Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂԲՅՈՒՐՍ» ԴՈ՛Ւ ԵՍ

Հունիս 04,1999 00:00
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանի ու նախաքննության, հետաքննության օրինականության հսկողությունն իրականացնող վարչության պետ Ս. Մանուկյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը դատախազության նախընտրական-հետընտրական գործունեությանն էր վերաբերում։

Ս. Մանուկյանը տեղեկացրեց, որ դեռեւս մայիսի 6-ին գլխավոր դատախազի տեղակալը շրջաբերական նամակ էր իջեցրել տարածքային դատախազներին, ընտրությունների նախապատրաստական շրջանն ուղեկցող բոլոր տեսակի իրավախախտումներին «հետեւելու» մասին։

Մայիսի 31-ից սկսած, երբ լրատվամիջոցներում առաջին թարմ տեղեկատվություններն էին, դատախազությունը սկսեց հավաքել բոլոր հրապարակումները, «նույնիսկ նրանք, որոնցում կային ակնարկներ՝ խախտումների մասին»։ Այդ ամենի մասին գրեթե ամեն օր իրազեկվել է հանրապետության գլխավոր դատախազին։ Ս. Մանուկյանը հայտնեց, որ մինչեւ օրս հարուցվել է 7 քր. գործ (մեկական Գյումրիում, Արմավիրում եւ 5-ը՝ Երեւանում)։ «Կան կալանավորվածներ, քանի՞սն են եւ արդյո՞ք նրանց մեջ կան պաշտոնատար անձինք» հարցին պրն Մանուկյանը պատասխանեց, որ չկան։ Կալանավորվածներից մեկը՝ Արմավիրից է, 3 անձ էլ կալանքի տակ են Բագրատ Քեռյանի վրա ավազակային հարձակում կատարելու համար։

Լրագրողներիս հետաքրքրում էր նաեւ պատգամավորության թեկնածու Շանթ Հարությունյանի գործը։ Պրն Մանուկյանը այդ կապակցությամբ հայտնեց. «Շանթ Հարությունյանի կողմից եւ նրա նկատմամբ կատարվածի հիման վրա քր. գործ է հայտարարվել (քր. օր. 222 հոդվածի 2-րդ մասով)։ Դրդապատճառը կենցաղային է, եւ երկու քրգործերի նախաքննությունն անցկացնում է քաղաքի դատախազությունը»։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանն էլ նկատեց, որ մենք գործ ունենք քաղաքացիական իրավահարաբերության ոլորտի հետ եւ որ ընտրացուցակներում զանգվածային բնույթ ստացած խախտումների հետ կապված էլ, եթե պարզվի, որ դիտավորություն է տեղի ունեցել, գործերը կհանձնվեն դատախազությանը։ Նա նշեց Աջափնյակ, Դավիթաշենի մի օրինակը, երբ մի քանի քաղաքացիներ միաժամանակ ընդգրկվել էին մի քանի ցուցակներում։ Երեկ տեղեկացանք, որ մերժվել են երեք գործեր՝ Գերջոյան Ռաֆիկին նախընտրաբար ահաբեկելու, Կոտայքի մարզի Քասախ գյուղի հետ կապված եւ Պարույր Հայրիկյանի այն հրապարակումը, թե «իր կուսակցության անդամին առեւանգել էին եւ տարել «Միասնություն»։

Փաստորեն, դատախազության հիմնական աղբյուրը (էն էլ՝ գրավո՜ր), որքան հասկացանք, լրատվամիջոցներն են, որոնց հրապարակումների վրա գործեր են նախապատրաստվում, պատրաստվում… Այն, ինչ խոսք, մի կողմից լավ է. մեզ բանի տեղ են դնում։ Ու ոչ մի լրատվամիջոց չի տրտնջա, թե իր գրածը հաշվի չեն առնում։ Սակայն մյուս կողմից, երբ «աղբյուր» ես դառնում քո ձեռք բերած աղբյուրը հայտնելու համար (որը, ի դեպ, խմբագրության եւ հեղինակի սեփականությունն է), ակամայից հայտնվում ես անցանկալի թիրախ դառնալու հեռանկարի առաջ։ Մամլո ասուլիսի մասնակիցները չէին էլ թաքցնում, որ տուժողները հրաժարվում են փաստեր ասելուց։ Ասել է թե, վախենում են… Իսկ լրագրո՞ղը։

«Առավոտի» մասնավոր հետաքրքրասիրությունն էլ, թե պրն Մանուկյանը, պրն Դանիելյանը եւ դատախազության մամլո պատասխանատու պրն Ամբարյանը մասնակցե՞լ են ընտրություններին եւ իրենց անուն-ազգանունները եղե՞լ են ցուցակներում, պարզվեց, որ միայն պրն Ամբարյանի ազգանունն է եղել սխալ՝ «Սմբատյան»։ Եվ նա… իմացել ու չի հայտնել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930