Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՈՐՏԵՂ Է ՆԱ ՀԻՄԱ

Հունիս 22,1999 00:00

ԵՎ ՈՐՏԵՂ Է ՆԱ ՀԻՄԱ Իշխանափոխությունը միշտ էլ մոգական ծխածածկույթով է ծածկված։ Եվ դա ստեղծագործելու լուրջ թեմա է դառնում։ Շեքսպիրի շրջանից է հայտնի, որ դանիական թագավորությունում ինչ որ բան այն չէ՝ իշխանափոխություն էր տեղի ունեցել։ Կառավարությունը Հայաստանում պարբերաբար փոխվելու սովորություն ունի։ Փոխվում է հնարավոր ու անհնար բոլոր առիթներով։ Երբեմն էլ առանց առիթ։ Երեւի Հանրապետության հրապարակի հայտնի շենքի ճակատին է դա գրված։ Կամ ինչ172որ մեկը հանրապետության բախտի վրա թուղթ ու գիր է արել։ 1995 թվականից հետո ոչ մի կառավարության չի հաջողվում մի ամբողջական ֆինանսական տարի գլորել։ Տեսեք՝ 1996 թ. պետական բյուջեն կազմեց ու մասամբ (մոտ 10 ամիս) կատարեց Հրանտ Բագրատյանի կառավարությունը։ Բյուջեի կատարողականը ներկայացրեց Արմեն Սարգսյանի կառավարությունը։ Վերջինս գրեց ու փորձեց սկսել 1997 թ. բյուջեն։ Այն հետո իրականացնում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը։ Վերջինս հասցրեց գրել նույնիսկ 1998 թ. բյուջեն, բայց չհասցրեց ներկայացնել 97172ի հաշվետվությունը։ Նախորդի գործի հաշվետվությունը ներկայացրեց Արմեն Դարբինյանի կառավարությունը։ Հիմա արդեն Վազգեն Սարգսյանի հերթն է մեկ կիսամյակի չափ կատարել նախորդ կառավարության գրած բյուջեն ու ներկայացնել նախորդ տարվա կատարողականը։ Ամեն տարի ոչ խորհրդարանը, ոչ մասնագետները, ոչ մամուլը լուրջ չեն ընդունում բյուջեի կատարողականի մասին ներկայացված փաստաթուղթը։ Բոլորն էլ հասկանում են՝ գործը մեկն է արել, իսկ հաշվետվությունը ուրիշն է ներկայացնում։ Բոլորին հաջողվում է (կամ շանս է տրվում) խուսափել պատասխանատվությունից։ «Ցավոք, դեռեւս չի ձեւավորվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, այլեւ իրատեսական բյուջեի մշակման ավանդույթը»։ Սա արդեն շարքային որեւէ մասնագետի կամ լրագրողի կարծիք չէ։ Այսպես է մտածում (եւ խորհրդարանում արտահայտվում) վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Նա նույնիսկ որպես փաստարկ շարունակում է. «Ասվածի վկայությունն է ՀՀ 1999 թ. պետական բյուջեի կատարման ընթացքը»։ Պետական պաշտոնատարները «Առավոտից» հաճախ են նեղանում, որ իրենց խոսքն ու ելույթները մեր օրաթերթում աղճատվում են կամ անհարկի մեկնաբանվում։ Ուստի շարունակենք մեջբերումի հին ու բարի ավանդույթը։ «Այսօրվա դրությամբ, ինչպես նշված է ՀՀ կառավարության ներկայացված ծրագրում, ՀՀ բյուջեն շուրջ 20 մլրդ դրամի ճեղքվածք ունի։ Եթե սրան գումարենք հաջորդ տարի արտաքին պարտքի սպասարկման ծավալը՝ շուրջ 57 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2001 թ.՝ 79 մլն ԱՄՆ դոլար, պատկերը կարծում եմ որոշակիորեն պարզ կդառնա։ Կարծում եմ, հասկանալի է, թե ինչ գերճիգեր են պետք վիճակից դուրս գալու եւ տնտեսական զարգացում ապահովելու համար»։ Եվ այսպես, նոր կառավարությունը դատապարտված է գերճիգեր գործադրելու, որ փրկեն եղածն ու փակեն 20 մլրդ դրամի ճեղքվածքը։ Տիտանական այս գործը, որպես ճեղքվածք կամ փոս նրանց ժառանգվել է նախորդ կառավարության կողմից։ Մինչ այդ՝ մասնագետներն ու մամուլն էր գրում, որ կառավարությունը (նախորդ) խորացնում է այն փոսը, որում հայտնվել է մեր տնտեսությունը։ Հիմա վարչապետն է (նորանշանակ ու նորահաստատ) ասում նույն բանը։ Բայց տրամաբանությունն ամբողջական չէ։ Եթե այս ամենը պատմեինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի միլիցիոների նման, պատմությունը չէինք կարող ավարտել նրա հայտի հարցով. «իսկ գիտե՞ք, թե որտեղ է հիմա նա»։ Այսինքն հին կառավարության ղեկավարը։ Նա հիմա երաժշտական քննադատ չէ, այլ նոր կառավարության անդամ։ Բնականաբար, նոր կառավարության հետ նոր ծրագրում քննադատում է նախորդի աշխատանքը եւ փորձում ոտքի կանգնեցնել իրեն վստահված նախարարությունը։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել