել ու որպես ԱԺ թեկնածու գրանցվել է ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը։ Շաբաթ օրը «Առավոտը» եղավ Նոյեմբերյանում՝ ծանոթանալու նախընտրական անցուդարձին, մարդկանց տրամադրվածությանը (եւ առհասարակ)։

Նոյեմբերյանում գրանցված է 9 թեկնածու, որոնցից քիչ թե շատ հայտնի են (բացի Սիրադեղյանից) Լավրենտի Բարսեղյանը (Ցեղասպանության թանգարանի տնօրեն), Վասիլ Չիլինգարյանը (ԱԺ պատգամավոր, Նոյեմբերյանի անտառտնտեսության նախագահ), Ռաֆիկ Ղազինյանը (ԳԽ պատգամավոր)։ Գրանցված թեկնածուներից 2-ը ՀԺԿ-ից են։ Քանի որ Նոյեմբերյանը Երեւանից բավական հեռու է եւ երեւանցիների, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ անձամբ հանդիպելու հնարավորություն չունեն, թեկնածուները չեն կորցնում առիթը։ Նրանցից 1-2-ը գյուղացիներին համոզում են ընտրել հենց իրենց, քանի որ իրենք Դեմիրճյանի ու Սարգսյանի «մարդն են»։ Եվ նրանց հետ ուտել-խմելու «էն ամենալավ պահին» իրենց խոստացվել է աջակցություն։

Հետաքրքիր է, որ Նոյեմբերյանի ներկա պատգամավոր Վասիլ Չիլինգարյանին վերընտրել նոյեմբերյանցիները չեն պատրաստվում։ Դրա հիմնական պատճառն այն է, որ պրն Չիլինգարյանին ԱԺ-ի նիստերում ցույց են տալիս հենց այն պահին, երբ վերջինս… քնած է լինում։

(Ի դեպ, Նոյեմբերյանում 22 հազար 471 ընտրող կա)։

Վանո Սիրադեղյանի դեմ հակաքարոզչություն է տարվում։ Գյուղացիները դա կապում են պրն Չիլինգարյանի ջանասիրության հետ (վերջինիս հետ զրուցել չհաջողվեց. տանը չէր)։

Թեեւ թեկնածուներից ոմանք համակրում են Սիրադեղյանին, սակայն իրենց թեկնածությունը (կամավոր) հանել չեն կամենում։ Ըստ նրանց՝ այդ դեպքում կակտիվանան իջեւանցիները, որոնք որոշել են պաշտպանել միայն մեկ թեկնածուի։ Նա կլինի այս 3-ից մեկը՝ Բեգլարյան Իլյիչ, Եգանյան Ցոլակ, Ղալումյան Վոլոդյա։ Նոյեմբերյանցի երկրապահները դեռեւս չեն որոշել՝ ում պիտի պաշտպանեն, քանի որ «դեռ Վազգեն Սարգսյանից հրահանգ չեն ստացել»։ Հետաքրքիր է, որ եթե, ըստ երկրապահների, պաշտպանության նախարարը հրահանգի պաշտպանել անգամ ամենաանկարող թեկնածուին (որը բացառվում է- Լ. Ա.), նրան պիտի անցկացնեն։ Թեեւ երկրապահներին տվյալներ են հասել, որ պրն Սարգսյանը պաշտպանելու է Սիրադեղյանին։ (Երկրապահներն այս մտքերը ձայնագրիչը միացրած չցանկացան ասել։ Իսկ դրանք չգրել պարզապես չէի կարող- Լ. Ա.)։

ՀԺԿ-ի թեկնածուներից մեկը՝ Սամվել Խաչիկյանը (ծագումով՝ Կոթիից) ճշտել է Դեմիրճյանի ընտանիքի անդամների անունները եւ, ինչպես գյուղացիներն ասացին, հպարտանում է, որ ինքը «Ստյոպի» (Դեմիրճյանի որդու) ընկերն է։

(Իմ զրուցակիցները հիմնականում Կողբ գյուղի բնակիչներ էին, որոնք, չգիտես ինչու, կարծում են, որ ամենաազնիվ քաղաքական գործիչը Արտաշես Գեղամյանն է)։

Նոյեմբերյանի «Քամուտ» անվանումով հեռուստաընկերությունը պատգամավորության թեկնածուներին անվճար հեռուստաեթեր տրամադրել չի ցանկանում։ Քանի որ նյութական շատ դժվարություններ ունի։ Վճարով եթերի գինը տատանվում է եւ դեռ որոշակի չէ։ Հեռուստաընկերությունից տեղեկացա, որ եթերի մեկ րոպեն կվաճառվի 2000-2500 դրամով (թեեւ Ռաֆիկ Ղազինյանից նույն օրը 5000 դրամ էին պահանջել)։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւ՝ 2000 եւ ոչ թե, ասենք, տասը հազար, պատասխանեցին, թե ընտրել են «ոսկե միջինը»։ «Թեկնածուների մեջ բավական հարուստ մարդիկ կան, որոնք ավելի շատ ոչ թե ժողովրդի, այլ անձնական շահերով են առաջադրվում։ Նրանք կկարողանան վճարել»,- ասաց «Քամուտի» լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նոյեմբերյանցիների սոցիալական վիճակը անտանելի վատ է։ Աշխատանք առհասարակ չկա։ Շրջանի մի քանի մեծահարուստների տներում կամ այգիներում մանր-մունր գործեր անելով են վաստակում օրվա հացը։ Գյուղացիները խոստովանեցին, որ թեկուզ մի քանի կիլոգրամ ալյուրով պատրաստ են վաճառել իրենց ձայները։

Ինչ տխուր է Հայաստանում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Քանի որ օրակարգային է Վանո Սիրադեղյանի հարցը, նշենք, որ նոյեմբերյանցիները թեեւ առանձնապես խանդավառված չեն իրենց հայրենակցի գործունեությամբ, սակայն համոզված են, որ պատգամավոր կդառնա հենց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31